Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Պարզվում է այդ ճանապարհը կարող է բավականին դժվար լինել նաեւ Հայաստանում: Դրա մասին են վկայում պաշտոնական տվյալներն ու հանրապետության հեռավոր գյուղերի բնակիչների վկայությունները, որոնք հավաքագրվել են «Կրթության մատչելիության գենդերային ասպեկտները» հետազոտության շրջանակում:
Կրթության մատչելիության կարևոր ցուցանիշներից է ամենամոտ դպրոցի հեռավորությունը տնային տնտեսությունից:
Ըստ ՀՀ ԱՎԾ –ի 2013-ի տվյալների, գյուղաբնակ տնային տնտեսությունների 72%-ը պատասխանել են, որ միջնակարգ դպրոցը գտնվում է մինչև 1 կմ հեռավորության վրա, 1.9%-ը պատասխանել են, որ այն գտնվում է 4 և ավելի կմ հեռու, այդ թվում մոտ 0,4 %–ի դեպքում՝ մոտակա միջնակարգ դպրոցը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա:
Դպրոցի հեռավորության հանգամանքը անշուշտ սահմանափակում է երեխաների հնարավորությունները կրթություն ստանալու առումով: Հատկապես դա վերաբերվում է գյուղական փոքր համայնքներին, որոնք հեռու են քաղաքներից և իրենց աշխարհագրական դիրքով դժվար մատչելի են: Եթե գյուղում միջնակարգ դպրոց չկա, տրանսպորտի բացակայության պայմաններում կողքի գյուղի դպրոց հաճախելը պրոբլեմ է դառնում և դպրոցից դուրս մնալու պատճառ հանդիսանում:
«…Ավագ դպրոցը Հորբատեղ գյուղից 27 կմ հեռու է, ամենօրյա տրանսպորտը բացակայում է, երեխաները տեղափոխման հարցը լուծված չի: Դրա համար երեխաները հիմնական կրթությունը ստանում են գյուղում, միջնակարգը` 7 կմ հեռու գտնվող Արտաբույնքում: Անցած չորս տարիներին մանկավարժների ու միջնակարգ դպրոց հաճախող երեխաների Արտաբույնք-Հորբատեղ-Արտաբույնք երթուղով տեղափոխման հարցը մի կերպ լուծվում էր, բայց վարորդին տրվելիք աշխատավարձի ու վառելիքի համար հատկացվող գումարի քչության պատճառով այս տարի այդ խնդիրը դեռ չի լուծվել, – պատմում է Հորբատեղի հիմնական դպրոցի տնօրենը:
Բարեկարգ Ճանապարհների և կանոնավոր տրանսպորտի բացակայության պայմաններում գյուղական երեխաների մեծ մասի համար ավագ դպրոցները , ըստ էության անհասանելի են : Բացի այդ տրանսպորտային ծախսերը անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում աղքատ ընտանիքների համար, քանի որ, ըստ էության, լրացուցիչ «ուսման վարձ» են դառնում ընտանիքի համար:
Օրինակ, Տավուշի մարզում տեղակայված 81 հանրակրթական ուսումնական հաստատություններից չորսն են ավագ դպրոցներ, որոնք գտնվում են մարզի չորս քաղաքներում՝ Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան և Իջևան: 22 հիմնական դպրոցներից 12-ը գտնվում են գյուղերում, և այդ գյուղերի երեխաները ստանում են իննամյա կրթություն: Այդ դպրոցների ուսուցիչների դիտարկմամբ ավագ դպրոցը բոլորի համար մատչելի չէ, թեպետ բոլոր ծնողներն էլ ձգտում են, որպեսզի իրենց երեխան 12 տարի սովորի: «Դա շատ ծախսատար է. երեխան օրական ինչքա՞ն տրանսպորտի գումար պիտի ծախսի, որպեսզի հասնի ավագ դպրոց, բացի այդ այստեղ նաև սննդի հարց է առաջանում»:
Շատ քիչ համայնքներում է հաջողվում լուծել դպրոցի տրանսպորտի ապահովման խնդիրը համայնքային բյուջեների հաշվին: Օրենքը չի պարտադրում համայնքների ղեկավարներին լուծել այդ հարցը, և շատ դեպքերում այն կարգավորվում է միայն համայնքապետի բարի կամքի շնորհիվ: Մարզպետարանները այս հարցում նույնպես չեն օգնում համայնքներին:
«..Դիմեցի տարբեր կառույցների, խնդրեցի, որ մի ավտոմեքենա տան, բայց խնդիրը չլուծվեց, հիմա էլ այդ հարցը մնում է չլուծված, համայնքն էլ հնարավորությունը չունի, որ մեքենա ձեռք բերի և երեխաների տեղափոխման հարցը լուծի, մենք աջակցության կարիք ունենք: Կրթության պատճառով շատ ընտանիքեր են գյուղը թողել, երեխաներին վերցրել են, տեղափոխվել այլ տեղեր», – պատմում է Արավուզի (Սյունիքի մարզ) գյուղապետը: :
Հաշվի առնելով Հայաստանի լեռնային պայմանները, գյուղերի միմյանցից կտրվածությունը, ճանապարհը դեպի դպրոց լուրջ փորձություն է դառնում թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների համար: Այդ ճանապարհը հաճախ ապահով չէ ոչ միայն բնայակլիմական պատճառներով (անանցելիությունը ձմեռվա ամիսներին), այլ նաեւ ֆիզիկական անվտանգության առումով, նույնիսկ դեպք է եղել, որ երեխաների վրա գայլեր են հարձակվել…
Գորիսի տարածաշրջանի սահմանամերձ Արավուս գյուղի դպրոցահասակ երեխաների համար դպրոց հասնելն իսկական փորձություն է: Տարիներ շարունակ աշակերտները 3 կմ ճանապարհ են անցնում հարևան Տեղ գյուղում կրթություն ստանալու համար: «Մի քանի տարի առաջ՝ առավոտյան դպրոց գնալուց, գայլերը հարձակվել են երեխաների վրա: Բախտները բերել է, որ մեր գյուղացիներից մեկը մի քիչ մոտ է եղել և հասել է: Դրանից հետո երեխաները չէին ուզում դպրոց գնալ, վախենում էին, ժամանակ պահանջվեց, որ վախն անցնի, ծնողներն ամեն օր տանում էին ձորն անցկացնում,- պատմում է գյուղապետ Արգամ Հովսեփյանը: «Ամեն առավոտ պիտի 7-ին արթնացած լինեն, մինչև տուն են հասնում սիրտներս ճաքում է, ձորի միջով են գնում, ձմռանը՝ ջուր, ցեխ, էդքան ճանապարհ կլինի, որ գնում են: Զոռով են գնում, հոգնում են»,- ասում են գյուղացիները:
Ըստ էության, գյուղական վայրերում ապրող երեխաների համար կրթություն ստանալու հնարավորությունները սահմանափակ են և նրանք անհավասար պայմաններում են գտնվում քաղաքներում բնակվող երեխաների համեմատ: Ավագ դպրոցների համակարգին անցնելուց հետո լուրջ հիմնախնդիրներ են առաջացել մատչելիության առումով հատկապես գյուղի երեխաների համար :
Որպես ժամանակավոր միջոց ՀՀ ԿԳՆ որոշեց պահպանել միջնակարգ դպրոցները գյուղական համայնքներում, սակայն Հայաստանի 866 գյուղական համայնքներից միջնակարգ դպրոց կա 701 գյուղում, համայնքների մի մասը ընդհանրապես դպրոց չունեն, 11-ը ունեն միայն տարրական դպրոցներ, 146-ը ունեն միայն հիմնական դպրոցներ: Հայաստանում գործող 117 ավագ դպրոցից, միայն 7-ն են գործում գյուղերում: Ավագ դպրոցների բացակայության պատճառով շատ գյուղերում պրակտիկա է դարձել երեխաներին քաղաքում ապրող հարազատների մոտ ուղարկելը: Բնակիչները նշում են նաեւ, որ դպրոցի վերացումը գյուղից հավասարազոր է գյուղի վերացմանը, քանի որ երիտասարդ ծնողները իրենց երեխաների ուսումը ապահովելու նպատակով ընդմիշտ լքում են գյուղը…
Կրթության հասանելիւթյան համատեքատում կարևոր են նաև դպրոցների շենքային պայմանները, որոնք բավարար համարել չի կարելի, հատկապես մարզերում և փոքր համայնքներում:
ՀՀ վիճծառայության տվյալներով հանրապետությունում գործող 1435 դպրոցների շենքերից. 541-ը՝ հիմնանորոգման կարիք ունի, 116-ը՝ ջրամատակարարում չունեն, 209-ը՝ կոյուղացված չեն, 532-ը՝ գազիֆիկացված չեն, 716-ը՝ ջեռուցվում են էլեկտրաջեռուցիչով կամ վառարանով, 9-ը՝ ընդհանրապես ջեռուցում չունեն…
Ըստ «Կրթության մատչելիության գենդերային ասպեկտները»
հետազոտության տվյալների, 2014
Հ.Գ. Հետազոտությունը անցկացվել է Հայաստանի չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց ձորում, Լոռիում եւ Սյունիքում՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ
Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում
Դիտումների քանակը` 6536