ՏԻՄ ընտրությունների մասնակից 17 քաղաքական ուժերից միայն  մեկի ցուցակն է կին գլխավորում

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակվել են  հոկտեմբերի 17-ին Հայաստանի վեց համայնքներում՝  Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում և Դիլիջանում, կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները։ Թեև ընտրություններին մասնակցող 17 կուսակցությունները և դաշինքներն իրենց ընտրական ցուցակներում ընդհանուր առմամբ 36% կին թեկնածուներ են ընդգրկել, սակայն  ցուցակներից միայն մեկն է կին գլխավորում, ինչը նշանակում է, որ միայն մի դեպքում է համայնքի ղեկավարի պաշտոնին կին հավակնում:

 

 

 

Հոկտեմբերի 17-ին վեց համայնքներում կայանալիք  համամասնական ընտրություններում առաջադրված 17 քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդհանուր թվով 728 թեկնածու կա, որից 263-ը կամ  36%-ը կանայք են։ Ամենից շատ կանայք են ընդգրկված Դիլիջանում   մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում՝  38%,  Գյումրիում և Մեղրիում՝ 37%,   Գորիսում կին թեկնածուները  ՝33% են, Տաթևում և Տեղում` 32%:

 

 

Կանանց նման ներկայացվածությունն ավելին է, քան ՀՀ ընտրական օրենսգրքում համամասնական ընտրությունների դեպքում ամրագրված թեկնածուների  առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան, որը հետևյալ կերպ է ձևակերպված.  «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:

 

 

Ընտրություններին մասնակցող 17 կուսակցություններ և դաշինքներից միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է  առաջադրումներ արել բոլոր վեց համայնքներում, «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրացուցակներ է առաջադրել հինգ համայնքներում՝ Գյումրիում, Տաթևում, Տեղում, Մեղրիում, Դիլիջանում։ «Հանրապետություն» կուսակցությունը առաջադրվել է  Դիլիջանում, Մեղրիում: Մնացած քաղաքական ուժերը մեկական համայնքներում են առաջադրվել:

 

 

Գյումրիում ավագանու անդամի ընտրությունների մասնակից 10 քաղաքական ուժերը միասին առաջադրել են 290 թեկնածու, որից 108-ն են կանայք  (37%) ։

 

 

 Գյումրու ընտրություններին մասնակցում են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրստոնեական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը։

 

 

Տասը ուժերից որևէ մեկը կին չի գլխավորում։ Քաղաքական ուժերի միայն մեկի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում է կին ներկայացված՝ Երանուհի Բահարյանն է,  թարգմանչուհի է, ապրում է Գյումրիում։ Մյուս քաղաքական ուժերի դեպքում կանայք ցուցակի երրորդ հորիզոնականից են ներկայացված՝ Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի ձևակերպման համաձայն:

 

 

Գորիսում ընտրություններին մասնակցում են գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի ղեկավարած ու նրան անվամբ կոչվող դաշինքը, Հայ Ազգային Կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ընդհանուր առմամբ ընտրական ցուցակներում ներառված է 101 թեկնածու, որոնցից 33-ը կանայք են (33%)։

 

 

Ավագանու համամասնական ընռրություններին մասնակցող երեք ուժերի ընտրական ցուցակները տղամարդիկ են գլխավորում։ Նույնիսկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը «Առուշ Առուշանյան» դաշինքի  ցուցակի երրորդ հորիզոնականում է։

 

 

 

Դիլիջանում ավագանու ընտրություններին մասնակցում է  հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները, որոնց ցուցակներում  ընդհանուր առմամբ ընդգրկված է 112 թեկնածու, դրանցից  43-ը կանայք են ( 38%)։

 

 

«Ապրելու երկիր» կուսակցությունը, որի նախագահը աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգաավոր Մանե Թանդիլյանն է, ընտրական ցուցակի առաջին տեղում հատկացրել է Արմինե Հովհաննիսյանին։ Նա Դիլիջանի համայնքային  կենտրոնի ՀԿ նախագահն է։  Ի դեպ, սա այս ընտրությունների միակ ցուցակն է, որ կին է գլխավորում։ Դիլիջանում ու ընդհանրապես, մյուս կուսակցությունների ընտրացուցակները գլխավորում են բացառապես տղամարդիկ։

 

 

«Հանրապետություն» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունների ընտրացուցակների երկրորդ հորիզոնականներում կանայք են ներկայացված։ «Հանրապետության» թեկնածուն անհատ ձեռներեց Նունե Սանթրոսյանն է, ՔՈ-ինը՝ անկուսակցական Կարինե Ավագյանն է, որը Դիլիջան ԲԿ-ում աշխատում է որպես տարածքային բժշկուհի։ ՔՈ-ի ցուցակի երրորդ համարն էլ է կին թեկնածու.  Կարինե Բոգդանյանը Եվրոպական համալսարանի  դասախոս է։

 

 

 

Մեղրիում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները։ Ընդհանուր առմամբ չորս քաղաքական ուժերի ցուցակներում ներառված է 102 թեկնածու, որից 38-ը կանայք են (37%)։

 

 

Որևէ ուժի ցուցակը կին չի գլխավորում, կանայք չկան նաև երկրորդ հորիզոնականներում։

 

 

Տաթևում ընտրության մասնակիցները երեք քաղաքական ուժեր են՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» ու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունները:  Ընդհանուր առմամբ երեք ուժերն առաջադրել են 62 թեկնածու, որից 20-ն են կանայք (32%)։

 

 

Ընտրություններին մասնակից  ուժերից որևէ մեկի ընտրացուցակը կին չի գլխավորում։ ՔՊ ցուցակի երկրորդ հորիզոնականում Շինուհայրի միջնակարգ դպրոց ուսուցչուհի Ժաննա Բարսեղյանն է։

 

 

 

Տեղում ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, որոնք առաջադրել են 65 թեկնածու, դրանցից 21-ը՝  կանայք են (32%)։

 

 

 

Ընտրություններին մասնակցող ուժերից որևէ մեկի ընտրացուցակը կանայք չեն գլխավորում, երկրորդ հորիզոնականներում նույնպես իգական սեռի ներկայացուցիչներ չկան։

 

 

***

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17 -ին համամասնական ընտրություններին  պատրաստվող 6 համայնքներից` Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներից,  միայն երկուսի ավագանիներում են  կանայք ներկայացված  (Գյումրի և Տեղ) , ընդ որում Գյումրիում կանանց ներկայացվածությունը եղել է  Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի պահանջ։

 

 

Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվռել է սեպտեմբերի 12-17-ը։ Թեկնածուները, կուսակցությունները, դաշիքնները, դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններն ինքնբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18։00-ն։

 

 

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։

 

 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1031

Գլխավոր էջ