«Իմ կամքին հակառակ». զեկույց

 

Լույս է տեսել  «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույցը

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է իր «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույցը: Այս տարի այն նվիրված է կանանց ու աղջիկների նկատմամբ  վնասակար գործելակերպերին՝  երեխայի սեռով պայմանավորված խտրական ընտրությանը, մանկահասակների ամուսնությանը, կանանց սեռական օրգանների խեղմանը և այլն։ Զեկույցում սեռով պայմանավորված խտրական ընտրության առումով ներկայացված է նաև Հայաստանը։

 

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) նոր զեկույցի, անհապաղ, արագացված գործողություններ են անհրաժեշտ` դադարեցնելու կանանց սեռական օրգանների խեղումը, մանկահասակների ամուսնությունը և կանանց ու աղջիկներին վնասող այլ գործելակերպեր:

 

 

Զեկույցի համաձայն, ամեն տարի աշխարհում միլիոնավոր աղջիկներ, իրենց ընտանիքների, ընկերների և համայնքների լիարժեք գիտությամբ և համաձայնությամբ, ենթարկվում են այնպիսի գործելակերպերի, որոնք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես վնասում են նրանց։

 

 

Առնվազն 19 վնասակար գործելակերպեր՝ սկսած կրծքագեղձի արդուկումից մինչև կուսությունը ստուգելը, համարվում են մարդու իրավունքների խախտում՝ ասվում է ՄԱԲՀ զեկույցում, որն ուղղված է երեք առավել տարածվածներին՝ կանանց սեռական օրգանների խեղմանը, մանկահասակների ամուսնությանը և դուստրերի նկատմամբ ծայրահեղ կողմնակալությանը՝ հօգուտ արու զավակների:

 

 

«Աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերը բերում են խոր և տևական տրավմաների, ինչը նրանց զրկում է սեփական լիարժեք ներուժին հասնելու իրենց իրավունքից», – ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն, դոկտոր Նատալյա Քանեմը:

 

 

Այս տարի մոտավորապես 4,1 միլիոն աղջիկ ենթարկվելու է կանանց սեռական օրգանների խեղման: Այսօր, 18 տարեկանից ցածր 33,000 աղջիկ հարկադրված է լինելու ամուսնանալ՝ սովորաբար շատ ավելի տարեց տղամարդկանց հետ: Ի հավելումն, դուստրերի համեմատությամբ արու զավակներին տրվող ծայրահեղ նախապատվությունը որոշ երկրներում հանգեցրել է նորածինների սեռով պայմանավորված կողմնակալ ընտրության կամ մանուկ հասակում մահվան հանգեցնող ծայրահեղ անտեսման, ինչը հանգեցնում է 140 միլիոն «կորսված կանանց»:

 

 

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մանկահասակների ամուսնությունը հիմնականում անօրինական է և, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, բայց դեռ լայնորեն տարածված է տարածաշրջանի որոշ հատվածներում (որոշ երկրներում կանանց մինչև 15%-ն ամուսնացել են մինչև 18 տարեկան դառնալը, իսկ որոշ համայնքներում յուրաքանչյուր երկու կանանցից մեկն ամուսնացել է երեխա ժամանակ):

          

 

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տարածված է նաև արու զավակների նախապատվությունը, ինչը Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի որոշ հատվածներում հանգեցրել է նորածինների սեռային լուրջ անհամամասնության, քանի որ այնտեղ շատ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ:

 

 

Այն երկրները, որոնք վավերացրել են միջազգային այնպիսի համաձայնագրեր, ինչպիսին է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան», պարտավոր են դրան վերջ դնել: Շատերն արձագանքել են օրենքներ ընդունելով, բայց միայն օրենքները բավարար չեն:

 

 

Տասնամյակների փորձը և հետազոտությունները ցույց են տալիս, որ վարից վեր, հանրությունից ելնող մոտեցումներն ավելի լավ են բերում փոփոխությունների՝ նշվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում:

 

 

«Այս բոլոր վնասակար գործելակերպերը մեկ ընդհանուր հիմնապատճառ ունեն՝ աղջիկների և կանանց լայնասփյուռ և համառ թերարժևորումը», – ասում է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ալանա Արմիտաժը: «Բայց մենք տեսնում ենք, որ սոցիալական նորմերը փոխվում են ճիշտ ուղղությամբ, և կա իրական հնարավորություն, որ միասին – կառավարություններ, քաղաքացիական հասարակություն, ազդեցիկ մարդիկ և մարդիկ, ում վարքագիծն ընդօրինակման առարկա է – աշխատելով, մենք կարող ենք աղջիկներին վնասող գործելակերպերը թողնել անցյալում»:

 

 

Զեկույցի համաձայն, խտրական սոցիալական նորմերը փոխելու ծրագրերը արդյունավետ են վնասակար գործելակերպերի վերացման հարցում, բայց դրանք չպետք է նեղորեն կենտրոնանան բացառապես այդ գործելակերպերի վրա: Փոխարենը, դրանք պետք է անդրադառնան առկա ավելի լայն խնդիրներին՝ ներառյալ կանանց և աղջիկների ստորադաս դիրքին, նրանց մարդու իրավունքներին և հարցին, թե ինչպես բարձրացնել նրանց կարգավիճակը և հնարավորությունների հասանելիությունը:

 

 

Առաջիկա 10 տարում կարելի է ամբողջ աշխարհում վերջ դնել մանկահասակների ամուսնությանը և կանանց սեռական օրգանների խեղմանը` մեծացնելով դպրոցում աղջիկներին ավելի երկար պահելու և նրանց կյանքի հմտություններ սովորեցնելու, ինչպես նաև տղամարդկանց ու տղաներին սոցիալական փոփոխությունների մեջ ներգրավելու ջանքերի մասշտաբը: Ըստ զեկույցի, մինչև 2030 թ. տարեկան 3,4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ ներդրումները թույլ կտան վերջ դնել այս երկու վնասակար գործելակերպերին և մոտ 84 միլիոն աղջկա կազատեն տառապանքից:

 

 

Չնայած ամբողջ աշխարհում վնասակար գործելակերպերին վերջ տալու հարցում առաջընթաց է գրանցվել, COVID-19 համավարակը սպառնում է հետ շրջել ձեռքբերումները: Վերջերս կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ եթե համապատասխան ծառայությունները և ծրագրերը վեց ամիս մնան առկախված, ապա ևս 13 միլիոն աղջիկ երեխայի կարող են ստիպել ամուսնանալ և ևս 2 միլիոն աղջիկ կարող է ենթարկվել սեռական օրգանների խեղման:

 

 

Համաճարակը կարող է մեծացնել հարկադիր վաղ ամուսնության ռիսկը՝ որպես ընտանիքի տնտեսական բեռը նվազեցնելու քայլ: Իսկ մեկուսացումները, դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները խաթարում են դեռահաս աղջիկների առօրյան և նրանց աջակցության համակարգերը:

 

 

«Համավարակը է՛լ ավելի շատ աղջիկների է վտանգի տակ դնում և սպառնում է խաթարել մեր առաջընթացը», – նշում է Արմիտաժը: «Մենք պետք է կրկնապատկենք ջանքերը` ապահովելու, որ աղջիկներն ամենուր կարողանան լիարժեք օգտվել իրենց իրավունքներից, ընտրություններ կատարեն սեփական կյանքի և մարմնի վերաբերյալ»:

 

 

Ըստ Հայաստանում  ՄԱԲՀ-ի գրասենյակի հաղորդագրության 

 

 

Զեկույցի ինտերակտիվ, ինչպես և բեռնելի տարբերակները (անգլերեն և ռուսերեն ) հասանելի են այստեղ․ 

 

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ .

 

Հայաստանին հաջողվեց որոշ չափով նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը

 

Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ  վնասակար գործելակերպերի մասին

 

«Իմ կամքին հակառակ». զեկույց

 

 

Դիտումների քանակը` 1554

Գլխավոր էջ