Կանայք ոստիկանությունում. աննախադեպ նշանակումներ 

Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել, – Facebook-ի իր էջում գրել  է   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որակելով այդ նշանակումները Հայաստանի պատմության համար աննախադեպ:

 

 

«Մասնավորապես,  հայտնեց վարչապետը, ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

 

 

«Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին: Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգևորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»,- գրել է վարչապետը:  

 

 

Հայտնի են ,  ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանի կենսագրության որոշ մանրամասներ: Մ. Եղշատյանը 2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, 2010թ-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը: 2010թ-ին նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնում որպես հետաքննիչ, 2010թ-ին՝ ավագ հետաքննիչ, 2014թ-ին ճանաչվել է ՀՀ ոստիկանության լավագույն հետաքննիչ, 2018թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ՝ հետաքննության պետ: 2019թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ: 2020թ-ի հունվարի 21-ին կրկին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի հետաքննության պետ: Ոստիկանությունում գերազանց ծառայության կրծքանշանի է արժանացել, մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պատվոգրին: Ծառայության ողջ ընթացքում Մ. Եղշատյանը բարձր է պահել ոստիկանի պատիվը, եղել է պարկեշտ ոստիկան, վայելել անձնակազմի սերն ու հարգանքը:  Ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանի կենսագրականի մանրամասները դեռևս հրապարակված  չեն:  

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի 2018 թ. տվյալներով, այսօր  ոստիկանության  համակարգում կրտսեր պաշտոններում  աշխատող ոստիկանների 8 %-ը կանայք են:

 

 

Հայտնի  է նաև, որ Հայաստանի ոստիկանության բարձրագույն պաշտոններում կանայք չկան:  2015 թ. տվյալներով,  ՀՀ Ոստիկանության  ավագ պաշտոններում ( բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ և տեղակալ, ավագ քննիչ, ավագ տեսուչ,  տեսուչ, քննիչ, օպերլիազոր ) կանայք  9% են կամում : Գլխավոր պաշտոններում (վարչության պետ, Երեւան քաղաքի եւ մարզային վարչության պետ,  վարչության պետի տեղակալ, բաժնի պետ) կանանց թիվը –  4% է:    Հենց այս հանգամանքով պայմանավորված երկու կանանց նշանակումը մարզային պետերի պաշտոններում որակվել է անննախադեպ: Այս նշանակումից հետո  ՀՀ  ոստիկանության  մարզային վարչությունների և բաժինների 59 պետերից,  միայն երկուսն են կին:

 

Նշենք նաև, որ  2015 թ.-ի տվյալներով,  ոստիկանական ուսումնական հաստատություններ ընդունված աղջիկների թիվը աննախադեպ աճ էր արձանագրվել ՝ կազմելով՝ ոստիկանության ակադեմիայում` 58,3%, ոստիկանության քոլեջում 34,3 % և ոստիկանության վերապատրաստման կենտրոնում` 19,2 %: Այս հանգամանքը թույլ է տալիս հույս ունենալ, որ կանանց կադրերի պակաս ոստիկանական համակարգում  չի լինի , հետևաբար կարելի է ակնկալլել առաջիկայում  նոր նշանակումներ… Հատկապես, որ անցյյալ տարվա փետրվարին  ՀՀ Կառավարության կողմից  ընդունված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եվ անվտանգություն»  1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրով նախատեսվում է ՀՀ ոստիկանության  ստորաբաժանումներում, այդ թվում` ղեկավար պաշտոններում կանանց թվի ավելացում , ինչպես նաև  ոստիկանության կրթահամալիրում կին ուսանողների թվի ավելացում:

 

Դիտումների քանակը` 1580

Գլխավոր էջ