Կանայք, ովքեր ներկայացնում են Հայաստանը տարբեր երկրներում

 

Մենք հաճախ ենք հպարտանում այն փաստով , որ առաջին կին դեսպանն աշխարհում  եղել է  Հայաստանի առաջին հանրապետության  դեսպանը Ճապոնիայում՝  Դիանա Աբգարը: Այսօր՝ հարյուր տարի անց,  մենք  այս հարցում հեռու ենք օրինակ ծառայելուց. Հայաստանն այլ  երկրներում  ներկայացնում են  ընդամենը հինգ  կին դեսպաններ:   

 

 

 

Իտալիայի մարաքաղաք Հռոմ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակով օրեր առաջ գործուղվեց  Ծովինար Համբարձումյանը։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է հունիսի մեկին։ Ծովինար Համբարձումյանն այդ պաշտոնում փոխարինում է Վիկտորյա Բաղդասարյանին։ Իտալիայում և Մալթայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից Վ. Բաղսարայանը հետ կանչվեց այս տարվա ապրիլին։ Նա եվրոպական այդ երկրներում Հայաստանի շահերը ներկայացնում էր 2016 թվականից ի վեր։ Արդեն գործող դեսպան Ծովինար Համբարձումյանը, ըստ ԱԳՆ կողմից հրապարակած տեղեկատվության,  ծնվել է 1971թ. հուլիսի 5-ին, Երևանում։ Մինչ նշանակումը՝ 2002- 2018թթ. Աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունունում, նախ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու, ապա վարչության պետ, 2018-2020թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։   Նա մեկ դուստր ունի։

 

 

2019 թվականի Դիվանագիտական տեղեկատուի համաձայն, Հայաստանն 96 օտարերկրյա պետություններում ունի հավատարմագրված դեսպանություններ, 22 միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչներ, հյուպատոսական հիմնարկներ ունի տարբեր երկրների տաս քաղաքաներում։

 

 

 ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի փոխանցմամբ, այս պահին Հայաստանը տարբեր երկներում ունի 42 դեսպան, 6 գլխավոր հյուպատոս։ Մի քանի տեղեր այս պահին թափուր են։ Կանայք Հայաստանը ներկայացնում են հինգ երկրներում՝ Կանադայում, Ինդոնեզիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ֆրանսիայում։

 

 

Այսպես՝ Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Էսթերա Մկրտումյանը, համատեղության կարգով դեսպան է նշանակված նաև Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Պարագվայում։ Լատինաամերիկյան երկրներ է գործուղվել  2017-ին։

 

 

Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում Հայաստանի շահերը ներկայացնում դիվանագիտական ոլորտում երկարամյա փորձ ունեցող Ձյունիկ Աղաջանյանը։ Մինչ այս նա եղել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը, այս երկրներում փոխարինել է դեսպան Աննա Աղաջանյանին։

 

 

 

Կանադայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2019-ին նշանակվեց  Անահիտ Հարությունյանը։ Մինչ այդ նա եղել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար։

 

 

 

Հայաստանի հետ խորը հարաբերություններ ունեցող Ֆրանսիայում մեր երկրի շահերը ներկայացնում է Հասմիկ Տոլմաջյանը։ Նա դեսպան է նշանակվել  2018-ին։ Մինչ այդ՝ 2014-2018թթ․ եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը։

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 1558

Գլխավոր էջ