Մարտի 8-ի այս տարվա կարգախոսը` «Կանայք աշխատանքի փոփոխվող աշխարհում. մոլորակ 50/50 մինչև 2030թ.».
Այս տարվա մարտի 8-ը միջազգային հանրությունը նշում է «Կանայք աշխատանքի փոփոխվող աշխարհում. մոլորակ 50-50 մինչև 2030թ.» կարգախոսի ներքո՝ հատկապես շեշտադրելով կանանց մասնակցության խնդիրները աշխատանքի շուկայում և զարգացման գործընթացներում:
Բացելով այս կարգախոսը «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլա Մլամբո-Նգկուկան իր ոըղերձում նշում է .
«Մենք ուզում ենք կառուցել աշխատանքի այլ աշխարհ կանանց համար: Հասունացման ընթացքում աղջիկները պետք է ստանան կարիերայի զարգացման լայն հնարավորություններ, նրանց պետք է խթանել կատարելու ընտրություն, որը կբերի ավելիին, քան ավանդական խնամքն ու սպասարկումն է՝ աշխատանքի մասնագիտական ոլորտում, արվեստում, պետական պաշտոնում, ժամանակակից գյուղատնտեսությունում և գիտության մեջ…
Դրա համար անհրաժեշտ կլինեն փոփոխություններ դաստիարակության մեջ, կրթական ծրագրերում և պայմաններում, հեռուստաալիքներում, որոնք ձևավերում են առօրյա կարծրատիպեր, ինչպիսիք են հեռուստատեսությունը, գովազգը և ժամանցը, ինչպես նաև անհրաժեշտ կլինեն որոշիչ գործողություններ ձեռնարկել՝ պաշտպանելու երիտասարդ աղջիկներին վնասակար մշակութային նորմերից, ինչպիսիք են վաղ ամուսնությունը և բռնության բոլոր ձևերը:
Կանայք և աղջիկները պետք է պատրաստ լինեն մասնակցելու այսպես կոչված թվային հեղափոխության մեջ: Ներկայումս համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում բարձրագույն կրթություն ստացածների շարքերում կանայք ընդամենը 18 տոկոս են կազմում: Ամբողջ աշխարհում աղջիկների մեջ պետք է նշանակալի փոփոխություններ տեղի ունենան, որպեսզի նրանք զբաղվեն բնական գիտություններով, տեխնոլոգիաներով, ճարտարագիտությամբ, մաթեմատիկայով, եթե նպատակը կանանց համար հնարավորությունների ապահովումն է հաջողությամբ մրցակցել բարձր վարձատրվող աշխատանքի համար նոր բարձրագույն տեխնոլոգիական ոլորտներում: Թվային ոլորտներում կանայք դեռևս կազմում են աշխատողների 25 տոկոսը…
Այս համապարփակ խնդրի շրջանակներում անհրաժեշտ են պարզ, բայց կաևոր փոփոխություններ տղամարդկանց համար, որպեսզի նրանք նույնպես զբաղվեն երեխաների դաստիարակությամբ, կանանց համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան մասնակցության, և աղջիկների համար, որպեսզի նրանք ունենան ազատություն և մեծանան տղաների հետ հավասարության պայմաններում: Փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր կողմերից, քանի դեռ մեր նպատակն է մեծացնել այն մարդկանց թիվը, ովքեր հնարավորություն ունեն կատարելու արժանապատիվ աշխատանք, ապահովել նման հնարավորությունների բոլորի համար և իրականացնել այն օգուտները, որոնք կստանան բոլոր աշխարհում եղած հավասարությունից, որը նախատեսված է մեր՝ մինչև 2030 թ. ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կայուն զարգացման օրակարգով»:
***
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը իր ուղերձում կանանց միջազգային օրվա առթիվ շեշտադրում է կանանց իրավունքների ոտնահարումը կյանքի բոլոր ոլորտներում՝ ընդգծելով այն կորուստները, որոնք ունենում են երկրները կանանց նկատմամբ խտրականության պատճառով.
«Այս անհանգիստ ժամանակներում, երբ մեր աշխարհն ավելի անկանխատեսելի և քաոսային է դառնում, կանանց և աղջիկների իրավունքները մշտապես կրճատվում, սահմանափակվում և շրջադարձվում են։ Կանանց և աղջիկների զորացումը միակ միջոցն է՝ պաշտպանելու նրանց իրավունքներն ու ապահովելու, որ նրանք կարողանան իրացնել իրենց ողջ ներուժը։ Տղամարդկանց և կանանց միջև իշխանության բաշխման պատմական անհավասարակշռությունը, որն էլ ավելի է սրվում հասարակությունների ու երկրների ներսում ու դրանց միջև աճող անհավասարություններով, հանգեցնում է կանանց և աղջիկների հանդեպ խտրականության ավելացման։
Ամբողջ աշխարհում ավանդույթները, մշակութային արժեքներն ու կրոնը չարաշահվում են՝ կրճատելու կանանց իրավունքները, ամրապնդելու սեքսիզմը և քաջալերելու կնատյացությունը։ Կանանց սուբյեկտիվ իրավունքները, որոնք ոչ մի մայրցամաքում երբևէ հավասար չեն եղել տղամարդկանց իրավունքներին, շարունակում են ոտնահարվել։ Սեփական մարմնի հանդեպ կանանց իրավունքները հարցականի տակ են դրվում և կասկածի ենթարկվում։ Սովորական երևույթ է կիբերտարածությունում և իրական կյանքում կանանց ահաբեկման ու ոտնձգությունների թիրախ դարձնելը։ Վատագույն դեպքերում ծայրահեղականներն ու ահաբեկիչներն իրենց գաղափարախոսությունը կառուցում են կանանց ու աղջիկների հպատակեցման շուրջ և նրանց մեկուսացնում սեռական ու գենդերային հիմքով բռնության, բռնի ամուսնության և փաստացի ստրկության նպատակով։
Չնայած որոշակի բարելավմանը՝ ղեկավար պաշտոնները համատարած դեռևս տղամարդիկ են զբաղեցնում, իսկ տնտեսության մեջ գենդերային ճեղքվածքը մեծանում է հնացած մոտեցումների և տղամարդկանց կարծրացած շովինիզմի պատճառով։ Մենք պետք է փոխենք սա՝ բոլոր մակարդակներում հզորացնելով կանանց, նրանց ձայնը լսելի դարձնելով և նրանց հնարավորություն տալով վերահսկելու իրենց սեփական կյանքն ու մեր աշխարհի ապագան։ Կանանց և աղջիկների իրավունքների ժխտումը ոչ միայն սխալ է ինքնին, այլև ունի լուրջ սոցիալական ու տնտեսական ազդեցություն, որը զսպում է բոլորիս առաջընթացը։ Գենդերային հավասարությունը ունի փոխակերպող ազդեցություն, ինչը շատ կարևոր է համայնքների, հասարակության և տնտեսության գործառույթների լիարժեք իրականացման համար։
Կանանց համար կրթական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը բարերար ազդեցություն ունի նրանց ընտանիքների ու համայնքների և հետևաբար՝ գալիք սերունդների վրա։ Դպրոցում անցկացրած մեկ ավել տարին կարող է մինչև 25 տոկոսով ավելացնել աղջկա ապագա եկամուտը։
Երբ կանայք որպես աշխատուժ լիարժեքորեն են մասնակցում, դա նոր հնարավորություններ է ստեղծում և աճ ապահովում։ Զբաղվածության ոլորտում գենդերային ճեղքվածքի հաղթահարումը մինչև 2025 թվականը կարող է մինչև 12 տրիլիոն ամերիկյան դոլար ավելացնել համաշխարհային համախառն ներքին արդյունքին։ Պետական հաստատություններում կանանց դերի մեծացումը դրանք ավելի ներկայացուցչական է դարձնում, ընդլայնում նորարարությունը, բարելավում որոշումների կայացման գործընթացն ու օգուտ բերում ողջ հասարակությանը։
Գենդերային հավասարության խնդիրը կենտրոնական է «Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում՝ բոլոր երկրների առաջնորդների կողմից ընդունված համաշխարհային ծրագիր, որն ուղղված է մեր առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը։ Կայուն զարգացման հինգերորդ նպատակը մասնավորապես հենց գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների զորացման կոչ է անում, և սա առանցքային դեր ունի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներին հասնելու հարցում», -ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում կանանց միջազգային օրվա առթիվ:
Դիտումների քանակը` 2150