Կանանց ձայնը քաղաքականության մեջ. քննարկում Ազգային ժողովում
Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում ներկայացվեց Եվրոպայի խորհրդի «Կանանց քաղաքական ներկայացվածությունը արևելյան գործընկերության երկրներում» զեկույցը, որում ամփոփովել են Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, եվրոպական փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը բացահայտել է այն հիմնական խոչընդոտները, որոնք սահմանափակում ենք կանանց քաղաքական մասնակցությունն Արևելյան գործընկերության երկրներում: Քննարկումն անցկացվեց` «Կանանց ձայնը և կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» կլոր սեղանի ձևաչափով:
Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ զեկույցն արտացոլում է այն բոլոր խոչընդոտները՝ կարծրատիպային մտածողություն, ֆինանսավորման դժվարություններ, ընտանիքի և քաղաքական գործունեության համատեղման բարդություն և այլն, որոնց բախվում է կինը քաղաքականություն մտնելով: Իսկ զեկույցում ներկայացված թվերն ավելի քան խոսուն են.
«Մեր տարածաշրջանում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում չի գերազանցում 20%-ը, աշխարհի ազգային խորհրդարաններում կանանց մասնակցությունն միջինում ընդամենը 22.8 տոկոս է: Սակայն ինձ համար կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին սոսկ թվեր չեն կամ սոսկ ներկայացվածություն չէ. դա բովանդակություն է և առաջին հերթին քաղաքականության մեջ մտածողության կամ մթնոլորտի փոփոխության գործոն է»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կանանց ներգրավվածությունը, նպաստում է ավելի համագործակցային միջավայրի ստեղծմանը ոչ միայն խորհրդարանում, այլ նաև մյուս հարթակներում: « Կանայք քաղաքականության մեջ կհաջողեն, եթե դառնան մրցունակ, բայց և արտադիր չէ, որ կանայք խորհրդարանում ներկայացված լինեն քվոտայի արդյունքում. նրանք պետք է լինեն մրցունակ, հաղթահարեն այն կարծրատիպերը, որոնք կան մեր հասարակությունում, դադարեն թերահավատորեն մոտենալ իրենց հնարավորութուններին: Կարծում եմ, որ հաջողության հասնելու համար լավ կրթությունն ու աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը, կատարելագործման շարունակական ձգտումը կարող են դառնալ մրցակցության չափանիշ»,- հավելել է նա:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ մատնանշեց, որ թեև 1996 թ-ից ի վեր իշխանությունները հետևում են ՏԻՄ համակարգում կանանց ընդգրկվածության ցուցանիշների բարձրացմանը, բայց այժմ, ցավոք, հեռու ենք ցանկալի արդյունքից: Նա ևս վստահ է, որ միայն քվոտավորման արդյունքում ցուցանիշներ ապահովելը քիչ է, պետք է ավելի խորքային մոտենալ խնդիրներին: «Կանայք պետք է կարողանան իրենց առաջնորդությունն արտահայտել, պետք է աշխատել կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ՝ հիմնվելով գիտելիքի, փորձառության և կարիերայի համընթացության վրա»,- նշեց փոխնախարարը:
Ի՞նչ է ցույց տվել հետազոտությունը
Ինչպես արդեն նշեցինք, կանանց քաղաքական մասնակցության մասին ուսումնասիրությունը Եվրոպայի խորհուրդն իրականացրել է Արևելյան գործընկերության վեց երկրներում: ԵԽ գենդերային հարցերով փորձագետ, «Գենդերային հավասարության հարցերի առաջխաղացման» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Դայեն Բունյանը նշեց, որ իրենց նպատակը ոչ միայն քանակական, այլ նաև կանանց ներկայացվածության որակական գնահատումն էր: Հեղինակներն անդրադարձել են հիմնական հարցերի՝ կանանց տեղը հասարակության մեջ, նրանց ներուժի օգտագործումը և կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում, թե ինչպե՞ս են կուսակցությունները, ինչ-որ պահի խոչընդոտ հանդիսանում ու չեն օժանդակում կանանց, որպեսզի նրանք ընտրվեն կամ որքանո՞վ է օրենսդրական կարգավորումների շրջանակը ազդում կանանց մասնակցության վրա:
Ըստ ուսումնասիրության տվյալների Բելառուսում կանանց ներկայացվածությունը խորհրդարանում կազմում է 20%, Մոլդովայում՝ 20%, Ադրբեջանում՝ 18%, Հայաստանում արդեն 18%, Վրաստանում՝ 11%: Նշվեց, որ բացահայտվել է կանանց կողմից խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հետաքրքրության պակասը, նաև այն, որ հենց կուսակցությունները չեն խրախուսում կանանց, որպեսզի նրանք մասնակցեն այդ գործընթացներին: Մինչդեռ բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը, ունեն գենդերային հավասարության գործողությունների պլան ազգային մակարդակում և շատերի մոտ գործողությունների պլանում նպատակ էր սահմանված հասնելու 30% կանանց մասնակցության քաղաքական գործընթացներում:
Զեկույցը ներկայացնող բանախոսը նշեց, որ կանայք ավելի քիչ են մասնակցում նաև աշխատաշուկայում. Հայաստանում կանանց 54.2%-ը և տղամարդկանց 74.4 %-ն է տնտեսապես ակտիվ: Կանայք գտնվում են տնտեսական ավելի վատ վիճակում, սովորաբար ավելի քիչ են վարձատրվում: Հայաստանում կան հատուկ զբաղվածության խնդիրներ գյուղական շրջաններում և ՀՀ գենդերային գործողությունների պլանը նպատակ ունի խթանելու կանանց սոցիալ-տնտեսական մասնակցությունը նաև գյուղական բնակավայրերում: Նշվեց նաև, որ ՀՀ-ում բարձրագույն կրթություն ունեցողների 58 տոկոսը կանայք են, իսկ վարչական շրջանակներում բարձր պաշտոնների 89 տոկոսը զբաղեցնում են տղամարդիկ, միայն 11%-ը կանայք: Նույն պատկերը նաև բիզնես ասպարեզում է: Բանախոսը նաև կանգ առավ հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերի վրա, որոնք բացասաբար են անդրադառնում տնտեսության և աշխատանքի շուկայում կանանց ներկայացվածության վրա` նվազեցնելով նրանց առաջադրման և ընտրություններում հաղթանակ տանելու հավանականությունը: Նշենք, որ կանանց տնտեսական և քաղաքական մասնակցության անմիջական կապի մասին թեզը մեկ անգամ չէ որ ընդծվեց քննարկաման ընթացքում, տարբեր բանախոսների կողմից:
Չանտեսվեց նաև ընտանեկան բռնության խնդիրը
«Ընտանեկան բռնությունը հասարակության մեջ կանանց հետ կապված լուրջ խնդիր է՝ չորս կանանցից մեկը ենթարկվում է ընտանեկան բռնության: Բոլոր երկրները, բացի Բելառուսից, ստորագրել են Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է կանանց դեմ բռնությանը, բայց շատերը չեն վավերացրել և , հուսով եմ, Հայաստանն ու Արևելյա գործընկերության մյուս երկրները շուտով կվավերացնեն: Մենք գիտենք, որ Հայաստանում այժմ քննարկվում է ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը, ակնկալվում է, որ այն կընդունվի: Թեև ընտանեկան բռնության դեմ որոշակի առաջընթաց արձանագրվել է, բայց կարծրատիպերն ու հասարակության վերաբերմունքը դեռ շարունակում են լուրջ խնդիր հանդիսանալ: Հասարակության մեջ կանանց վերաբերյալ մոտեցումները պետք է փոխվեն, կանանք նույնպես պետք է ընկալվեն որպես որոշում կայացնողներ», – ասաց Դայեն Բունյանը:
Միևնույն ժամանակ, բանախոսի խոսքով, Հայաստանում դրական առաջընթաց կա և շատ մարդիկ կարևորում են կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Օրինակ, քվոտավորման սկզբունքը ամրագրվել է այնպես, որ կնոջը պետք է փոխարինի կին թեկնածու: Բայց կանայք կուսակցությունների ղեկավար կազմում կարևոր դեր չեն զբաղեցնում և կուսակցությունների իմիջը հիմնականում արական սեռի է:
Զեկույցի հեղինակները հորդորում են ԱԳ պետությունների իշխանություններին օժանդակել կանանց մասնակցությունը, այդ թվում նաև կազմակերպվելիք առաջնորդության դպրոցների և դասընթացների միջոցով, վերացնել կարծրատիպային մոտեցումները, թիրախավորել ֆինանսական օժանդակությունը կին թեկնածուներին, ավելի լակն տեսանելիություն տրամադրեն կանանց, օգնեն նրանց, որպեսզի հաղթահարվեն կարծրատիպերը կանանց դերի մասին և այլն:
Հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու օրակարգ
«Գենդերային քվոտաները. կանանց քաղաքական մասնակցության խթանման գործիք» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շաքե Իսայանը և «ՊրոՄեդիա-գենդեր ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը: Զեկուցողները, անդրադառնալով մեր երկրում խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության ցածր ցուցանիշին՝ նշել են, որ այդ հարցում հիմնականում խոչընդոտող գործոններ են օրենսդրությունը, ավանդույթները, ժողովրդավարության մակարդակը, ռեսուրսներն, ընտանեկան պարտականությունների և աշխատանքի համադրության հնարավորությունների պակասը: Շաքե Իսայանի խոսքով՝ գենդերային հավասարությունը պետք է առաջին հերթին արտացոլվի ՏԻՄ-երում, քանի որ ժողովրդին ամենամոտ կանգնած համակարգն է այն: Ըստ տիկին Իսայանի՝ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ծրագրեր, ստեղծել գենդերային հավասարության խորհուրդներ, համայնքներում ներդնել գենդերային հարցերով պատասխանատուի ինստիտուտ, նշանակել գենդերի հարցերով պատասխանատուներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:
«Տեղական մակարդակում քաղաքականության մեջ կանանց ներգրավման և հզորացման մեխանիզմները» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Գայանե Մերոյանը և Շիրակի մարզի Արփի համայնքի ավագանու անդամ Նաիրա Աբրահամյանը: Նշվել է, որ թեպետ 2017թ. ԱԺ ընտրություններում կանանց մասնակցությունը մեծացել է, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում այդ ցուցանիշը դեռևս մտահոգիչ է: Կանանց դերը քաղաքականության մեջ բարձրացնելու, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել սոցիալական և տնտեսական ոլորտներին առնչվող որոշումների կայացման հարցում, ինչպես նաև բիզնես միջավայրում կանանց ներգրավվածությանն ու աշխատանքի շուկայում նրանց դերի բարձրացմանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լուիզա Սարգսյանը մտահոգություն են հայտնել համայնքներում կանանց զբաղվածության ցածր մակարդակի կապակցությամբ: Ըստ նրանց՝ համայնքների խոշորացման պատճառով կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-երում 2-3 անգամ նվազել է, և նրանք դուրս են մնացել ընտրական գործընթացներից: Քննարկման մասնակիցներն առաջարկել են վերանայել խնդիրը և իրավական լուծում տալ ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությանը:
Ամփոփելով միջոցառումը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ձևավորվել է օրակարգ՝ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու, ինչպես նաև տարբեր ուղղությամբ կատարվելիք աշխատանքների տեսանկյունից: Տիկին Նաղդալյանը նշել է, որ կանանց մասնակցության առումով համապետական ցուցակներով էական արդյունքներ են գրանցվել, ինչը չի կարելի ասել մարզային ցուցակների դեպքում: Նա կարևորել է կանանց քաղաքական ներգրավվածությունը հատկապես ՏԻՄ համակարգում՝ փաստելով, որ այստեղ կա կանանց մասնակցության ցածր ցուցանիշ, ինչը խոշորացման հետևանքով ավելի է պակասել:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում, ՀՀ Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» և «ՊրոՄեդիա-գենդեր» կազմակերպության հետ համատեղ:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3724