ՏԻՄ ընտրություններ 2017. առաջադրումները մեկնարկել են
Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում:
Դրանցից երեք տասնյակից ավելին խոշորացվող համայնքներում ընտրություններ են, որոնց արդյունքում 361 համայնքների միավորումից ձևավորվելու է մոտ 30 համայնք:
Արագածոտնում՝ Ալագյազը, Ապարանը, Ծաղկահովիտը, Արագածավանը,
Գեղարքունիքում՝ Գեղամասարը, Ճամբարակը, Շողակաթը, Վարդենիսը,
Լոռիում՝ Գյուլագարակը, Ախթալան, Ալավերդին, Շնողը, Լոռի Բերդը, Մեծավան, Սարչապետ, Ստեփանավան, Տաշիր, Օձուն,
Կոտայքում՝ Մեղրաձոր, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ
Շիրակում՝ Մարմաշեն, Ախուրյան, Անի
Սյունիքում՝ Սիսիան, Կապան, Քաջարան
Վայոց Ձորում՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս
Տավուշում՝ Բերդ:
Նոյեմբերի 5-ին արտահերթ ընտրություններ են նշանակված Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից «Ծառուկյան» դաշինքի կազմում պատգամավոր ընտրվելուց հետո, իսկ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարական ներկայացրեց սեպտեմբերի սկզբին: Քաղաքական ինտրինգների պատճառով թերևս հենց այս երկու քաղաքներն էլ լինեն ուշադրության կենտրոնում:
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ համայնքապետ են ընտրելու 52 համայնքում:
Հոկտեմբերի 1-ից սկսել են առաջադրումները: Մինչև հոկտեմբերի 6-ը թեկնածուները կարող են համապատասխան ընտրական տարածքային հանձնաժողով ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտմբերի 6-ից 11-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ժամը 24:00-ն: Քվեարկությանը նախորդող օրը օրենքի պահանջով լռության օր է:
Առաջադրումների մեկնարկից երկու օր անց՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան տվյալներով արդեն կա համայնքի ղեկավարի 17 թեկնածու:
Նրանցից միայն մեկն է կին: Խոշորոցված Գեղամասարում Զոյա Գևորգյանին առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Նա եղել է Տանջրեք համայնքի ղեկավարը: Տանջրեքը ևս 17 համայնքների հետ ներառվել է Գեղամասարի կազմում:
Նկատենք, նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ համայնքների խոշորացման հետևանքով կին համայնքապետների ու ավագանու անդամների թիվը խիստ նվազում է:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
ՏԻՄ-2016. Կանանց հաջողության գործակից/ ինֆոգրաֆիկա
ՏԻՄ համակարգն ու կանայք / ինֆոգրաֆիկա
Կանայք ՏԻՄ ընտրություններում. լույս է տեսել մեր թերթի հերթական համարը
Դիտումների քանակը` 3183