Լուսինե Հովհաննիսյան. «Մարդիկ  զարմանում են ու մտածում՝ կարելի է ընտրել, տեսնենք ինչ կփոխվի»

Լոռու մարզում մի շարք համայնքների հետ միասին խոշորացման ցանկում հայտնվել են նաև Ստեփանավանի տարածաշրջանի Ուրասար ու Կաթնաղբյուր համայնքները: Դրանք կմիացվեն Ստեփանավան համայնքին: Առաջիկա ընտրություններին Ստեփանավանի ավագանու անդամ դառնալու համար հայտ է ներկայացրել 18 թեկնածու, որոնցից երկուսը՝ կին:

 

Մեր զրուցակիցն է  Լուսինե Հովհաննիսյանը՝ ֆրանսիական բարեգործական կազմակերպության ու ֆրանսախոսների ակումբի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը: Մասնագիտությամբ  լեզվաբան է: Ասում է՝ առաջիկա ՏԻՄ ընտրությւններին որպես ավագանու անդամության թեկնածու առաջադրվելու պատճառը մեկն է՝ ինչ-որ բան փոխել դեպի լավը:

 

Թվով 16 տղամարդկանց հետ նախընտրական պայքարի մեջ մտած թեկնածուի կարծիքով տղամարդիկ ավելի ազատ են քարոզարշավ իրականացնելու հետ կապված հարցերում: «Օրինակ, եթե տղամարդն ունի ընկերներ, կարող է ազատ իրականացնել իր քարոզարշավը, կինն ինչ-որ տեղ կաշկանդված է: Դա երևի հայ կնոջ բնույթից է: Տարիների ընթացքում, երբ դառնում ես ակտիվ քաղաքական գործիչ, միգուցե դա այլևս չի խանգարում, բայց ինձ՝ որպես սկսնակ քաղաքական գործչի, շատ է խանգարում»,- ասում է նա:

 

Այդուհանդերձ, Լ. Հովհաննիսյանը վստահ է՝ Ստեփանավանում կին թեկնածուն ընտրվելու մեծ շանսեր ունի:  «Քաղաքում ով իմանում է, բոլորը միայն ողջունում են, որ ավագանու կազմում կարող է կին լինել,  ում առաջարկներն ու  մտածելակերպը   կարող են  ստանդարտ,քարացած կարծատիպերից դուրս  լինել ու  ինչ-որ բան փոխել»:

 

Թեկնածուի խոսքով՝ Ատեփանավանի ավագանու կազմում մշտապես կանանց պակաս է եղել: Պատճառը, կարծում է՝ դեռևս պահպանվող ավանդական, նահապետական մոտեցումներն են: «Երևի զուտ նահապետական պատկերացումներ  կան, որոնք ինձ թվում է  խանգարում են: Եթե կին է, ուրեմն  ավելի շատ տուն, ընտանիք, երեխաներ… Նույնը նաև գործարար կանանց դեպքում է: Տեսեք, գործարար կանայք կան, որոնցով կարող է հիանանք, բայց նաև ինչ-որ տեղ թեք էլ են նայում, որովհետև մեր աչքը սովոր է, որ   պետք է տղամարդ լինի գործարարը,- նշում է զրուցակիցս ու հավելում,- կոնկրետ իմ ընտանիքում շատ լավ են վերաբերում իմ առաջադրմանը»:

  

Լուսինեն  գտնում է, որ կանանց հետ կապված կարծատիպերը հաղթահարելու հարցում մեծ դերակատարում ունեն լրատվամիջոցները, որոնք պետք է ավելի ակտիվ  ներկայացնեն կանանց, նրանց հաջողության պատմությունները:
 

Մեր հարցին՝ թեկնածուները շատ են,  ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձեզ, պատասխանում է. «Ստեփանավանը փոքր  քաղաքը է, ինձ շատ մարդ է ճանաչում ու կարող է ինչ-որ տեղ նաև այդ գործոնը ազդի: Ինձ ընտրելու են մարդիկ,  ովքեր ինձ հարգում են, սիրում են: Ինչո՞ւ չէ, նաև հետաքրքրության համար: Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր  զարմանում են ու մտածում՝ կարելիէ ընտրել, տեսնենք ի՞նչ կփոխվի»:

Այն, որ կանանց ներգրավմամբ ՏԻՄ համակարգում շատ բան կարող է փոխվելու, թեկնածուն չի էլ կասկածում: «Ընտանիքը փոքրիկ օղակ վերցնենք: Տունը, բյուջեն կինն է ավելի լավ ղեկավարում, թե տղամարդը: Իհարկե կինը: Նայենք այն երկրները, որտեղ ղեկավարները կանայք են:   Կինն իր բնույթից ելնելով հիմնականում ավելի ճիշտ է կարողանում ղեկավարել տնտեսությունը: Իսկ տնտեսություն ղեկավարելը նույն բան է, ինչ քաղաք ղեկավարես, երկիր ղեկավարես, ուղղակի ավելի մեծ մասշտաբով: Կնոջ ներգրավումը նաև մտածելակերպի այլընտանքային հնարավորություն է տալիս:   Ինձ թվում է,  տղամարդիկ մի կերպ են մտածում, իսկ կինը նույն հարցը մեկ այլ ձևով է դիտարկում»,- նշում է Լ. Հովհաննիսյանը: 

 

Ընտրություններին ընդառաջ թեկնածուի կոչն ընտրողներին մեկն է՝ ակտիվ եղեք:Ընտրական հանձնաժողովներում բազմիցս աշխատած Լ. Հովհաննիսյանը տարիների ընթացքում արձանագրել է՝ հասարակությունը չափազանց պասիվ է ցանկացած տեսակի ընտրություններին մասնկցելու հարցում: ՛

 

«Ամեն մեկն ասում է՝ ես ոչինչ չեմ կարող փոխել ու նստում է տանը: Էական չէ,  ում կընտրեն, բայց գոնե ակտիվ լինեն, իներտ չմնան: Մեր հասարակությունը շատ պասիվ է, ամեն ինչից հոգնած ու ապագան չտեսնող: Ես հասկանում եմ, դա ունի նաև իր պատճառները, բայց ամեն դեպքում պետք է  ակտիվ լինել: Իսկ ում կընտրեն, դա  էական չէ , կարևորը՝  ազատ ընտրեն»:

 

Գայանե Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 2512

Գլխավոր էջ