ՅՈՒՆԵՍԿՕ-ն երրորդ անգամ անընդմեջ կին է ղեկավարելու

Հոկտեմբերի 13-ին Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) գլխավոր տնօրեն է ընտրվել  ֆրանսուհի Օդրե Ազուլեն: Նա այս պաշտոնում փոխարինեց բուլղարուհի Իրինա Բոկովային: Վերջինս գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է երկու անգամ, պաշտոնավարել է 2009-2013 թթ. և 2013-2017 թթ.:

 

Օդրե Ազուլեի օգտին քվեարկել են կազմակերպության գործադիր խորհրդի 58 անդամներից 30-ը: Նրա մրցակիցը՝ քաթարցի դիվանագետ, մշակույթի նախկին նախարար Համադ բեն Աբդելազիզ ալ-Քավարին ստացել է 28 ձայն:

 

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին. Գլխավոր կոնֆերանս, որը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, Գործադիր խորհուրդ, որն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և Քարտուղարություն, որը Կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը  և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:

 

Օդրե Ազուլեն գլխավոր տնօրենի պաշտոնում կհաստատվի նոյեմբերի 10-ին կայանալիք՝ Կազմակերպության 39-րդ գլխավոր համաժողովում, որին մասնակցելու են կազմակերպության անդամ 195 երկրները: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

 

Գլխավոր տնօրենի քվեարկությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին, անցկացվել է 5 փուլով: Ավարտից հետո Խորհրդի նախագահ Գերմանիայի ներկայացուցիչ Մայքլ Վորբսը շնորհավորել է նորընտիր ղեկավարին,  նշել ազգային ու միջազգային պաշտոններում նրա ունեցած փոձն ու գիտելիքների մեծ պաշարը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունները կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջարկել էին 9 թեկնածու: Թեկնածուների թվում էր նաև Ադրբեջանի կողմից առաջադրված  Փոլադ Բյուլբյուլօղլին, ով նախկինում եղել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը, իսկ մինչ այդ Ադրբեջանի մշակույթի նախարարը: Հայկական կողմը նրա չընտրվելու համար բավականին մեծ արշավ իրականացրեց:

 

Բացի Ֆրանսիայից ու Ադրբեջանից գլխավոր քարտուղարի թեկնածուներ էին առաջադրել նաև Չինաստանը, Եգիպտոսը, Գվատեմալան, Իրաքը, Լիբանանը, Քաթարը, Վիետնամը:

 

Գլխավոր քարտուղար ընտրված Օդրե Ազուլեն ծնվել է 1972 թվականին, 2016-2017 թվականներին եղել է Ֆրանսիայի մշակույթի նախարար: Նա իր կարիերան սկսել է Ֆրանսիայում հանրային հաղորդակցության աջակցությունից, ապա եղել է թղթակից, Եվրախորհրդում մշակութային ու հաղորդակցության ոլորտի իրավական հարցերով փորձագետ, ապա Կինոմատագրաֆիայի ֆրանսիական ազգային կենտրոնի (CNC) գլխավոր տնօրենի տեղակալ: Նրա Ֆրանսիայի Հանրային կառավարման դպրոցի շրջանավարտ է:

 

Կազմակերպության գլխավոր տնօրենին առաջիկայում ծանր օրեր են սպասվում: Կազմակերպությունը լքելու մտադրության մասին իրար հետևից հայտարարել են ԱՄՆ-ն ու Իսրայելը:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2915

Գլխավոր էջ