ՏԻՄ ընտրություններ-2019. Ո՞ւր են կանայք
Փետրվարի 17-ին տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 24 համայնքներում։ Առաջադրումներն ավարտված են և կարելի է փաստել, որ առաջիկա ընտրություններն աչքի են ընկնելու կին թեկնածուների շատ ցածր մասնակցությամբ: Մյուս կողմից, պատկերն օրինաչափ է այն իմաստով, որ նշված համայնքների գործող ավագանիների կազմում էլ կանայք սակավաթիվ են եղել:
ԿԸՀ-ի տվյալներով, 14 համայնքում հերթական ընտրություններ են։ Դրանցից 11-ում՝ Օհանավանում, Տեղերում, Վարդաշենում, Հայկավանում, Հովտամեջում, Նալբանդյանում, Նոր Արմավիրում, Քաղսիում, Հառիճում, Ծաղկավանում, Ակնաղբյուրում համայնքի ղեկավար են ընտրելու, 3-ում՝ Ջրաշենում, Գետահովիտում, Իջևանում` ավագանու։
Մնացած 10 համայնքներում արտահերթ ընտրություններ են։ Համայնքի ղեկավար են ընտրելու իննում՝ Արևաբույրում, Ուրցաձորում, Վարդանաշենում, Ակունքում, Վարդենիսում, Ձորագետում, Նոր Գեղիում, Աշոցքում, Մալիշկայում։ Դրանցից երկուսը՝ Աշոցքն ու Ուրցաձորը խոշորացված համայնքներ են։
Հիշեցնենք, որ իշխանափողությունից հետո այս համայնքապետերը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։ Ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված Արմավիրի մարզի Մարգարա գյուղում։
Արտահերթ ընտրությունների պարագայում առաջադրված թեկնածուների գրանցումը կատարվում է հունվարի 27-29-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։ Այսօր վերջին օրն էր։ Առաջադրման համար թեկնածուները փաստաթղթերը ներկայացրել էին հունվարի 23-27-ը։ Հերթական ընտրություններին մասնակցող թեկնածուներն ավելի վաղ էին ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ հունվարի 13- 18-ը։ Գրանցման ժամկետը սահմանված էր հունվարի 18-23-ը։
Համայնքի ղեկավարի 72 թեկնածուների թվում կին չկա։
Ընդհանուր առմամբ, 20 համայնքում համայնքի ղեկավարի ընտրության համար առաջադրվել է 76 թեկնածու, ինքնաբացարկներից հետո մնացել են 72-ը։ Նրանց թվում կանայք չկան: Բոլոր թեկնածուներն ինքնքառաջադրված են, հիմնականում անկուսակցական են։ Նրանցից 16-ը համայնքի ղեկավար է կամ ժամանակավոր պաշտոնակատար։
Ինչ վերաբերում է ավագանու անդամի ընտրություններին, ապա առաջադրված է 62 թեկնածու, նրանցից միայն մեկն է ինքնաբացարկ հայտնել։ Այստեղ էլ 61 թեկնածուներից 5-ն են կանայք։
Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններ անցկացվելու են չորս համայնքում՝ Արմավիրի մարզի Ջրաշեն և Մարգարա, Տավուշի մարզի Իջևան և Գետահովիտ համայնքներում։
Մարգարայում առաջադրված է 13 թեկնածու, նրանց թվում 3 կին կա՝ անկուսակցական Նինել Ալեքսանյանը, նույն համայնքի միջնկարգ դպրոցի փոխտնօրեն, անկուսակցական Նաիրիա Մարտիրոսյանը (գործող ավագանու անդամ, նախկինում ՀՀԿ-ական), նույն դպրոցի տնօրեն, անկուսակցական Արուսյակ Մուրադյանը։
Ջրաշենում առաջադրված է 8 թեկնածու, բոլորն էլ տղամարդիկ։ Գործող ավագանու կազմում բոլորը տղամարդիկ են։
Գետահովիտում 7 թեկնածու կա։ Նրանցից միայն մեկն է կին՝ Անյա Խաչատրյանը, նա անկուսակցական է։ Գյուղի ավագանու յոթ անդամներից որևէ մեկը կին չէ։ Ենթադրվում է, որ նորընտիր ավագանու կազմում մեկ կին կլինի։
Իջևանում 33 թեկնածու է առաջադրվել ավագանու 12 տեղի համար։ Նրանից միայն մեկն է կին։ Տաթևիկ Մինասյանն անկուսակցական է, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սոցիալական աշխատող։ Գործող ավագանու կազմում կանայք չկան։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1907