Վալերի Բուայե. «Ֆրանսիան չպետք է չեզոք մնա, երբ հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա, սպանում  կանանց և երեխաներին»

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն տեղեկացրել է իր  ֆեյսբուքյան էջում, որ առաջիկա օրերին կներկայացնի Ֆրանսիայի Սենատին Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը ։

 

 «Հակազդել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի գրոհին, նշանակում է հակազդել թուրքական իսլամիզմի ներթափանցմանը Եվրոպա։ Այս շաբաթ ես Սենատ ներկայացրի Լեռնային Ղարաբաղի ճանաչման ու Թուրքիայի և Ադրբեջանի գործողություները դատապարտող նախագիծը», – գրել է նա։

 

 

Նշենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ նախագիծ էր ներկայացվել ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատին։ Այժմ նույնաբովանդակ նախագիծը կհայտնվի նաև Սենատում, այսինքն` վերին պալատում։

 

 

Հիշեցնենք նաև, որ Արցախում մարտական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո պատգամավոր  Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանում սեպտեմբերի 29-ին կառավարական ժամի ընթացքում հայտարարել էր, որ հայերով բնակեցված Արցախն ավելի քան 30 տարի է պայքարում իր անկախության համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվում իրենց նպատակից` բնաջնջել հայ ժողովրդին։ Նա նշել էր, որ Ադրբեջանը` Թուրքիայի «արբանյակը»,  մարտական գործողություններ սկսեց և թիրախավորեց հայկական բնակավայրերը` և՛  այս տարվա հուլիսին տավուշյան էսկալացիայի ժամանակ, և՛ վերջին օրերին։ Ավելին, նա հավելել է, որ Ադրբեջանը վայելում է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի աջակցությունը։

 

«Ֆրանսիան չպետք է չեզոք մնա Թուրքիայի նախագահ Էրդողանի գործողությունների նկատմամբ, երբ հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա, սպանում կանանց և երեխաներին», – ասել է Բուայեն։

 

 

Ի դեպ,  այս օրերին  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d’Arménie պարբերականին տված իր  հարցազրույցում ասել էր. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել… ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»:

 

Դիտումների քանակը` 1182

Գլխավոր էջ