Գռեհիկ «հումոր» թե՞  կանանց նկատմամբ բռնության ուղղակի քարոզ

 

«Պահանջում ենք անհապաղ հեռացնել տեսահոլովակը »

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել  հայտարարությամբ, որում իր վրդովմունքն է հայտնել  համացանցում հայտնված իբր հումորային տեսահոլովակի  վերաբերյալ, որն, ըստ էության, կանանց նկատմամբ բռնության ուղղակի քարոզ է հանդիսանում: 

 

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.   

 

 

«Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ  զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։

 

 

Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝  Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով նկատվում է կենցաղային և ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Բացառություն չէ նաև Հայաստանը, և  կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը, ինչը պայմանավորված է մեկուսացման, աշխատանքի չգնալու, սոցիալական կապերի, հեռախոսից օգտվելու հնարավորությունների սահմանափակման հետ։

 

Առավել խնդրահարույց է, երբ նման տեսանյութերը նկարահանվում և հրապարակվում են հումորային դերասանների կողմից՝  բռնության և խտրականության  տարրերով համեմված հումորը դարձնելով հանրային խրախճանքի առարկա։ Ցավոք, հաճախ հումորը հանդիսանում է խտրականության, կարծրատիպերի, ինչպես նաև՝ բռնության ամրապնդման միջոց։ Նման տեսանյութերը նպաստում են ընտանեկան բռնության նորմալիզացիային և հումորային երանգ հաղորդելով մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի, հանցագործություն հանդիսացող երևույթներին՝ դրանք դարձնում ընդունելի, և, նույնիսկ, զվարճալի»։

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր վրդովմունքն է հայտնում սույն տեսանյութի, ինչպես նաև համանման տեսանյութերի հրապարակման  վերաբերյալ, և պահանջում՝ անհապաղ հեռացնել այն համացանցից։

 

 

Հ.Գ. WomenNet.am -ը ՝  կիսելով վրդովմունքն այս գռեհիկ  տեսահոլովակի վերաբերյալ,  որը շատ է հեռու է «հումոր» կոչվելուց,  չի կարող մտահոգություն չհայտնել նաև դրա շուրջ  որոշ կին օգտատերերի  մեկնաբանությունների առիթով,  ասել է թե ՝ «կապտուկների դեպքում ոչ թե կանաչ, այլ դեղին կորեկտոր է պետք օգտագործել»…  Սթափվե՛ք , սիրելիներս… Խոսքը կանանց արժանապատվության մասին է…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ընտանեկան բռնությունը մեկուսացման պայմաններում. իրավիճակը Հայաստանում և այլ երկրներում

 

Ինչպե՞ս ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով

 

Սեքսիզմը կորոնավիրուսից չի վախենում

 

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

 

Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

 

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

 

Դիտումների քանակը` 2194

Գլխավոր էջ