Ինչպե՞ս է փոխվելու կանանց ներկայացվածությունը ավագանիներում հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է  հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներն ու մանդատների բաշխման մասին որոշում կայացրել:  WomenNet.am – ը հաշվարկել է ստացվսծ  մանդատներից քանիսն են բաժին ընկնելու կանանց, եթե ինքնաբացարկներ չլինեն:

 

 

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ  համամասնական ընտրություններ անցկացվեցին Գյումրիում (Շիրակ), Գորիսում (Սյունիք), Մեղրիում (Սյունիք), Տաթևում (Սյունիք), Տեղում (Սյունիք), Դիլիջանում (Տավուշ): Ըստ նախնական հաշվարկների  գրեթե ամեն տեղ կանանց ներկայացվածության առումով զգալի առաջընթաց է արձանագրվել կիրառված գենդերային քվոտայի շնորհիվ:  Բացառություն է կազմում Տեղ համայնքը, որոտեղ մինչ այս ընտրությունները  կանանց ներկայացվածությունը եղել է 27.3%, իսկ ընտրությունների արդյունքում 26.6% է:

 

 

 

Գյումրի

 

Ըստ հրապարակված վերջնական արդյունքների, Շիրակի մարզկենտրոն Գյումրու ավագանին կազմված է լինելու քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչներից։ Առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 14 մանդատ, որից  4-ը բաժին կհասնի կանանց՝ ըստ ընտրացուցակի։

 

 

Եթե հրաժարականներ չլինեն, ապա ավագանիում «Բալասանյան դաշինք»-ի ներկայացուցիչ կանայք կլինեն «Գյումրի գարեջուր» ՍՊԸ փոխտնօրեն Լուսինե Սանոյանը, անհատ ձեռնարկատեր Արուսյակ Հովհաննիսյանը, «Գյումրի գարեջուր» ՍՊԸ հաշվետար Նաիրա Պողոսյանը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ-ի աշխատակից, անկուսակցական Սոնա Հովհաննիսյանը։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 11 մանդատ, որից 3-ը  բաժին կհասնի կանանց։

 

Իշխող կուսակցությանը ավագանիում կներկայացնեն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց ՓԲԸ-ի տնօրեն Աստղիկ Բեյբուտյանը, Ազգային ժողով փորձագետ Քնարիկ Հարությունյանը,  Երիտասարդների համագործակցության միջազգային կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ Զոյա Միքայելյանը։

 

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ունի 4 մանդատ, ավագանիում ներկայացված միակ կինն այս ուժից կլինի անհատ ձեռնարկատեր Սվետլանա Ադամյանը։

 

 

Հայաստանի Հանրապետական ու «Ապրելու երկիր»    կուսակցությունները կունենան 2-ական մանդատ, սակայն այս ուժերի ընտրացուցակների առաջին կին թեկնածուները երրորդ հորիզոնականներում էին ներկայացված և այս պահին դեռ պարզ չի, ինչպես  են կուսակցությունները լուծելու իրենց խմբակցություններում կանանց ներկայացվածության  Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը, այն է.

 

«Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքով կուսակցության մանդատների 70 %ից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 % գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 %ից ոչ պակաս ներկայացվածություն»։

 

Հետևաբար, ակնկալվում է, որ երկուական մանդատ ստացած կուսակցությունները պետք է ինչ որ կերպ լուծեն կանանց ներկայացվածության հարցը, և այդ դեպքում Գյումրու ավագանու 32 անդամներից 10-ը կամ 31 %-ը կլինեն կանայք: Սակայն այս պահին հստակ կարելի է խոսել միայն երեքի կամ 20%-ի մասին: Համեմատության համար նշենք, որ Գյումրու ավագանու կազմում նախորդ ընտրությունների արդյունքներով 8 կին (25%) կար։

 

 

Այս ընտրություններում Գյումրիում առաջադրված կուսակցությունների ցուցակներում միջինում 37 % կին էր ներկայացված:  

 

 

Գորիս

 

 

Գորիսի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ 21 մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ «Առուշ Առուշանյան» դաշինք՝ 13 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրես»՝ 1 մանդատ։

 

 

«Առուշ Առուշանյան» դաշինքից, ըստ ընտրացուցակի, ավագանիում  ներկայացված կլինեն 4 կանայք՝  Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը, «Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը, անհատ ձեռնարկատեր Հերմինե Դիլանչյանը, Վերիշենի միջնակարգ դպրոցի  դասվար Արմենուհի Սոնյանը։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ներկայացված կլինեն  2 կին՝ Գորիսի պետական համալսարանի դասախոս Անի Գալստյանը, Գորիսի 3-րդ դպրոց մանկավարժ Արաքսյա Քոչարյանը։

 

 

ՀԱԿ ընտրացուցակի առաջին տեղում Գորիսի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանն է, հետևաբար ՀԱԿ-ն ավագանու կին անդամ չի ունենա։

 

 

Այսպիսով Գորիսի ավագանու 21 անդամներից 6-ը կամ 29 % կլինեն կանայք։  Համեմատության համար նշենք, որ Գորիսի գործող ավագանու կազմում կանայք չկային։

 

 

Այս  ՏԻՄ ընտրություններին Գորիսում  մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում կանայք ներկայացված էին 33 %ով։

 

 

Մեղրի

 

 

Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․  «Հանրապետություն» կուսակցությունն ունի 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝  5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։

 

 

 

«Հանրապետություն» կուսակցությունն ավագանիում կներկայացնեն 2 կանայք. Շվանիձորի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչ  Սոնա Ադամյանը,  «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես հանդերձապահ աշխատող Արևիկ Ստեփանյանը։

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մեղրիի ՏԻՄ-ում կներկայացնի 1 կին՝ Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ի  ֆինանսական վերլուծաբան, առաջատար տնտեսագետ Արևիկ Աղամալյանը։

 

 

«Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, որոնց բաժին է ընկել երկուական մանդատ, իրենց  ցուցակներում ներկայացրել էին կանանց երրորդ հորիզոնականներից սկսած, հետևապես ավագանիում կանանց  ներկայացվածության հարցը , ինչպես և Գյումրիում, պետք է լուծվի վերընշված Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 6-րդ կետի:

 

 

Արդյունքում Մեղրիի ավագանու 15 անդամներից  5-ը կամ 33 % կլինեն կանայք, սակայն  այս պահին հստակ կարելի է խոսել միայն երեք կանանց կամ 20%-ի մասին ։ Սա գործող ավագանիում կանանց ներկայացվածության համեմատ բավականին լավ ցուցանիշ է, քանի որ գործող ավագանու 11 անդամների թվում կանայք չկային:

 

 

Դրա հետ մեկտեղ Մեղրիում ՏԻՄ ընտրությւոնների մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակներում թեկնածուների 37 %-ը  կանայք էին։

 

 

Տաթև

 

 

Տաթևում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 7 մանդատ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանիումկներկայացնեն 2 կանայք՝ Շինուհայր միջնակարգ դպրոց գործավար-քարտուղար Սոնա Ավետյանը,  Շինուհայրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ժաննա Բարսեղյանը։

 

 

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունից ավագանիում ներկայացված կլինեն 2 կանայք՝  Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարի Թևոսյանը և Արմենուհի Ներսիսիյանը, որը չի աշխատում։

 

 

«Ապրելու երկիր» կուսակցությունից, ըստ ընտրացուցակի,  կանայք ընդգրկված չեն լինի ավագանիում։

 

 

Արդյունքում Տաթևի ավագանու 15 անդամներից 4-ը կամ 27 % կլինեն կանայք։ Համեմատության համար նշենք, որ Տաթև համայնքի նախկին ավագանու ութ անդամներից որևէ մեկը կին չի եղել։

 

 

Տաթևում այս ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ցուցակներում կանանց ներկայացվածությունը 32 % էր։

 

 

Տեղ

 

 

Տեղ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 2 քաղաքական ուժ․ 10 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 5 մանդատ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը։

 

 

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու կազմում ներկայացված կլինեն 3 կին՝   Տեղի N1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նազիկ Բաղդասարյանը, Տեղի N2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աննա Միքայելյանը, Տեղի N1 միջնակարգ դպրոցի հաշվապահ Լորա Սիմոնյանը։

 

 

«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանիում  կունենա 1  կին անդամ՝  Ինգա Հովհաննիսյանը, որը չի աշխատում։

 

 

Արդյունքում Տեղի ավագանու 15 անդամներից  4-ը կամ 26.6 % կլինեն կանայք։ Համեմատության համար նշենք, որ գործող ավագանու 11 անդամներից 3-ը կամ 27 %-ն են կանայք։  Այսինքն, կանանց ներկայացվածությունը փոքր ինչ նվազել է։

 

 

Նշենք, որ Տեղի համամասնական ընտրությունների մասնակից այդ երկու քաղաքական ուժերի ցուցակներում կին թեկնածուները 32 % էին կազմում։

 

 

 Դիլիջան

 

 

Դիլիջանում  համամասնական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ 13 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 5 մանդատ՝  «Ապրելու երկիր» կուսակցությունը, 2 մանդատ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, 1 մանդատ՝ «Հանրապետություն» կուսակցությունը։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությւոնը քաղաքի ավագանու կազմում կունենա 4 կին անդամ՝  Դիլիջանի թիվ 2 դպրոց փոխտնօրեն Քրիստինե Սարգսյանը,  Իջևանի ԲԿ ակնաբույժ Զարինե Ղամբարյանը, Դիլիջանի թիվ 2 դպրոցի հատուկ մանկավարժ Գողար Ղազարյանը և Քրիստինե Շահնազարյանը, որը չի աշխատում։

 

 

«Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանիում կունենա 1 կին անդամ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ  նախագահ Արմինե Հովհաննիսյանը, որը գլխավորում էր ընտրական ցուցակը։

 

 

«Քաղաքացու որոշում» կուսակցությունից ավագանու կազմում ներկայացված կլինի 1 կին՝ Դիլիջան ԲԿ-ի տարածքային բժշկուհի Կարինե Ավագյանը, որ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում է։

 

 

«Հանրապետություն» կուսակցությունը, ըստ ընտրացուցակի, կին անդամ չի ունենա ավագանիում։

 

 

Արդյունքում Դիլիջանի ավագանու 21 անդամներից 6-ը կամ 29 %-ը կլինեն կանայք։ Գործող ավագանու 14 անդամների թվում կանայք չկային։

 

 

Այս ընտրություններում Դիլիջանում  մասնակցած  քաղաքական ուժերի ցուցակներում կանայք թեկնածուների 38 %ն էին կազմում։

 

 

 

 

Մեծամասնական ընտրություններ

 

 

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներին, ապա Շամիրամում ու Ֆիոլոտովոյում համայնքի ղեկավարներ են ընտրվել տղամարդիկ.  կին թեկնածուներ չկային։

 

 

Արագածոտնի մարզի Շամիրամ և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքների ավագանու անդամների թեկնածուների թվում նույնպես կանայք չկային։

 

 

Լոռու Ֆիոլետովոյի ավագանին ունի հինգ անդամ, առաջադրված 13 թեկնածուներից 4-ը կանայք էին։ Սակայն նրանք չեն ստացել բավարար թվով ձայներ ավագանու կազմում ընդգրկվելու համար։ Նշենք, որ այդ գյուղի գործող ավագանու հինգ անդամներից  2-ը կանայք էին։  

 

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

Դիտումների քանակը` 867

Գլխավոր էջ