Ինչպե՞ս փոխվեց կանանց ներկայացվածությունը ՏԻՄ-երում դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո/ ինֆոգրաֆիկա
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում համայնքերի մեծ մասում ավագանիները հրավիրել են անդրանիկ նիստերն ու ընտրել համայնքապետեր։ Խոշորացված մի քանի համայնքներում քվեարկության արդյունքների վերաբերյալ դատական հայցեր են ներկայացվել, ինչը ձգձգում է համայնքապետերի ընտրությունը։ Կան նաև քրեական հետապնդումներ առավել շատ ձայներ ստացած թեկնածուների նկատմամբ, ինչով պայմանավորված համայնքի ղեկավարների ընտրությունները չեն կայացել։
Այս պահին հստակ է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում երկու խոշորացված համայնք կղեկավարեն կանայք՝ Վաղարշապատում կշարունակի ղեկավարել Դիաննա Գասպարյանը, Ամասիայում՝ Ջեմմա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վերջին ընտրություններում քաղաքական ուժերի ընտրացուցակներից միայն երեքն էին կանայք գլխավորում։
WomenNet.am-ը` հիմք ընդունելով տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումներն ավագանու ընտրված անդամներին գրանցելու վերաբերյալ, փորձել է պարզել ինչպես է փոխվել ավագանիներում կանանց ներկայացվածությունը դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների արդյունքում:
Համամասնական ընտրությունների արդյունքներով կանանց թիվը ավագանիներում էականորեն ավելացել է
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 5-ի համամասնական ընտրությունների արդյունքներով կանանց թիվը նշված համայնքների ավագանիներում էականորեն ավելացել է ՝ հասնելով 31%-ի, այն դեպքում, որ մինչ խոշորացումը 36 փնջերում միավորվող 441 համայնքերում կանանց ներկայացվածությունը ընդամենը 8.8% էր կազմում:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի շնորհիվ արձանագրված այս առաջընթացը գրանցվել է ոչ բոլոր համայնքներում, թեև ընտրությունների մասնակից 44 քաղաքական ուժերի ընտրականցուցակներում միջինում 33.2% կին թեկնածու էր ընդգրկված: Օրինակ, Ապարանում ավագանու կազմում որևէ կին չկա, մի շարք համայնքներում էլ կանանց ներկայացվածությունը ցածր է քվոտայի չափից՝ 30 %-ից և նույնիսկ օրենքով խմբակցությունների կազմի համար սահմանված ամենացածր շեմից՝ 25%-ից: Պատճառները հիմնականում ինքնաբացարկներն են եղել և մանդատից հրաժարումները:
Դրա հետ մեկտեղ , ըստ դեկտեմբերի 16-իդրությամբ ՏԸՀ -ների արձանագրությունների , կան համայնքներ, որոնցում կանանց ներկայացվածությունը 40%-ի է հասնում: Կանայք առավել մեծ ներկայացվածություն ունեն Լոռու մարզի Փամբակ, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքների ավագանիներում՝ 40%, դրանց հաջորդում է Վանաձորը՝ 39 %, Խոյ և Բաղրամյան համայնքները՝ 38 % ցուցանիշներով։
Համայնքների գերակշիռ մասի ավագանիներում կանանց ներկայացվածությունը 33% է, ինչպես օրինակ Առաքսում, Հրազդանում, Վարդենիսում, Թալինում, Արարատում, Մասիսում, Վաղարշապատում, Արմավիրում, Ջերմուկում և այլն։
Նորընտիր ավագանիներում կանանց ներկայացվածության մասին առավել մանրամասն ինֆոգրաֆիկաներում:
Տեղեկատվությունը ներկայացված է դեկտեմբերի 16-ի դրությամբ Տարածքային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա:
Ծանուցում. Արմավիրի մարզի Առաքս համայնքի ավագանիում կանանց ներկայացվածությունը 33% է կազմում
Ինչպիսի՞ն են մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները
Դեկտեմբերի 5-ին մեծամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին երկու համայնքում՝ Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր գյուղերում։ Այստեղ ընտրեցին և համայնքի ղեկավար, և ավագանի։ Եզդիաբնակ երկու գյուղում էլ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուների թվում կանայք չկային։
Արևուտում նախորդ ավագանին ուներ հինգ անդամ, նրանց թվում կանայք չկան։ Ավագանու անդամի համար առաջադրված 8 թեկնածուների թվում էլ կանայք չկային։
Իսկ Մեծաձորի նախորդ ավագանին 6 անդամ ուներ, նրանցից 2-ը կանայք էին։ Այս առումով համայնքում ոչինչ չի փոխվել ՝ ավագնու կազմում կրկին երկու կին է ընտրվել, թեև առաջադրված 8 թեկնածուներից չորսը կանայք էին։ Չորս կանանցից երկուսը՝ Բրոյան Ջամիլան և Շամոյան Հերիքը 7-ական ձայներով ընտրվել են։ Նրանցից մեկը՝ Մահմուդյան Սոնան ստացել է 0 ձայն։ Ի դեպ, Խուդոյան Ռուզաննայի և Օզմանյան Դավիթի օգտին քվեարկել են 6-ական ընտրող, սակայն ավագանու կազմում ընդգրկվել է տղամարդ թեկնածուն։ Նշենք, որ Մեծաձորում 133 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 46 մարդ:
Հ. Կարապետյան
Ինֆոգրաֆիկան՝ Սոնա Մարտիրոսյանի
Դիտումների քանակը` 1171