«Իմ աղջիկներն ինձ օգնություն ու ուժ են»

38-ամյա Գալյա Մեսրոպյանը ծնվել է Կապանում, մեծացել է տատիկի ու պապիկի տանը՝ Ծավ գյուղում: Գյուղում էլ ամուսնացել է 18 տարեկանում՝ չհասցնելով մասնագիտական կրթություն ստանալ. «Ուզում էի դիզայներ-մոդելավորող դառնայի, բայց սոցիալական պայմանների պատճառով չկարողացա սովորել»:

 

Գալյան չորս դուստր ունի, ասում է, որ եթե առողջությունն ու հնարավորությունները թույլ տային, էլի երեխա կունենային. «Ես կուզեի նաև տղա ունենայի, որ հորը օգնական լիներ: Ամուսինս հիմա առողջական լուրջ խնդիրներ ունի, ես իր հետ դարձել եմ տղամարդ, իր հետ հավասար փայտն եմ կոտրում, ամեն գործ անում եմ»,- ասում է Գալյան:

Ծնողները շատ ուրախ են, որ չորս աղջիկ ունեն, Գալյան զարմանում է, որ Հայաստանում հաճախ են լինում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ: «Ես երեխաների առհասարակ շատ եմ սիրում, աղջիկները ավելի հասնող են…Ես քույր չեմ ունեցել, հիմա իմ աղջիկներն ինձ օգնություն ու ուժ են»,- ասում է մայրը:

Գալյան աշխատում է Ծավ գյուղի մանկապարտեզում որպես դայակ. «Ամեն օր հինգին եմ արթնանում, զբաղվում եմ կաթի մշակմամբ, հետո էրեխեքին հաց եմ տալիս, ուղարկում եմ դպրոց ու ես գնում եմ գործի: 12-ին մանկապարտեզում էրեխեքը քնում են, ես գալիս եմ տուն, հաց եմ սարքում, հետո էլի գնում եմ: Ձմեռն էլ, որ հողի գործը չկա, տանը երեկոյան 9-12ը գործում եմ: Գործել տատիկիցս եմ սովորել, գլխարկ, սվիտր, ինչ պետք է իմ էրեխեքին, ես գործում եմ»:

 

Գալյայի խոսքով, բերքահավաքի շրջանում իրենք ոչինչ չեն առնում խանութից: Ամեն ինչ իրենց այգուց են ստանում: «Մեր այգին փոքր ա, բայց մենք ամեն ինչ ունենք: Իմ էրեխեքը մաքուր սնունդ են ուտում, առանց թունաքիմիկատների»:

 

Ջանասեր կինը հաճախ հոգնում է իր առօրյայից, երբեմն ուզում է այլ բաներով զբաղվել, բայց չի կարողանում: «Գյուղում ապրողների կյանքն ուրիշ ա, մենք անընդհատ անելու բան ունենք: Ես հիմա արձակուրդ եմ, բայց տնից հինգ րոպեով անգամ չեմ բացակայում, նույնիսկ հարևանիս տուն չեմ գնում սուրճ խմելու: Ես գիտեմ, որ եթե գնամ, իմ գործերը կմնան: Բայց ես քաղաքում ապրել եմ, գիտեմ, որ էնտեղ ուրիշ ա: Քաղաքում ապրողը գործից գալիս ա ու կարա մի քիչ հանգստանա, մի տեղ դուրս գա: Էստեղ նման բան չկա»:

 

Գալյան նաև վարսահարդարման դասընթացների է գնացել, սակայն տարիներ շարունակ իրեն դիմող համագյուղացիների մազերն անվճար է կտրում: « Ես կանանց էլ, տղամարդկանց էլ կտրում եմ, բայց փող չեմ վերցնում, ամոթ ա… Գյուղում վարսավիրանոց կար, բայց փակվեց, գյուղացիք չէին գնում: Բայց հիմա սկսել են գնալ վարսավիրանոցներ Կապանում»:

 

Գալյայի ամուսինը շինարար է, սակայն առողջական խնդիրների պատճառով ծանր աշխատանք չի կարողանում անել: Ներկայումս որպես հսկիչ աշխատում է Շիկահողի արգելացում: «Երբ նոր էի ամուսնացել, ամուսինս չէր թողնում աշխատեմ, բայց երբ երրորդս ծնվեց, աշխատեցի: Շատ էի ուզում աշխատել, տնից դուրս գալ: Բազմազավակ ընտանիքը չի կարող գոյատևել, եթե ծնողներից միայն մեկը աշխատի, կինն էլ պիտի աշխատի, տղամարդն էլ,- վստահ է չորս երեխաների մայրը, -եթե մարդ առողջական խնդիր չունեցավ, երեխա պահելը երբեք հոգս չի, այլ հաճույք ա: Իմ աղջիկները ինձ օգնում են, թե տան գործերում, թե այգին ջրելու հարցում»:

Գալյայի ավագ դուստրը՝ Մանեն, 18 տարեկան է, արդեն ուսանող է, սովորում է Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, ապագա ծրագրավորող է: Երկրորդ դուստրը՝ 16-ամյա Մանեն, սովորում է Ծավի միջնակարգ դպրոցում, ուզում է դիզայներ դառնալ, հետաքրքրված է վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ: Երրորդ դուստրը՝ Լիանան, 13 տարեկան է, որոշել է, որ պետք է դառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, իսկ տան կրտսերը՝ Դիանան, 7 տարեկան է: Մայրն ասում է, որ իրենք մասնագիտության ընտրության առումով ոչինչ չեն պարտադրում աղջիկներին, երեխաներն ազատ են ընտրելու այն, ինչ ցանկանում են:

 

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3675

Գլխավոր էջ