Ծեծի «ավանդույթ», թե՞ ավանդույթների խեղաթյուրում

 «Վարդուշին որ զարգեցիր, գիդես ընչի ըդպես վատ էղա, Վարդուշը քուկդ է, ըդոր համար կզարգես։ Վարդուշին կզարգես, էրեխեքիդ կզարգես, էդ ինչխո՞ր կյանքիդ մեջ հեչ մե անգամմ ընձի չզարգեցիր»։

 

  «Մեր մանկության տանգոն» ֆիլմից այս հատվածը ժողովրդական խոսքի՝ «Եթե ծեծում է, ուրեմն՝ սիրում է», կենցաղային վառ օրինակ է, որը, ցավոք  դեռ առկա է  մեր կյանքում և շատ հաճախ դառնում է ընտանեկան բռնության արդարացման հեշտ միջոց:

 

«Կինը բուրդ է, ինչքան ծեծես, այնքան կփափկի»,- այս առածն է միանգամից հիշում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը,- մեզ մոտ ընտանեկան բռնությունը շատ է ասոցացվում ավանդույթների հետ, փորձում ենք ինչ-որ մի կերպ արդարացնել դա՝ ասելով, որ դա մեր մտածելակերպից, մեր նորմերից, ավանդույթներից է գալիս, որ կինը պետք է ներքևում՝ ստորին օղակում լինի, տղամարդը՝ ավելի բարձր օղակում… նորմալ է եթե տղամարդը բռնության որևէ տեսակ կիրառի, նաև ծեծն է նորմալ։ Բացատրում է այսպես՝ բա քո ամուսինն է, ի՞նչ կա դրա մեջ, որ մի հատ էլ հարվածի»։

 

Հայաստանում ընտանեկան բռնության տարատեսակ դրսևորումները և նույնիսկ ծեծը շատերը բացատրում ու արդարացնում են ազգի ընտանեկան ավանդույթներով: Կնոջը ճնշելու կամ կամ բռնության ենթարկելու պրակտիկան նույնիսկ ի հայտ է գալիս լեզվամտածողության մեջ՝ եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է, ծեծը դրախտից ա դուրս եկել, կինը արտասուքով կլինի, մարդը զանգակ, կինը՝ բամբակ…

 

Կնոջը բռնության ենթարկելու պատմությունները նաև հայ գրականության մեջ են առկա։ Թերևս բոլորն են հիշում Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքի՝ կնոջը անընդհատ ծեծող և ի վերջո նրան սպանած հերոսի արդարացումը դատարանում՝ «Մի մուշտի էր տվի, էլի, ուրիշ բան խո չեմ արել»։ Պարզվում է՝ «մի մուշտի տալը» արդարացնելու մտածելակերպը նաև այսօր է արդիական։

 

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը նման մոտեցումը շատ ցավալի է համարում.- «Որովհետև չեմ կարծում, որ հայ ժողովրդի ավանդույթների ու ընկալումների մեջ մտնում է բռնությունը, ծեծը»,-միանգամայն արդարացիորեն նկատում է Նիկողոսյանը։

 

Իրականում ավանդական հայկական ընտանիքում կնոջը ներկայացված չափանիշները և պատասխանատվության մակարդակը շատ խիստ են եղել, սակայն նրա նկատմամբ բռնություն կամ ֆիզիկական ճնշումը ընդունելի է եղել միայն ծայրահեղ դեպքում՝ դավաճանության:

 

Ավանդական հայ ընտանիքի կենցաղը, ծիսակարգը, վարքականոնը ուսումնասիրած պատմաբան-ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանն ասում է, օրինակ, սասունցիները անհավատարիմ կնոջը պատժելու մի դաժան սովորույթ են ունեցել՝ կտրել են նրա սեռական օրգանը կամ կուրծքը։

 

«Միանգամայն անընդունելի տարբերակ է դա, սա իրոք կարելի է համարել ընտանեկան բռնություն, բայց եթե մեր հասարակությունը այդպիսի բանավոր սովորութային նորմեր չունենար, մենք աշխարհում կճանաչվեի՞նք որպես ամենաբարոյական ազգերից մեկը, մենք կարո՞ղ էինք օտար էթնիկ տարրերի հետ համատեղ գոյատևել և մեր ինքնությունը պահպանե՞լ»,- հարցնում է Նահապետյանը։

 

Սակայն հայերը անհանդուրժող են եղել նաև ընդունված բարոյական չափանիշներից շեղված տղամարդկանց նկատմամբ։ Իհարկե, նրանց նկատմամբ այդքան դաժան չեն եղել որքան կանանց, բայց մահանալուց հետո որպես պատիժ դիակը տան դռնից չեն հանել, այլ պատի ճեղքից, մարմինն էլ ամփոփել ընդհանուր գերեզմանատնից դուրս։

 

Նահապետյանն ասում է՝ ավանդական ընտանիքում հայ կինը պարտավոր է եղել հետևել  ընդունված ավանդական չափանիշներին` հնազանդություն, հավատարմություն, տնային աշխատանքներին նվիրվելու պատրաստակամություն, իր ու նոր ընտանիքի մշակութային միջավայրին հարմարվողություն և այլն: Հայ կինը մանկուց դաստիարակվում էր ընտանիքի շահերի պաշտպանության և հավատարմության ու ավանդույթների պահպանման, հնազանդության ոգով: Ամուսնուն հնազանդվելը կնոջ կարևոր պարտականություններից մեկն էր, նորահարսներն անգամ իրավունք չեն ունեցել շփվել ընտանիքի արական անդամների հետ,  իսկ խոսելու իրավունք ստացել են միայն 2-3 երեխա ունենալուց հետո։

 

«Կնոջ գնահատականը երեխաներն էր, որոնց քանակով էր բարձրանում նրա դերն ու կշիռը։ Պատկերացրեք ամուլ կնոջ վիճակը, ամուլ կինը ձայն չի ունեցել և համարվել է միայն աշխատող ձեռք»,- ասում է ազգագրագետը։

 

Մինչդեռ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանը իր «Հայ կանանց շարժումը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին» հոդվածում մեջբերում է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունու «Հայուհին պատմության առջև»  աշխատությունը (1936 թ.), որտեղ հեղինակը պնդում է, որ հին շրջանում և միջնադարում հայ կինը բավականին լայն ազատություններ է ունեցել, արժանավոր դիրք է գրավել հասարակությունում։

 

Հացունին դա բացատրում է հնագույն քաղաքակրթության ազգային առանձնահատկություններով, ապա քրիստոնեական ավանդույթների արմատավորմամբ, իսկ ուշ միջնադարում հայ կնոջ բարձր դիրքի ու ազատությունների նահանջն ու անկումը պայմանավորում է պետականության վախճանով և այլակրոն, այլաբարո տերությունների պարտադրված ազդեցությամբ։

 

Արդեն 18-19-րդ դարերում հայ կինը զրկված է եղել իր բարձր դիրքից. ըստ Րաֆֆու «Հայ կինը» աշխատության, ոչ ձայնի իրավունք է ունեցել, ոչ իր անձի տերն է եղել, և «իբրև մարդ զրկված է եղել  մարդկային ամեն իրավունքներից»։ Րաֆֆին այս վիճակի բուն պատճառը հիմնականում համարել է բազմանդամ՝ 20-30 անձից բաղկացած ընտանիքը, որի «ամբողջություն պահպանելու համար շատ բնական էր, որ կինկներին ձայն իրավունք չտրվեր», և «տիրող ազգերի բռնաբարությունը, որ ստիպեց քողի տակ պահել հայ կնոջը»։

 

Անահիտ Հարությունյանը, այդուհանդերձ, նշում է, որ 19-րդ դարում իգական դպրոցներում մասնագիտական կրթություն ստացած կանանց հաջողվեց իրապես փոխել այս իրավիճակը, սկիզբ դնել հայ կանանց շարժմանը. գրագետ, ուսյալ կանայք սկսել են ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում, հիմնել բարեգործական, կրթամշակութային հասարակական կազմակերպություններ և առաջին հերթին պայքարել կանանց լուսավորության, կրթություն ստանալու իրավունքի ապահովման համար։

 

«Կանանց շարժումը Հայաստանում 20-րդ դարում» հոդվածի հեղինակ Ջեմմա Հասրաթյանը նկատում է. – «19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին հայ կանանց շարժումը արդեն հասունացրել էր կնոջը ընտրական իրավունք տալու հարցը, հայկական առաջին հանրապետության տարիներին (1918-1920 թ.թ.) կանանց ընտրական իրավունքն ամրագրվել է սահմանադրությամբ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո կանայք դե յուր և դե ֆակտո ստացան բոլոր հնարավոր իրավունքները, որոնցից շատերի համար արևմտյան ֆեմինիստները դեռ տասնամյակներ շարունակ պայքարում էին»։

 

Այդուհանդերձ, նույնիսկ խորհրդային տարիներին հատկապես պահպանողական շրջաններում ընտանիքում կնոջը մեծ իրավունքներ չեն ընձեռել։   Օրինակ, 28-ամյա Ժաննա Գևորգյանը ասում է՝ Գյումրիից Վարդենիս հարս գնալուց հետո իր համար բացահայտել է, որ այստեղ «սկեսրայրի հետ հարս լինել» նշանակում է ամուսնու հոր հետ խոսելու իրավունք չունենալ։ Գևորգյանի ընտանիքում, իհարկե, այլևս չի պահպանվում այդ ավանդույթը, բայց սկեսրայրի հետ յոթ տարի (1980-ականներին) չի խոսել նրա սկեսուրը։

 

«Յոթ տարի սկեսուրս իր սկեսրայրի հետ ժեստերի լեզվով է հաղորդակցվել»,- ասում է Գեղարքունիքի մարզի բնակչուհին, որը Հայաստանի առավել պահպանողական մարզերից է համարվում և որտեղ տղամարդիկ նույնիսկ կարծում են, որ կնոջ՝ սխալ լինելու պարագայում կարող են նրան հարվածել կամ ծեծել։

 

«Հասարակություն առանց բռնության» հկ-ի ծրագրերի ղեկավարն ասում է՝ իրենց հարցումները ցույց են տվել, որ հատկապես մարզերում նույնիսկ կանայք են ծեծը որպես նորմալ երևույթ դիտարկում։

 

«Մենք շատ ենք գյուղեր գնում ու անընդհատ տեսնում ենք, որ երիտասարդ կանայք ու աղջիկները այդ մտածելակերպը ունեն, որ եթե իրենք ինչ-որ մի բան սխալ են արել, ուրեմն կարող են պատիժ կրել, ու պատիժը կարող է լինել ծեծը կամ հարվածը ու դա նորմալ է։ Կանանց 53.7 տոկոսը, ըստ մեր հարցումների, պատասխանել է, որ եթե տղամարդը ծեծում է, ուրեմն կինը ինչ-որ բան այն չի արել»,- ասում է Նիկողոսյանը։

 

Վարդենիսում բնակվող Ժաննա Գևորգյանն ասում է, որ բռնության դեպքերը երբեմն լիովին բացահայտ են, շատ հաճախ բոլոր հարևանները գիտեն, որ այս կամ այն տղամարդը պարբերաբար «ջարդում է» կնոջը։

 

«Կինը այստեղ մեծ մասամբ համարվում է տան գործերը անող, իրավունք չունի կարծիք արտահայտի, կամ էլ ինչ-որ որոշում կայացնի»,- ասում է 28-ամյա կինը։

 

Ընտանեկան բռնության յուրաքանչյուր հրապարակված ու չհրապարակված դեպք մեծ ցավով ու զայրույթով է արձանագրում այդ դեպքերը վավերագրող լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը։ 2010-ին մանկատան շրջանավարտ Զարուհի Պետրոսյանի սպանությունը ամուսնու կողմից ստիպեց Հայրապետյանին լուսանկարների միջոցով վավերագրել այդ դեպքերը։ Լուսանկարիչը կարծում է՝ կանայք իրենց ավելի լավ կկարողանան պաշտպանել, եթե առաջին հերթին ծնողների կողմից «ամուսնուն ծառայողի, ստրուկի հոգեբանությամբ չդաստիարակվեն»։

 

«Մամաների մտքում պետք է հեղափոխություն անել, որ ուրիշ կերպ դաստիարակեն իրենց աղջիկներին։ Հայկական ընտանիքում չեն պատկերացնում, որ աղջիկը կարող է աշխատել, կարիերա անել, էլ չեմ ասում՝ առանձին ապրել։ Կարող է՝ տանը իրեն արքայադստեր պես են պահում, բայց հենց մեծացավ, պետք է անպայման ամուսնացնեն։ Մամաներն էլ աղջիկներին սովորեցնում են երազել ամուսնանալու մասին, ոչ մի բարձր բանի մասին չեն թողնում երազել»,- զայրանում է Հայրապետյանը։

 

Աննա Նիկողոսյանը ասում է՝ բռնության դեպքերը նվազեցնելու համար կանանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելուց զատ շատ լուրջ աշխատանք է պետք տանել նաև տղամարդկանց հետ։

 

«Որովհետև տղամարդիկ էլ ունեն կրթության, իրազեկվածության խնդիր, ի վերջ տղամարդիկ էլ են նույն այդ կարծրատիպերի զոհերը, փոքրուց  սովորեցնում են, հեռուստացույցով նայում են, տեսնում են տղամարդու մոդել, որը կնոջ վրա գոռում է, կնոջը հրամայում է և մեծանում են նման արժեհամակարգով, և ապագա ընտանիքում էլ այդ արժեհամակարգն է գերիշխում։ Բոլորը պետք է փոխվեն, երկու կողմի հետ էլ պետք է աշխատել»,- ասում է Նիկողոսյանը։

 

Մինչդեռ ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանն ասում է՝ սովորույթները մկրատով հնարավոր չէ կտրել, և նույնիսկ այսօր կարելի է հնից, ավանդութայինից շատ ու շատ բաներ, որոնք համապատասխանում են մերօրյա պահանջներին և նորմերին,  վերցնել և պահպանել կենսաձևի մեջ։

 

«Միշտ ասել եմ՝ հայ տղամարդը պարտավոր է խոնարհվել հայ կնոջ առջև, աշխարհում և ոչ մի մայր, ոչ մի այլ էթնիկ տարր ներկայացնող կին իր ընտանիքին այնքան նվիրումով չի վերաբերել, իր կյանքը անձնազոհ կերպով զավակներին ու ամուսնուն, ընտանիքին չի նվիրել, նրանց այնքան պատասխանատու գուգուրքով չի վերաբերել, ինչպես հայ կինը։ Հայ կինը արժանի է ամենաբարձր գովեստի»,- ասում է Նահապետյանը։

 

Սիրանույշ Գևորգյան

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Սկզբնաղբյուրը՝  Aravot.am

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…

 

«Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»

 

Համաներմամբ ազատված բռնարար ամուսինը կալանավորվեց այլ գործով

 

Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց

 

«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

 

«Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»…

 

 

«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

 

Այս տարի ընտանեկան բռնություններից տասներկու կին մահացել է

 

«Մի՛ լռիր, ԽՈՍԻ՛Ր: Մենք կարող ենք օգնել քեզ». պատրաստվել է երկրորդ տեսահոլովակը

 

Ինչ հարցեր է կարգավորում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

Վերադառնա՛նք մեր արմատներին, ամուր պահե՛նք մեր ընտանիքները / տեսահոլովակ

 

«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը». նախագահի նախկին թեկնածուն իրեն խայտառակեց

 

 

 

 

 


Դիտումների քանակը` 4629

Գլխավոր էջ