Վարդիթեր Բեգլարյան․ «Ֆիզիկան այն միջավայրն է, որտեղ իմ երազանքներն են իրականություն դառնում»
22-ամյա Վարդիթեր Բեգլարյանը էներգիայով և բազմաթիվ գաղափարներով լի երիտասարդ գիտնական է, որն իր կյանքն առանց միջուկային ֆիզիկայի պարզապես չի պատկերացնում։ Ասում է՝ որքան էլ ճանապարհներն իրեն հեռացնում են հոգեհարազատ ոլորտից, միևնույն է, ի վերջո, նորից ու նորից հետ է գալիս։ Վարդիթերը մեկն է այն 13 երիտասարդ աղջիկներից, որոնք այս տարվա մարտի 8-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցած «Նորարարությունը և տեխնոլոգիաները հանուն գենդերային հավասարության» խորագրով միջոցառման ժամանակ պատմեցին «դեպի աստղեր իրենց թռիչքի» ու երազանքների մասին և արժանացան «Նէ-ի դեսպան» կոչմանը։ Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Արագածոտնի մարզպետարանը և FemInno-ն։
Վարդիթերի համար ֆիզիկան հնարավորություն է՝ անսահման երևակայելու, մտովի ճանապարհորդելու, նոր գաղափարներ առաջ քաշելու ու դրանք գործընկերների հետ քննարկելու ․․․ Ֆիզիկան այն միջավայրն է, որտեղ նա իրեն առավել հարմարավետ է զգում, որտեղ իր երազանքներն են իրականություն դառնում․․․ Եվ վերջապես, սիրելի աշխատանքով զբաղվելը, ինչպես ինքն է ասում WomenNet.am-ի հետ զրույցում ՝ իրեն ավելի ներդաշնակ և երջանիկ է դարձնում։
Վարդիթերն ավարտել է ԵՊՀ «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայի վերջին կուրսում։ Ֆիզիկայի նկատմամբ սերը մանկուց է ձևավորվել՝ տանը գիտության մասին լսած խոսակցությունների շնորհիվ։ Ծնողներն աշխատում են Մեծամորի ատոմային էլեկտրակայանում, պապիկն է եղել ֆիզիկոս ու ևս աշխատել է ատոմակայանում, և, Վարդիթերի խոսքով, այդ ամենը հավանաբար նպաստել է մասնագիտության իր ընտրությանը։
«13-14 տարեկանում սկսել էի լուրջ մտածել տարբեր խնդիրների մասին, օրինակ՝ ինչո՞ւ է ջրի խտությունը սառչելիս նվազում, և ի՞նչ խելամիտ է ստեղծված բնությունը, որ նման երևույթներ գոյություն ունեն․․․ Մի խոսքով, ուզում էի բացահայտել բնության օրենքները»,- պատմում է Վարդիթերը։
Մասնագիտության մեջ իր առաջին իդեալը եղել է պապը, որը մշտապես Վարդիթերին տպավորել է իր գիտելիքներով և ընթերցանության հանդեպ մեծ սիրով։ «Պապիկս ունեցել է նաև հեղինակային գրքեր, որոնք սիրում էի թերթել, այնտեղ բարդ մեխանիզմներ էին նկարագրված, ռադիոտեխնիկայի վերաբերյալ բարդ բանաձևեր, դե, ես էլ սկզբում չէի հասկանում, բայց սիրում էի նայել, շատ էր հետաքրքրում»,- մեզ հետ զրույցում ասում է նա։
Վարդիթերը մի առանձնակի հետաքրքրությամբ է խոսում նաև ֆիզիկայի և քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարի Կյուրիի մասին․ «Սկզբում նա ինձ համար եղել է պարզապես հայտնի կին գիտնական, բայց երբ ծանոթացա նրա և ամուսնու կյանքին, համոզվեցի, թե ինչ համեստ ու գործին նվիրված մարդիկ են եղել, նրանք անգամ իրենց գյուտերը չէին արտոնագրում՝ համարելով դրանք ոչ թե իրենցը, այլ ողջ մարդկությանը․․․ Ինձ գրավեց իրենց այդ անսահման նվիրվածությունը գիտությանը, ու կամաց-կամաց Մարի Կյուրին ինձ համար դարձավ ոչ միայն գիտնականի, այլև կնոջ օրինակ, որը կոտրեց բոլոր կարծրատիպերը և հեղաշրջեց աշխարհն իր հայտնագործություններով»,- ասում է նա։
Մարի Կյուրիի կերպարը Վարդիթերի համար ավելի խորհրդանշական դարձավ, երբ արժանացավ Կյուրիի անվան մրցանակին, որի մասին շատ էր երազում։ Այդ մրցանակն իրեն նոր հնարավորություններ ընձեռեց, դրանցից մեկը արտերկրում՝ միջազգային որևէ գիտական կազմակերպությունում, պրակտիկա անցնելն է։
«Հավանաբար ես ԱԷՄԳ-ում (IAEA) կանցնեմ պրակտիկան, դա Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն է, գտնվում է Ավստրիայում։ Շատ ուրախ կլինեմ, որ հենց այնտեղ ստացվի գործուղումը, չնայած մի քանի տեղ էլ եմ դիմել՝ Ճապոնիա, Հարավային Կորեա․․․ Ստացած փորձն ու գիտելիքներն անշուշտ կկիրառեմ մասնագիտության մեջ, հատկապես որ ունեմ մի քանի գաղափար, որոնք ուզում եմ իրականացնել Հայաստանում և Արցախում՝ նպաստելով մեր երկրի STEM ոլորտի հզորացմանը․․․ Բոլորը պետք է տեսնեն մեր կարողությունները»,- ասում է մեր զրուցակիցը։
Վարդիթերը շուրջ 3 տարի է՝ աշխատում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Ֆիզիկայի ինստիտուտ), ավագ լաբորանտ է, չնայած իր երիտասարդ տարիքին, աշխատանքին զուգահեռ նաև դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։
«Լսել էի, որ միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունից (CERN) մի խումբ էր եկել Ֆիզիկայի ինստիտուտ տեղի աշխատակիցների հետ ուսումնասիրություններ անելու, հիմնական խնդիրը տիեզերքի ծագման բացահայտումն էր։ Ինձ դա միանգամից հետաքրքրեց, ու որոշեցի միանալ այդ խմբին, այդպես էլ մնացի այդ ինստիտուտում աշխատելու»,- լաբորատորիայում աշխատանքի անցնելու մասին է պատմում Վարդիթերը։
Այդ ժամանակ նաև «էրազմուս+» ծրագրով Գերմանիայում ուսումը շարունակելու հնարավորություն էր ստացել, բայց սիրելի աշխատանքից հեռու գտնվելը ստիպեց հրաժարվել մեկնելու մտքից։
«Փոշմանել էի, որ չմեկնեցի, որովհետև գիտնականի համար շատ կարևոր են դուրս գնալը, նոր մարդկանց և նոր մոտեցումների ծանոթանալը։ Այս տարի նույնպես ունեմ հնարավորություն, գնալու եմ ԱՄՆ․․․ Այս անգամ բաց չեմ թողնելու հնարավորությունը, անպայման գնալու եմ»,- WomenNet.am-ին ասում է Վարդիթերը։
Խոսելով գիտության ոլորտում կանանց վերաբերյալ եղած կարծրատիպերի մասին՝ Վարդիթերն ասում է, որ այդ կարծրատիպերի տարածողը երբեմն լինում են նաև գիտությամբ զբաղվողները։ Հիշում է՝ շատ էր զարմացել ու վիրավորվել, երբ ֆիզիկոսներից մեկն իրեն ասել էր՝ ֆիզիկան տղաների համար է, իսկ դու կարող ես մի որոշ ժամանակ բզբզալ, մինչև քեզ ավելի հարմար այլ զբաղմունք գտնես։
«Տղամարդկանց բոլոր ոլորտներում են ավելի շատ կարևորում՝ մտածելով, որ իրենք ավելի խելացի են և ավելի լավ կարող են աշխատել, բայց փորձը ցույց է տալիս՝ կանայք ևս կարողանում են իրենց ընտրած մասնագիտության մեջ հաջողությունների հասնել, և շատ դեպքերում առավել լավ նկատել մանրուքները, քան տղամարդիկ»,- կարծում է Վարդիթերը և հավելում՝ կանայք իրենց գույնով և ոճով են աշխատում, ռոմանտիկա հաղորդում իրենց ոլորտին, թեև համոզված է, որ և՛ կանանց, և՛ տղամարդկանց ներգրավվածությունը գիտության մեջ նույնչափ կարևոր է, և սխալ է սեռերի միջև տարբերակում դնելը։
Վարդիթերը նկատել է ևս մեկ կարծրատիպ իր մասնագիտության հետ կապված, ասում է՝ ֆիզիկոսների մասին խոսելիս մարդիկ միշտ պատկերացնում են լաբորատորիայում փորձեր անող և պայթեցնող մեկին․ «Շատերը երբ իմանում են, որ միջուկային ֆիզիկայով եմ զբաղվում, հարցնում են՝ ինչո՞ւ եք պարապ նստած, զենք չեք ստեղծում․․․ Կուզեի՝ մարդիկ միջուկային ֆիզիկայի կիրառումը միայն բացասական իմաստով չընկալեն, չէ՞ որ միջուկային ֆիզիկայի միջոցով կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ՝ բույսերի աճը խթանելուց մինչև բժշկություն և անվտանգություն»,- նկատում է նա։
Ասում է, որ շատ է ուզում ինչ-որ հայտնագործություն անել, բայց նաև գիտակցում է՝ դրա համար անհրաժեշտ է անսահման շատ ու քրտնաջան աշխատել․․․
***
WomenNet.am-ը շնորհավորում է Վարդիթեր Բեգլարյանին Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նէ-ի դեսպան» կոչմանն արժանանալու առթիվ և նորանոր հաջողություններ և բարձունքներ է մաղթում իր սիրած մասնագիտության բնագավառում։
Մերի Մաթևոսյան
Լուսանկարները՝ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
Դիտումների քանակը` 1285