Ծովինար Սամսոնյան. « Շատ եմ կարևորում երիտասարդ ու բանիմաց կադրերի ներգրավումը Երևանի կառավարմանը»
WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Երևանցիներ» դաշինքի ցուցակի 8 հորիզոնականում առաջադրված թեկնածու Ծովինար Սամսոնյանը:
Ծնվել 1 1966-թ. Էջմիածին քաղաքում, ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ու Վարդանանց համալսարանը: Աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կենտրոն և Նորք Մարաշի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում:
Աշխատանքի բերումով կարևորում է Երևանի բնակիչների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացումը, ինչը օգնելու է նրանց հետամուտ լինելու իրենց սոցիալական և այլ իրավունքների պաշտպանության հարցերում: Դա իհարկե չի բացառում քաղաքային իշխանության պատասխանատվությունը այնպիսի թափանցիկ ու ճիշտ կառավարման մոդել ապահովելու առումով, որը կնպաստի մայրաքաղաքի զարգացմանն ու Երևանի բնակչի բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
– Որո ՞նք են, Ձեր դիտարկմամբ, մայրաքաղաքի հրատապ խնդիրները:
– Ըստ առաջնահերթության ես առանձնացնում եմ տարեցների խնամքի հարցը: Հայաստանում ներդվել է տարեցների խնամքի մոդելը՝ տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով: Գտնում եմ, որ հիվանդ և տարեց մարդկանց խնամքն ավելի լավ կազմակերպելու համար կամավորներին պետք է տրամադրել տեղաշարժման համար սայլակներ և այլ միջոցներ, բացի դա կամավորների աշխատանքը խթանելու համար նրանց տրամադրել հավաստագիր:
Երևանի առաջնային խնդիրներից է աղբահանությունը, որը, կարծում եմ, ոչ ճիշտ կառավարման հետևանք է, չեմ բացառում նաև մայրաքաղաքի բնակչի մի հատվածի անհարգալից վերաբերմունքը սեփական քաղաքի մաքրության հանդեպ: Երևանցին պետք է սիրի ու փայփայի իր քաղաքը սեփական տան, օջախի նման: Լուծման տարբերակ է տվյալ ոլորտում ճիշտ, աշխատող, գործին նվիրված կադրերի ընտրությունը: Կարևորը ոչ այնքան ծրագիրն է, որքան դրա իրագործման ուղիներն ու մեխանիզմները: Մենաշնորհի վերացումը կլինի աղբահանության լուծման տարբերակներից մեկը:
Առանձնացնում եմ նաև քաղաքային տրանսպորտի ակնհայտ խնդիրը: Մարդիկ շարունակում են տառապել՝ երթևեկելով անմարդկային պայմաններում, միկորավտոբուսներում խցկվելած ճանապարհ գնալով: Սա ոչ միայն սոցիալական, տնտեսական, անվտանգության, բնապահպանական, այլև առաջին հերթին արժանապատվության խնդիր է: Ես գտնում եմ, որ ավտոմեքենաների, երթուղայինների քանակի կրճատման հաշվին պետք է ավելացնել հեծանվաուղիները: Երևանում բազմաթիվ են այն փողոցները, որոնք վերածվել են կայանատեղիների, դրանք խոչընդոտում են կանգառներին մոտեցող երթուղայինների ու ավտոբուսների աշխատանքը, անանցանելի դարձնում հետիոտնի համար նախատեսված մայթերը: Այս ամենի կանոնակարգումը պետք է լինի Երևանի նոր իշխանությունների օրակարգում:
-Ինչպիսի ՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքի դեմքը:
– Այսօր քաղաքը կանգնած է իր դեմքը կորցնելու վտանգի առջև ու իր իրավունքների համար պայքարողների կարիք ունի: Իմ կարգախոսն է՝ «Արժևորելով հինը, կառուցենք նորը»: Թեև զբոսաշրջիկների համար Երևանը կոլորիտային շենքերով ու գունային համադրությամբ քաղաք է, բայց մենք գիտենք, թե հանրապետության անկախացումից հետո Երևանն ինչպիսի կորուստներ ունեցավ: Բոլորն են հիշում, որ Երևանի կենտրոնում տարիներ շարունակ կառուցվող, քաղաքի համաչափությունն ու թամանյանական նախագիծը փչացնող էլիտար շենքերի շինարարության ընթացքում որքան ցույցեր, բողոքի ակցիաներ էին ընթանում: Անգամ ոմանք խոստանում էին երբևէ չքայլել Հյուսիսային պողոտայով, շրջանցել քաղաքի այդ հատվածը: Շրջանցել պողոտան, այսօր, իհարկե, դժվար է, բայց քաղաքի համաչափությանը հասցրած վնասն ակնհայտ է: Կուզեի, որ ընթացք տրվեր Հին Երևանի վերականգնման ծրագրին: Երևանի դեմքը նաև Հին Երևանն է, մայրաքաղաքի պատմությունը:
-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ քաղաքապետ է ուզում տեսնել երևանցին:
-Այն թեկնածուն, ով կընտրվի Երևանի քաղաքապետ պետք է լինի ազնիվ ու սրտացավ, հոգատար Երևանի ու երևանցիների հանդեպ, կարողանա ճիշտ և գրագետ կառավարել մայրաքաղաքը: Շատ եմ կարևորում երիտասարդ ու բանիմաց կադրերի ներգրավումը Երևանի կառավարման տարբեր ոլորտներում: Մենք հիանալի ու պատրաստված երիտասարդներ ունենք, ովքեր համեստորեն իրենց գործն են անում, շատերն էլ հեռանում են երկրից: Այս ցավալի արտահոսքը, արտագաղթը կասեցնել է պետք՝ օգտագործելով երիտասարդների ներուժը մայրաքաղաքի զարգացման համար:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1429