Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում
Հայաստանի 866 գյուղական համայնքերից միայն 17-ն են ղեկավարվում կանանց կողմից, իսկ քաղաքային 49 համայնքներում կին ղեկավարներ չկան: Կին գյուղապետերի ամենամեծ ներկայացվածությունը Լոռիում է՝ 5 գյուղապետ, որին հաջորդում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը: Իսկ ահա Վայոց Ձորի, Արագածոտնի ու Տավուշի մարզերում համայնքների ղեկավարների պաշտոններում կանայք չկան: Այսպիսին է այսօր ՏԻՄ-երի ղեկավար կազմի գենդերային համամասնությունը Հայաստանում… Հարց է առաջանում՝ ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը իրենց իսկ համայնքների կյանքին վերաբերվող որոշումների ընդունմանը:
Տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության խնդիրների, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններում հաճախ արձանագրվող կանանց ինքնաբացարկների պատճառների բացահայտմանն էր ուղված «ՏԻՄ ընտրություններում կանանց քաղաքական մասնակցությունը. խնդիրներ և հեռանկարներ» հետազոտությունը, որը իրականացվել է վերջերս ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի աջակցությամբ: Հետազոտությունը նախաձեռնել էին ԵՊՀ Քաղաքական ինստիտուտներ և գործընթացների ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը և Վ. Բրյուսովի անվ.պետական լեզվաբանական համալսարանի դսասախոս Լուսինե Պողոսյանը:
Հետազոտության ընթացքում կատարվել էր դաշտային ուսումնասիրություն, ինչպես նաև անցկացվել են խորքային հարցազրությույցներ բոլոր գործող գյուղապետերի և ինքնաբացարկ հայտնած կանանցից մի քանիսի հետ:
– ՏԻՄ համակարգում կանանց պասսիվ մասնակցությունը սեփական ուժերի նկատմամբ անվստահության հետեւանք է: Իսկ դրա ամենախորքային պատճառներն, իմ համոզմամբ, սխալ սոցիալականացման մեջ պետք է փնտրել. երբ մենք դեռ մանկապարտեզից երեխաներին տարբեր կերպ ենք դաստիարակում՝ ասելով տղային, թե դու ամեն ինչ կարող ես ու չի կարելի լաց լինել, աղջկան՝ թե համեստ պետք է լինես, ամոթ է տղաների նման չարություն անես ,- համոզված է Հասմիկ Շափաղաթյանը:
Հետազոտողները նշում էին , որ այսօր հատկապես գյուղական համայնքերում կին լիդերների լուրջ խնդիր կա.
– Այո, այսօր ունենք կին գյուղապետեր, ովքեր չնայած պաշտոն են զբաղեցնում, որոշումներ են ընդունում, սակայն նրանք էլ ինքնավստահության պակաս ունեն, չեն հավատում իրենց ուժերին, – նշում է Լուսինե Պողոսյանը – Ճիշտ է ոմանք հաղթահարել են իրենց մեջ այդ խնդիրը, մեծապես փորձը, տարբեր դասընթացների ու սեմինարների մասնակցությունը ավելի ինքնավստահ են դարձրել նրանց, բայց միեւնույնն է մենք կին լիդերների լուրջ խնդիր ունենք:
Հասմիկ Շափաղաթյանն էլ, իր հերթին, նշում է, որ ընտրված կանանց մի մասը ոչ թե անձամբ է նախաձեռնող եղել, այլ նրանց կամ համայնքը, կամ էլ կուսակցությունն է «դրդել» առաջադրվել.
– Մեր հետազոտության ընթացքում առաջադրման մի քանի սցենարներ բացահայտեցինք: Երբ, օրինակ, կնոջը, ով շատ հարգված ընտանիքի ներկայացուցիչ էր, գյուղացիներն են խնդրել ասելով՝ դու պետք է մեր գյուղապետը դառնաս: Կամ ունեինք օրինակ, երբ ամուսնու մահից հետո, ով համայնքի ղեկավարն է եղել, հենց համայնք է խնդրել, որ կինը շարունակի ամուսնու գործը, որովհետև նա առավել լավատեղյակ է համայնքի գործերից: Կամ էլ կուսակցությունն է, որի անդամ է կինը, համոզել Է նրան, որ առաջադրվի…Ամեն դեպքում, նախաձեռնող կանանց լուրջ խնդիր կա, հատկապես գյուղական համայնքներում», – նշում է Հասմիկ Շափաղաթյանը:
Կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող պատճառներն, ըստ հետազոտողների, երկուսն էին՝ կարծրատիպեր և սոցիալ-տնտեսական ( ֆինանսական ) գործոնը:
– Ի զարմանս ինձ, մեր զրուցակիցները հատկապես շեշտադրում էին սոցիալ-տնտեսական գործոնը, կարծրատիպերը համարելով՝ հաղթահարելի: Օրինակ, կին գյուղապետերից մեկը նշում էր, որ 15 տարի առաջ չէր էլ կարող մտածել առաջադրվելու մասին, ընտանիքը դեմ կլիներ, իսկ հիմա շատ բան է փոխվել»,- նշում է Հասմիկ Շափաղաթյանը, միաժամանկ շեշտելով, որր ընտանիքի աջակցությունը մեծ դեր է խաղում կանանց համար՝ քաղաքական դաշտ մտնելու մասին որոշումը կայացնելու հարցում:
– Ունեինք օրինակ, երբ որդին չհամակերպվելով, որ իր մայրը կարող է գյուղապետ լինել, ուղակի լքել է ընտանիքն ու համայնքը, պատճառաբանելով, որ ինչպես կարող է մայրը ժողովների մասնակցել, որտեղ բոլորը տղամարդիկ են նստած լինելու…: Այս մոտեցումն էլ ցավոք դեռ կա մեր համայնքներում:
2014թ. մարտին 40 համայնքների ղեկավարների ընտրություններին գրանցվել էր 28 ինքնաբացարկ, որոնցից 4-ը կանայք էին: Գուցե դա ընդհանուր թվով ինքնաբացարկների 13.8 տոկոսն է միայն, սակայն առաջադրված կանանց զգալի մասն է կազմում :
Խոսելով ինքնաբացարկ հայտնած կանանց մասին՝ տիկին Շափաղաթյանը մեկ դիտարկում ուներ.
– Ինքնաբացարկի դիմելու կանանց հիմնական շարժառիթները թաքնված են առաջադրվելու դրդապատճառների մեջ: Ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այդ կանայք ի սկզբանե կատարել են զուտ մարիոնետի դեր: Իրենց հետ հարցազրույցներից որևէ կերպ հասկանալի չէր՝ ունեն նրանք իրենց համայնքի զարգացման որեւէ տեսլական ծրագիր կամ նույնիսկ պատկերացում թե ոչ: Խուսափողական պատասխաններ էին տալիս: Այն հարցին, թե ինչու որոշեցիք դուրս գալ ընտրական պայքարից, դժվարանում էին պատասխանել: Շատ հանարավոր է, որ նրանք պարզապես առաջադրվել էին որեւէ մեկի խնդրանքով՝ այլընտրանք ապահովելու համար: Հայտնի է, որ առաջադրման փուլում այլընտրանքային թեկնածուի առկայությունը օրենքի պահանջ է, եւ գաղտնիք չէ, որ տղամարդկանց շրջանում էլ հետագա ինքնաբացարկների մեծամասնությունը դրանով է պայմանավորված:
ՏԻՄ մարմիններում կանանց ընդգրկվածությունը խթանելու ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում հետազոտողները: Ըստ Հասմիկ Շափաղաթյանի, այդպիսի միջոց է հանդիսանում քվոտաների ներմուծումը նաև ՏԻՄ համակարգում: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով գենդերային քվոտան գործում է միայն համամասնական ընտրություններում:
– Քվոտան իրավիճակի փոփոխման առաջին տարբերակներից մեկն եմ համարում,- նշում է Հասմիկ Շափաղաթյանը, – Մինչև որ կանանց ներգրավածությունը ՏԻՄ-երում որոշակի սանդղակի չհասնի, վաղ է խոսել հոգեբանական խոչընդոտների կամ այլ խնդիրների հաղթահարման մասին:
Լուսինե Պողոսյանի խոսքով, ՏԻՄ համակարգում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու խնդիրը այժմ քննարվում է պետական մակարդակում, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, սակայն արդյունքներ դեռեւս չկան: «Բավականին բարդ գործընթաց է, գործուն մեխանիզմներ պետք է մշակվեն, իրոք, շատ հարցեր պետք է լուծվեն: Մեկ այլ խնդիր է, որ քվոտաների նկատմամբ կա նաև բացասական վերաբերմունք», – նշում է նա:
Եզրափակելով մեր զրույցը Հասմիկ Շափաղաթյանը և Լուսինե Պողոսյանը նշեցին, որ ունեն մի շարք մտահաղացումներ, որոնք փորձելու են կյանքի կոչել:
Լիլիթ Քոչինյան
Հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք տեղական ընտրություններում
Դիտումների քանակը` 4152