Հաշմանդամություն ունեցող գործարար կնոջ հորդորը՝ մի մեկուսացե՛ք

Եղեգնաձոր քաղաքի 52-ամյա բնակչուհի Աշխեն Մարգարյանն ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ ու հետո զինվորների հետ է: Գրեթե ամեն օր նրա թխած թարմ գաթաները, տորթերն ու խաչապուրիները հասնում են Արցախում ու Վայոց Ձորում սահմանները հսկող մեր տղաներին:

 

Իմանալով, որ    Վայոց Ձորի մարզից տիկին Աշխենին պատրաստվում են ներկայացնել «Տարվա գործարար կին» 2016թ. մրցանակաբաշխությանն, անմիջապես զանգահարեցի…  Հեռախոսը վերցրեց ու նեղացած սկսեց. «Ինչո՞ւ մինչև հիմա չես ասել, որ եղբայրդ մեր դիրքերում է: Ես էսքան մոտ, մինչև հիմա մի բան ուղարկած չլինե՞մ էդ երեխուն: Արդեն գնդերը սառնարանից հանել եմ, վաղը թարմ խմորեղեն կուղարկեմ: Իմ պատրաստած չրերից էլ եմ ուղարկելու, վաղը առավոտ արդեն կհասնի երեխուն…»: Իմ ոչ մի արդարացում չի ուզում լսել:

 

Երիտասարդ տարիքում վրա հասած ծանր հիվանդության պատճառով Աշխեն Մարգարյանը զրկվում է աջ ոտքից: Մյուս ոտքն էլ հիվանդ է: Տեղաշարժվում է սայլակով: Դժվար մանկությունն ու վրա հասած առողջական, ապա նաև անձնական խնդիրները սկզբում ընկճում են կենսուրախ կնոջը:

 

«Արթնանում էի, նայում էի` ոտքս չկա, ուշագնաց էի լինում, չէի հարմարվում, երեք անգամ ինքնասպանության փորձ եմ արել: Հետո թոռնիկս ծնվեց, նա ինձ ուժ տվեց: Անկողնուց դուրս եկա, մտածեցի ապրել, բայց ո՞նց, գումար չկար»,-պատմում է նա:

Արագ գործի է անցնում: Ծանոթ բժշկուհուն խնդրում է ու նրա խանութից պարտքով մարգարին, շաքարավազ, ալյուր, ձու վերցնում: Կինն Աշխենին օգնում է, նրա թխած խմորեղենը խանութում  վաճառում: Մոտակա տնտեսական խանութից էլի պարտքով էլեկտրական վառարան է վերցնում, մի գրտնակ, մի միքսեր: Վարձակալած 22 քմ մակերեսով բնակարանում  ապրում էր, քնում, խմորեղեն թխում:

 

«Մինուս անվերջությունից ես սկսեցի աշխատել: Այդ պահին իմ կողքին աղջիկս էր: Հետո երկու ուսանող ունեցա: Նրանք ինձ շատ էին օգնում: Ուժ էին տալիս նաև իմ խմորեղենը գնած ու  գոհ մնացած մարդիկ: Ես սկսեցի ավելի լավ ու երկար աշխատել»,-ասում է նա:

 

Հետո հայտնվում են հարկային ծառայության աշխատակիցները, ապօրինի ձեռնարկատիրական աշխատանք ծավալելու համար Աշխեն Մարգարյանին տուգանում են 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Նա խնդրում է արձանգրություն չկազմել, պատմում է, որ աշխատած գումարով կարողանում է տարածքի վարձը վճարել, հացի փող վաստակել: Ես բացատրեցի, որ  գրտնակը, միքսերը ինձ հասցնող, վառարանից խմորեղենը հանող աշխատողին էլ եմ վճարում:

 

«Ինձ ասացին՝ չէ, անլեգալ եք աշխատում: Ես անմիջապես նամակներ գրեցի առաջին տիկնոջը, վարչապետին: Ասացի՝ խնդրում եմ, հարգեք իմ կարգավիճակը»,-հիշում է Ա. Մարգարյանը:

Վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը նամակը մակագրում է ՊԵԿ-ին: Նիստ են հրավիրում՝ 1000 դոլար տուգանքը չեղարկելու մասին որոշում կայացնելու համար: Աշխեն Մարգարյանը զանգահարում է ՊԵԿ, ցանկություն հայտնում անպայման մասնակցել նիստին, հարցնում՝ արդյո՞ք շենքը հարմարեցված է սայլակով տեղաշարժվող մարդու համար: Նրան հավատացնում են, որ հարմարեցված է: Հասնելով Երևան՝ ՊԵԿ շենք,  Աշխեն Մարգարյանը պարզում է, որ առաջին հարկից հնարավոր չէ բարձրանալ վերև. «Ես շատ բարկացա ու ասեցի, էդ դեպքում կամ իջեք ու ինձ բարձրացրեք վերև, կամ դուք իջեք ու նիստն այստեղ անցկացրեք»:  Նիստին մասնակցելու հնարավորություն այդպես էլ նա չի ունենում: 1000 դոլար տուգանքը չեղարկում են:

 

Հարկային ծառայության աշխատակիցների հետ սա նրա միակ առնչությունը չէ: Կինը մտածում է, որ մանր չինովնիկները վերևներին շատ խնդիրներ աղավաղված են ներկայացնում:  «Եթե մեր խոսքը, խնդիրը ճիշտ հասնում է կառավարություն, ապա խնդրին լուծում լինում է: Ես մի քանի անգամ համոզվել եմ»,-նշում է նա:

 

Տեղաշարժման խնդիրներ ունեցող կինն իր կողքին եղած բարեկամների շնորհիվ կարողանում է նույն շենքի երրորդ հարկում՝ 44 քմ տարածք ձեռք բերել: Վերանորոգում է, սկսում այնտեղ ապրել: Երրորդ հարկից ամեն օր պետք էր իջնել երկրորդ հարկ՝ արտադրամաս: Վերելակ չկար: Աստիճաններով բարձրանալ-իջնելն աներևակայելի դժվար էր նրա համար: Կինը խնդրում է՝ երրոդ հարկում եղած ազատ  տարածքը որոշակի գումարի դիմաց իրեն տրամադրեն: Չեն համաձայնվում: Հետո արդեն Պետգույքի վարչության հետ  ամիսներ տևած նամակագրության, խնդրի մասին լրատավմիջոցնրեի հրապարակումների արդյունքում կնոջը 2.5 մլն դրամով 40 քմ տարածքը տրամադրում են կնոջը: 2017 թվականի ապրիլին լրանում է այն ժամկետը, երբ Աշխեն Մարգարյանը պետք է վճարի տարածքի դիմաց գումարը: Չի վախենում: Անբարեկարգ տարածքն այս ընթացքում վերանորոգել է, կահավորել:

 

Վերջին երկու ամսում պատվերների քանակը նվազել է: Տիկին Աշխենին առավել շատ մտահոգում են, ոչ թե դրա հետևանքով առաջացող ֆինանսական դժվարությունները, այլ, որ մարդիկ գնում են, թողնում են իրենց տներն ու մեկնում այլ երկրներ:

 

Ինքնուս, ինքն իր սխալների վրա հրուշակեղենի արտադրության գործում վարպետացած կինն այսօր մի քանի աշխատող ունի:  Նա «Սատար» ՀԿ-ի համակարգողն է, աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը տալիս է հաշմանդամություն ունեցողներին: «Ես իրենց շատ եմ սիրում, գնահատում: Իրենք էլ՝ ինձ: Մի կտոր հացն էլ կիսում ենք իրար հետ»,-ասում է նա:

 

Տիկին Աշխենի խմորեղենի մասին շատերը գիտեն, համի համբավը տարածվել է մարզում: Նա ուրախանում է, որ առողջ մրցակցության պայմաններում կարողանում է մեծ պահանջարկ ձևավորվել: Նրան ճանաչում են մարզի ղեկավարները, եկեղեցու սպասավորները, մոտակա զորամասերի հրամանատարները:

 

«Անցած տարի հունիսի 1-ին եկեղեցում աուտիզմ ունեցող 8 երեխաների մկրտեցին: Ես կնունքի տորթը պատրաստեցի: Այնտեղ իմացա երեխաների ծննդյան օրերը: Մեկ տարվա ընթացքում այդ օրերը զանգում էի նրանց ծնողներին, ասում էի, եկեք, ձեր երեխայի ծննդյան տորթը պատրաստ է: Բարի, բարի, բարի բաներ պետք է անել»,-ասում է նա:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց նա մի բան է հորդորում. մի մեկուսացեք: Հիմա նա մտածում է մի ավտոմեքենա ձեռք բերելու մասին, որպեսզի ազատ ժամերին կարողանամ այցելել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանք խոցելի են շատ առումներով:

 

Իր տեղաշարժը հեշտացնելու համար նա մի քանի ընկերությունների ու բարեգործական հիմնադրամների նամակներ է ուղարկել՝ խնդրելով ֆինանսավորել իր շենքում վերելակի տեղադրման ծախսերը: Հույս ունի՝ չեն մերժի:

 

Նշենք, որ այս պահին ՀՀ վարչապետի  «Լավագույն կին գործարար» 2016թ.մրցանակաբաշխությանը մասնակցելու համար 30 հայտ է ներկայացվել:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3752

Գլխավոր էջ