Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները

 

WomenNet-ը ֆեյսբուքան  հարցում է անցկացրել Երևանի քաղաքային տրանպորտից օգտվող թվով 46 քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար նրանց գոհունակությունը վերգետնյա տրանսպորտային համակարգից, ինչպես նաև գործող քաղաքային իշխանությունների՝ այս ուղղությամբ կատարած աշխատանքից:  Նույն  թեմային են անդրադարձել նաև իրենց քարոզարշավի ընթացքում  քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուները : 

 

Ի՞նչ են  ասում մայրաքաղաքի բնակիչները

 

Բոլոր հարցված օգտատերերը, բացառությամբ մեկից, իրենց դժգոհությունը հայտնեցին հանրային տրանպորտի սպասարկման որակից, հատկապես միկրոավտաբուսներից (մարշրուտկա): Քաղաքացիների բարձրացրած դժգոհությունների պատճառը հիմնականում վերաբերում է միկրավոտբուսների գերծանրաբեռնվածությանը, չվացուցակների անկանոնությանը, երեկոյան և գիշերային ժամերին հանրային տրանսպորտի բացակայությանը, վարորդների վարքագծին և սանիտարական իրավիճակին:

 

«Ուշ-ուշ են գալիս, նստելու տեղ չի լինում , լինում է, որ նստարանները ջարդված են , մեքենան՝ կեղտոտ, երբեմն պատուհանները չեն բացվում , որոշ մեքենաններ հին են, համարյա շարքից դուրս եկած»,- իր կարծիքն է հայտնում Անահիդ Այվազին:

 

«Տրանսպորտն աշխտում է շատ վատ, երբեք չես կարող իմանալ, թե երբ կարող է գալ հերթական ավտոբուսը։ Երբ գա, արդյոք, հնարավոր կլինի նստել, կամ գոնե նորմալ կանգնելու հնարավորություն կլինի, թե ոչ։ Վարորդները երթևեկության կանոններին չեն տիրապետում հիմնականում: Ուղևորների հետ խոսում են շատ կոպիտ, ղեկին ծխում են»,- Մարիամ Ասատրյանի կարծիքն է։

 

Քաղաքացիներին նաև հարցրինք, թե արդյոք գործող քաղաքային իշխանությունը ի վիճակի է լուծելու հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները: Հարցվողների մեծամասնությունը վստահ են, որ քաղաքային իշխանությունները կարող են լուծել խնդիրները և կարող էին դա վաղուց անել, եթե ունենային կամք:

 

 «Գործող քաղաքապետը պաշտոնավարում է շուրջ վեց տարի, տրանսպորտի վարչությանպետը՝ դրանից շատ, էս ընթացքում ոչ մի առանցքային բարեփոխում չի ավել, վստահ եմ, որ գործող իշխանությունը ի վիճակի  չէ  լուծել  հանրային  տրանսպորտի  խնդիրը, կամ՝ նրան ձեռնտու չէ խնդրի լուծումը», – կարծում է  Հակոբ Կարապետյանը:

 

 «Եթե իրենք էլ մեզ պես ամեն օր օգտվեին հանրային տրանսպորտից, գուցե հասկանային մեր վիճակը», – նկատում է   Էլեն Ադամյանը: 

 

«Թող անճաշակ դեկորացիաներ քաղաքում քիչ դնեն, դրա փոխարեն էդ գումարը  տրամադրվի  հասարակական տրանսպորտի խնդիրներին», – կարծում է  Արփի Գևորգյանը:

 

 Քաղաքացիներից ոմանք հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները կապում են «գծատերերի» նկատմամբ քաղաքապետարանի իրականացրած վերահսկողության բացակայության և կոռուպցիոն գործարքների հետ:

 

«Խնդիրները մեծամասամբ պայմանավորված են ագրագետ և ոլորտին չտիրապետող պատասխանատուներիառկայությամբ, սխալ հաշվարկներով: Գործող իշխանությունը, եթե ցանկանա կարող է, ինչպես նաև նախկիններն ու ապագաները: Այստեղ խնդիրը ցանկությունն է` եթե դա լինի և մի քիչ սեփական  շահը ստորադասեն, կնշանակվեն նաև ոլորտց հասկացող մարդիկ»,- Մարիամ Պետրոսյանի կարծիքն է:

 

Քաղաքացիներից շատերը դրական են գնահատում որոշ երթուղիներում միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով, սակայն քաղաքի երթուղիների կեսից ավելին շարունակում են սպասարկել միկրոավտոբուսներով:

 

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ներկայումս Երևան քաղաքի թվով 71 երթուղիներ սպասարկվում են միկրոավտոբուսներով, 46-ը՝ ավտոբուսներով, 10-ը՝ տրոլեյբուսներով: Ընդ որում, թե միկրոավտոբուսների, թե ավտոբուսների քանակը չի համապատասխանում երթուղիների սպասարկման համար անհրաժեշտ թվաքանակին: Այսպես, միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիների համար, ըստ հաշվարկների, անհրաժեշտ է 1471 հատ միկրոավտոբուս, այնինչ ներկայումս երևանցիներին սպասարկում է միայն 1207-ը: Ավտոբուսների դեպքում քանակը պետք է լիներ 616, սակայն սպասարկում է 504-ը:

  

Հիշեցնենք, որ 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը միայն այս տարվա սկզբում է որոշում կայացրել հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ձևավորելու վերաբերյալ: Խմբի առաջին նիստը տեղի է ունեցել վերջերս, որի ընթացքում հայտարարվել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների և իրագործելիության գնահատում։ Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

 

Ի՞նչ  են խոստանում   քաղաքապետի թեկնածուները

 

Տրանսպորտի ոլորտում սպասվող բարեփոխումները  Երևանի ավագանու ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի  նախընտրական  քարոզարաշվի մաս են կազմում: 

 

Մասնավորապես,  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը  մայարաքաղաքի  բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, նշել է,որ տրանսպորտի խնդիրը  Երևանում վերջին տարիներին  չէ, որ ծագել է, այն գոյություն ունի 90-ականներից ի վեր:   Նրա հաղորդմամբ   քաղաքապետարանն անցած տարիների ընթացքում ուսումնասիրել է միջազգային փորձը և քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը լուծելու ուղղությամբ: «Ես վստահեցնում եմ, որ եթե երևանցիներն առաջիկա ընտրություններում վստահեն մեզ, իրենք շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեն տրանսպորտի խնդրի լուծումը»,- խոստացել  է  Մարգարյանը,  հավելելով, որ  իրենք վարձել են խորհրդատուներ, որոնք արդեն աշխատում են և  հունիսի սկզբին կներկայացնեն տրանսպորտային խնդիրների լուծման ուղիները: Նրա խոսքով’ մայրաքաղաքում տրանսպորտային ոլորտում մեծ բարեփոխումներ են լինելու: «Մենք լուծումները տեսնում ենք: Պարզապես մեր քաղաքացիներին խնդրում ենք մի փոքր համբերել, և մենք կարճ ժամանակահատվածում կլուծենք այդ հարցը: Դա մեզ համար գերակա խնդիր է»,- եզրափակեց քաղաքապետը:

 

«ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրված   քաղաքապետի թեկնածու Նիկոլ  Փաշինյանը դիտարկում է տրանսպորտի խնդիրը իրենց  առաջնահերթությունների թվում: «Մենք կարևորում ենք հանրային տրանսպորտի խնդիրը: Պետք է էականորեն մեծացվի ավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոյով ուղևորափոխադրումների ծավալը և առաջիկա 5 տարվա ընթաքում պետք է դառնա առնվազն 80 տոկոս»,- ասաց նա «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի  ընթացքում:

 

 Նրա խոսքով,   մինչ բազմաթիվ բնակիչներ գազելներով կռացած են երթևեկում, Երևանի տրանսպորտային պարկում կա 230 ավտոբուս, որոնց 90 և ավելին տոկոսն թեև  ամբողջությամբ սարքին է, բայց երթուղի ընթանրապես դուրս չեն գալիս:

 

«Ես կարծում եմ որ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա և դա արվում է այն պատճառով, որ այդ ավտոբուսներն ինչքան շատ ակտիվ աշխատեն, այնքան երթուղայինների շահույթը պակասում է դրանից: Դա արվում է, որպեսզի այսպես ասած գազելների գծատերերի շահույթն ապահովվի, իսկ դրանից Երևանցիների սպխարողական իրավունքները խախտվում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Իր քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ  մինչև 2022 թվականը կբացվի առնվազն մեկ մետրոյի կայարան:

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի կարծիքով ՝ երևանյան տրանսպորտը միայն վիրահատական միջամտությամբ հնարավոր կլինի կարգի բերել: Օրերս  Շենգավիթի բնակիչների հետ իր հանդիպումները  նա սկսել էր առավոտյան ութին՝  իր կուսակիցների հետ Նժդեհի հրապարակի կանգառներով  անցնելով  ու հաշվելով երթուղայիններում կանգնած, կքած ուղևորներին: Հրապարակի կանգառներում կուտակումներ էին, աշխատանքի շտապող ուղևորները չէին կարողանում գերածանրաբեռնված միկրոավտոբուսները բարձրանալ:

 

 «Այն, ինչ որ տեղի է ունեցել այս քսան տարիների ընթացքում, այլևս անթույլատրելի է, որովհետև քաղաքակիրթ պետության պահանջներին չի համապատասխանում: Նաև այն գումարները, որ մենք տրամադրում ենք տրանսպորտի շահագործման համար փաստացի ուղղակի յուրացվում և վատնվում են: Եվ հիմնահատակ պետք է փոխվի քաղաքականությունը», –  մեկնաբանեց  Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական   ծրագրով առաջարկվում  է վերականգնել Երևանում  տրամվայը՝  որպես  էկոլոգիապես մաքուր  տրանսպորտի միջոց:  Զարուհի Փոստանջյանը  չի ընդունում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հակափաստարկը, թե «Գազել»-ները նոր ավտոբուսներով փոխարինելու, տրամվայը վերականգնելու համար քաղաքային բյուջեն չի բավարարում․

 

«Երբեք փող չի լինի՝ եթե դու զբաղվելու ես գողությամբ, յուրացմամբ և չարաշահումներով: Այդ հնարավորությունները կան, բայց այդ հնարավորությունները չեն թույլ տալիս, որպեսզի մենք օգտագործենք, որովհետև մենաշնորհ է՝ գծատերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են և այդ գումարները իրենց են յուրացնում: Այդ թվում նաև Տարոն Մարգարյանը», – հայտարարել է նա:

 

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի մեկնարկից ի վեր հայտարարել է, որ իրենց  թիրախը իշխող կուսակցությունն է  և առաջին անգամ չէ, որ մեղադրանքներ է հնչեցնում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի հասցեին:  Հարցադրումներից մեկը՝  «որտեղի՞ց քաղաքապետին միլիոնավոր դոլարների ունեցվածք, եթե ողջ կյանքում միայն պետական պաշտոններ է զբաղեցրել»:

 

«Հատ առ հատ պետք է հրապարկվի, թե որտեղից իրեն այդ եկամուտները, որ նա ձեռք բերեց այդպիսի գույք: Մենք տեսնում ենք հիմա ինչ է կատարվում Երևանում: Իհարկե մեր հանրային միջոցների հաշվին է այդ գույքը ձեռք բերվել», – համոզված է  Փոստանջյանը:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3607

Գլխավոր էջ