«Վարդենիսի նկատմամբ ավելի հոգատար  վերաբերմունք, և ավելի շատ հայրենասիրություն պետք է դրսևորել». ավագանու կանանց ձայնը

 

2021թ, դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու մանդատները բաշխվեցին  երեք քաղաքական ուժերի միջև: Ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիսը» միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Վարդենիսում հետընտրական կրքերը բավականին թեժ են, մինչ օրս  պահպանվում է համայնքապետի ընտրության հետ կապված անորոշ վիճակը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարեց հայցադիմումը, այնպես որ  առաջիկայում  համայնքապետի նոր ընտրություններ են սպասվում…

 

 

WomenNet.am -ը զրուցել է կոալիցիա կազմած «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամներ՝ Արաքսյա Հայրապետյանի (լուսանկարում՝ աջից   ) և Սաթենիկ Մինասյանի ( լուսանկարում ՝ձախից) հետ, որոնք  հույս հայտնեցին, որ լարված  իրավիճակը համայնքապետարանում վերջապես կհարթվի և ավագանին կսկսի բնականոն աշխատանքը:  Մենք առաջարկեցինք նրանց պատասխանել քաղաքականություն մտնելու իրենց շարժառիթներին, ընտրությունների ընթացքին և  հետագա անելիքներին վերաբերող մի շարք  հարցերին: Ի դեպ, մեր զրուցակիցների համար  քաղաքականության մեջ մտնելու մեկնարկային կետը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն են եղել:

 

 

 

Արաքսյա Հայրապետյանը Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք բնակավայրից է,  ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ թեկնածուն է եղել: Մասնագիտությամբ իրավագետ է, մինչև ավագանի դառնալը աշխատել է Գեղամասար խոշորացված համայնքի համայնքապետարանում  որպես սոցիալական աջակցության առաջատար մասնագետ: Քաղաքականությունը նրա դիտարկմաբ, «տարբեր գաղափարների բախման միջավայրն է, որտեղ երբեմն հաղթում են նաև ոչ գաղափարական մարդիկ»… Քաղաքականություն մտնող կանանց խորհուրդ է տալիս. «Լինել համարձակ , չվախենալ արտահայտել իրենց մտքերն ու գաղափարները»։

 

 

Մեր մյուս զրուցակցին՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանին Վարդենիսում մարդ չկա, որ չճանաչի՝ վաստակաշատ բժշկուհի է: Բժշկության մեջ կյանք դրած կինը 1986-1990թթ. եղել է թաղամասային մանկաբույժ: 1990-2004թթ.-ին աշխատել է Վարդենիսի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ, գլխավոր բժշկի տեղակալ: 2005թ. անցել է զինվորական ծառայության, Վարդենիսի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետն է եղել մինչև 2020թ. հունվար: Հիմա անցել է զինվորական թոշակի, բայց շարունակում է աշխատել զինվորական հոսպիտալում և Վարդենիսի պոլիկլինիկայում: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պարգևների և մրցանակների: Մասնակցել է նաև Սիրիայի մարդասիրական առաքելությանը՝ արժանանալով Սիրիայի և Ռուսաստանի կողմից բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: Բժշկությունից «քաղաքականություն» մեկ քայլ կատարած բժշկուհին իր օրինակին հետևող՝ քաղաքականության մեջ մտնող կանանց խորհուրդ է տալիս. «Ով ցանկություն ունի, թո՛ղ մտնի»: Քաղաքականությունն իր բնորոշմամբ, «ավելի լավ հասարակություն ունենալուն միտված ծրագրերը կյանքի կոչելու միջոց է »…   

 

 

Ի դեպ,  կանանց ներկայացվածությունը Վարդենիսի ավագանիում գենդերային  քվոտայի շնորհիվ 33 % է,  մանդատներ ստացած 27 ավագանու  անդամներից  9-ը  կին են: Համեմատության համար, մինչ խոշորացումը Վարդենիսն ու դրա կազմի մեջ մտած համայնքերի ավագանիներն ունեցել են 118 անդամ, որից 7-ը կամ ընդամենը  6 %-ն էին  կանայք։

 

 

-Ինչու՞  եք որոշել ավագանի մտնել  և  ինչպե՞ս եք ընտրություն կատարել  ո՞ր քաղաքական ուժի հետ համագործակցել:

 

Արաքսյա Հայրապետյան .

 

«Մտել եմ ՏԻՄ ոլորտ՝ իմ համայնքն ավելի լավը դարձնելու նպատակով: Սոցիալական ոլորտում աշխատանքային փորձից ելնելով լավ եմ պատկերացնում թե ինչպես պետք է աշխատել ավելի ուժեղ և պաշտպանված համայնք ձևավորելու համար: Նաև իմ առաջ խնդիր եմ դրել կենտրոնանալ կանանց իրավունքների պաշտպանության վրա: Գաղտնիք չէ, որ գյուղաբնակ վայրերում, այդ թվում նաև մեր համայնքում, կարևորագույն խնդիրը՝ կանանց աշխատանքով ապահովելն է: Կանայք հիմնականում զբաղվում են տնայինագործությամբ չունեն այլնտրանքային աշխատանքի վայր։ Ես մտել եմ քաղաքականություն, վերցրել եմ ինձ վրա պատասխանատվություն և պատրաստ եմ պաշտպանել կանանց իրավունքները՝ բոլոր իմասնտերով:

 

Քաղաքական թիմը պատահական չեմ ընտրել: Ի սկզբանե այս թիմից աշխատել եմ  այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ  կիսում եմ նույն գաղափարները և մտահոգությունները՝ հայրենիքի արտաքին և ներքին խնդիրները առավելագույնս ռացիոնալ լուծելու գործում:   Հաշվի առնելով պատերազմը, սահմանային իրավիճակը և այդ ամենից բխող բնակչության համար ծանր հետևանքները, գտնում եմ, որ հիմա, առավել քան երբևէ, յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական դիրքորոշումը շատ կարևոր է։ Ես միշտ էլ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ունեցել եմ իմ ուրույն կարծիքը և արտահայտել եմ այն, այնպես որ քաղաքականություն մտնելու իմ որոշումը բնավ պատահական չէ:

 

Սաթենիկ Մինասյան.

 

 -Որոշեցի մտնել ավագանի,  քանի որ  հստակ պատկերացում ունեի իմ անելիքների մասին: Ինձ ավելի շատ հետաքրքրում են համայնքային խնդիրները և առավելապես հակված եմ դրանք  լուծել, քան քաղաքականությամբ զբաղվել:  Հետևաբար՝ քաղաքականությունը միջոց է իմ ծրագրերը իրականացնելու համար: Այս գիտակցումով մտա «Ահարոն Խաչատրյան»  դաշինք, քանի որ այս թիմի անդամները կիսում էին իմ գաղափարական հայացքները:

 

 

-Համայնքի զարգացման ի՞նչ  ծրագրերով եք մտել Վարդենիսի ավագանի:

 

 

Արաքսյա Հայրապետյան.

 

– Քանի որ ընտրողները նույն բնակիչներն են, որոնց հետ շուրջ մեկ տարի է ինչ աշխատանքներ եմ տանում որպես սոցիալական աշխատող, ուստի հարաբերություն կառուցելու  փուլը անցել է մինչև ընտրությունները: Չեմ կարող չնշել, որ թերևս ամենասերտ կապերն ունեմ իրենց հետ,  ծանոթ եմ մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդրին՝  հատ առ հատ։ Մեր գլխավոր խնդիրը՝ արտագաղթի կանխումն է, ամեն ինչ անել, որ տեղի բնակիչը՝ ենթակառուցվածքների անբավարար լինելու պատաճառով չարտագաղթի։

 

Այդ ուղղությամբ ես և իմ թիմը,  բավականին հավակնոտ ծրագրեր ունենք: Իմ պատկերացմամբ, մեր  համայնքը առաջին հերթին լինելու է անվտանգ, և հաշվի առնելով մեր տարածաշրջանի ներուժը կզարգանան հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը։ Խորհրդային տարիներին բավականին զարգացած ենթակառուցվածքներ կային մեր համայնքում, և կարծում եմ, մենք բավական հնարավորություններ ունենք  զարգացնելու մեր ենթակառուցվածքները, մեծացնելու ներդրումների ծավալը: Կարծում եմ, եթե կարողանանք անխոչընդոտ աշխատել, առաջիկա հինգ  տարվա ընթացքում կհասնենք մեր նպատակների իրականացմանը։

 

Հաջորդ խնդիրը, որը հրատապ լուծման կարիք ունի ջրի խնդիրն է: Թեև բավականին շատ աղբյուրներ ունենք, բայց մարզի բազմաթիվ բնակավայրեր դեռևս ջրի խնդիր ունեն: Մեր ծրագրում նոր ենթակառուցվածքների կառուցում ենք նախատեսել ջրային ռեսուրսները լավ կառավարելու համար։ Մտադիր ենք նաև բարելավել գործարար միջավայրը, ներգրավել ներդրումներ  այլընտրանքային էներգիայի աղբյուրների մեր պոտենցիալն օգտագործելու նպատակով: Նաև  քաղպաշտպանության ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն՝ հաշվի առնելով մեր երկրի ներկայիս վիճակը:

 

 

Սաթենիկ Մինասյան.

 

– Կարծում եմ՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարելի է համայնքի զարգացման բազմաթիվ ծրագրեր իրականացնել: Վարդենիսի նկատմամբ ավելի հոգատար  վերաբերմունք, և ավելի շատ հայրենասիրություն պետք է դրսևորել: Քանի որ ես բժշկուհի եմ և երկար տարիներ աշխատել եմ այս ոլորտում, հետևաբար իմ անելիքներն ու ծրագրերն ուղղված են  առողջապահական խնդիրների լուծմանը:  Զուգահեռ չպետք է ստորադասել անվտանգության խնդիրներները:

 

 

 

– Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել քաղաքականություն մուտք գործելիս և  ո՞րն է , Ձեր կարծիքով, կնոջ դերը քաղաքականության մեջ:

 

 

Արաքսյա Հայրապետյան.

 

-Խոչընդոտներ եղել են, և այդ խոչընդոտներն  առաջանում են Հայաստանում երևի թե ցանկացած կնոջ մոտ՝ քաղաքականություն մտնելիս: Դրանք տարատեսակ ասեկոսեներն են, որոնք հոգեբանորեն ազդում են։ Խոչընդոտ է նաև այն կարծրատիպը, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ, թեև ես բացարձակ  համաձայն չեմ դրա հետ: Եթե որևէ ոլորտ ավելի ուժեղ կդառնա կնոջ առկայությամբ,  ինչու՞ չօգտագործել այդ ներուժը , չէ որ բոլորիս նպատակը մեր երկիրը շենացնելն  ու ավելի լավը դարձնելն է:

 

Լավ է, որ իմ կողքին եղել է իմ ընտանիքը, ինչպես նաև քաղաքականության մեջ կոփված մարդիկ, որոնց խորհուրդներով ես հաղթահարում եմ այդ խոչընդոտները, իսկ ժամանակ առ ժամանակ հանդիպելով բնակիչների հետ, ովքեր ինձ ընտրել են, ցանկություն է առաջանում կրկնակի եռանդով աշխատել։

 

Քաղաքական գործիչը ներկայացնում է իր ժողովրդին, կին քաղաքական գործիչը պետք է լինի հայ կնոջ հավաքական կերպար, որը մեր պատմության ընթացքում հաճախ ասոցացվել է նաև տոկոնության հետ: Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ հայ կինը պատերազմների ժամանակ կանգնել է իր ամուսնու կամ եղբոր կողքին և պաշտպանել իր հայրենիքը, բազմաթիվ զրկանքներ կրել,  բայց շարունակելիր երեխաների դաստիրակությունը հայրենասիրական ոգով:

 

 

Սաթենիկ Մինասյան.

 

-Ես անձամբ, խտրական վերաբերմունքի չեմ հանդիպել,  ընտրությունների ընթացքում  խոչընդոտների միջով չեմ անցել, բայց եթե աշխատանքային գործունեության ընթացքում լինեն խոչընդոտներ, պատրաստ եմ դիմակայել՝ չկորցնելով իմ անձնական որակները: Ուզում եմ արձանագրել, որ կանայք ավագանիում ավելի շատ զսպող գործոնի դեր են կատարում: Ցավոք,  մեր ավագանու նիստներն անցնում են ոչ խաղաղ մթնոլորտում, երբեմն հայհոյանքների ներքո, ու եթե կանայք չլինեն այնտեղ, գործը  կհասնի բռնունցքներին: Կանանց ներկայությունից զսպվում են: Ես շատ եմ կարևորում կանանց ներկայությունը համայնքային կյանքում, ՏԻՄ-ում, քանի որ կինը համայնքին մոտենում է այնպես, ինչպես իր ընտանիքին՝ սիրով, նվիրումով, ինչ-որ բան ավելի լավը դարձնելու ձգտումով: Կանայք մեր համայնքում աշխատանք չունեն, իմ ծրագրերում աշխատատեղեր բացելու հարցը կա: Կանայք պետք է աշխատեն, քանի որ աշխատանքը ինչ-որ իմաստով նաև աշխարհայացք է ձևավորում, զարգացվածության մակարդակն է բարձրացնում…

 

 

Լիանա Սարգսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1930

Գլխավոր էջ