Կանանց ներկայացվածությունը հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանիների կազմում կտրուկ աճել է/ ինֆոգրաֆիկա
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 17-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ անցան Գյումրի, Գորիս, Տեղ, Մեղրի, Տաթև Դիլիջան համայնքներում: Արդյունքների ամփոփմանը հաջորդեցին համայնքների նորընտիր ավագանիների անդրանիկ նիստերը, ընտրվեցին համայնքապետերը, մեկնարկեցին քաղաքային իշխանությունների ձևավորման գործընթացները, որոնք որոշ տեղերում դեռևս ավարտված չեն: Նշենք, որ բոլոր նշված համայնքներում ընտրված ղեկավարների թվում կանայք չկան:
Ինչ վերաբերում է ավագանիների կազմում կանանց ներկայացվածությանը , ապա այն գրեթե բոլոր համամասնական ընտրակարգով ընտրված համայնքներում կտրուկ աճել է ավագանիների նախորդ կազմերի համեմատ: Դրա հետ մեկտեղ հոկտեմբերի 17-ին Ֆիոլետովո, Շամիրամ և Ֆերիկ համայնքներում տեղի ունեցած մեծամասնական ընտրությունների արդյունքում կանանց ներկայացվածության առումով առաջընթաց չի արձանագրվել. կանայք այդ համայնքների ավագանիներում ընդգրկված չեն:
- Գյումրու ավագանու նախորդ կազմի համեմատ կանանց ներկայացվածությունն աճել է ` 25% → 39,4%
Գյումրու ավագանու կազմը, վերջնական տվյալների համաձայն, ներկայացված է 5 խմբակցությունով.
«Բալասանյան» դաշինք – 14 անդամ, որից 5-ն են կանայք
«Քաղաքացիական պայմանագիր» – 11 անդամ, որից 4-ն են կանայք
«Զարթոնք» կուսակցություն – 4 անդամ, որից 2-ն են կանայք
ՀՀԿ – 2 անդամ, որից 1-ն է կին
«Ապրելու երկիր» – 2 անդամ, որից 1-ն է կին։
Ընդհանուր առմամբ, Գյումրու ավագանու 33 անդամներից 13-ը կամ 39.4%-ը կանայք են։
Գյումրու քաղաքապետն էլ, նրա երկու տեղակալներն էլ տղամարդիկ են՝ «Բալասանյան» դաշինքից Վարդգես Սամսոնյանը, ՔՊ-ից՝ Արթուր Պապիկյանն ու Դավիթ Առուշանյանը։ Այս երկու քաղաքական ուժերը համայնքի համատեղ կառավարման մասին հուշագիր էին ստորագրել։
- Գորիսի ավագանու նախորդ կազմի համեմատ կանանց ներկայացվածությունն կտրուկ աճել է` 0% → 33%
Գորիսի ավագանին, ըստ արձանագրության, 21 անդամ ունի և կազմված է երեք խմբակցություններից.
«Առուշանյան» դաշինք – 13 անդամ, որից 4-ը կանայք են։
«Քաղաքացիական պայմանագիր» – 7 անդամ, որից 3-ը կանայք են։
ՀԱԿ խմբակցությունն ունի մեկ տղամարդ անդամ։
Ընդհանուր առմամբ, Գորիսի ավագանու 21 անդամներից 7-ը կամ 33%-ը կանայք են։
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ տարած «Առուշանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանն անազատության մեջ է, թեև նա իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար: Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է Արտյոմ Աղաջանյանը:
- Տեղի ավագանու նախորդ կազմի համեմատ կանանց ներկայացվածությունն նվազել է` 27% → 20%
Տեղ համայնքում ավագանին կազմված է 15 անդամից , որոնցից 3-ը կամ 20%-ն են կանայք։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն – 10 անդամ, որից 3-ն են կանայք։
«Ապրելու երկիր» խմբակցություն – 5 անդամ, նրանց թվում կանայք չկան։
Թեև Ընտրական օրենսգիրքն (141 հոդված, կետ 8) երաշխավորում է ինքնաբացարկների դեպքում կանանց առնվազն 25% ներկայացվածությունը ընտրված մարմնում, սակայն խնդիրը նրանում է, որ Տեղ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում ներառված 20 թեկնածուներից 12-ն ինքնաբացարկ էին հայտնել, ընդ որում նրանց թվում էին ցուցակում ընդգրկված բոլոր 7 կանայք: Արդյունքում խմբակցության կազմում կանայք չկան:
Տեղի քաղաքապետ է ընտրվել ՔՊ ընտրական ցուցակը ղեկավարող Դավիթ Ղուլունցը։
- Մեղրիում կանանց ներկայացվածությունն կտրուկ աճել է` 0% → 40%
Մեղրիում , հոկտեմբերի 17-ի քվեարկության արդյունքում, ԿԸՀ պաշտոնական տվյալներով, մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
«Հանրապետություն» կուսակցություն – 6 անդամ, որից 2-ն են կանայք։
«Քաղաքացիական պայմանագիր» – 5 անդամ, որից 2-ն են կանայք։
«Ապրելու երկիր»- 2 անդամ, որից 1-ն է կին։
«Ազատական» կուսակցություն – 2 անդամ, որից 1-ն է կին։
Մեղրի համայնքի ավագանու 15 անդամներից 6-ը կամ 40%-ն են կանայք:
Մեղրիում քաղաքապետ է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավոր Բագրատ Զաքարյանը։
- Տաթևի ավագանիում կանանց ներկայացվածությունն կտրուկ աճել է` 0% → 40%
Տաթև համայնքի ավագանին ունի 15 անդամ, կազմված է երեք խմբակցություններից.
«Շանթ» ազգայնական դաշինք – 7 անդամ, որից 2-ն են կանայք։
«Ապրելու երկիր» կուսակցություն – 2 անդամ, որից 1-ն է կին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 6 անդամ, որից 3-ն են կանայք։
Ընհանուր առմամբ Տաթև համայնքի ավագանու 15 անդամներից 6-ն կամ 40%-են կանայք։
Տաթև համայնքում նոյեմբերի 11-ին «Շանթ դաշինք» խմբակցությունը համագործակցության հուշագիր ստորագրելով «Ապրելու երկիր» խմբակցության հետ՝ ամրագրեց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հաղթանակը Տաթև համայնքի ՏՒՄ ընտրություններում։ Արդյունքում նոյեմբերի 15-ին քաղաքապետ ընտրվեց «Շանթ» դաշինքից Սամվել Լալայանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակտ գլխավորող Մարատ Գերասիմյանը։
- Դիլիջանում ավագանու նախորդ կազմի համեմատ կանանց ներկայացվածությունն աճել է` 0% → 38%
Դիլիջանում, ԿԸՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավագանին ունի 21 անդամ և կազմված է չորս խմբակցություններից.
«Քաղաքացիական պայմանագիր» – 13 անդամ, որից 4-ն են կանայք։
«Ապրելու երկիր» կուսակցություն – 5 անդամ, որից 2-ն են կանայք։
«Հանրապետություն» – 1 կին անդամ։
«Քաղաքացու որոշում» կուսակցություն – 2 անդամ, որից 1-ն է կին։
Ընդանուր առմամբ, Դիլիջանի ավագանու 21 անդամներից 8-ը կամ 38%-ը կանայք են։
Դիլիջանում նոյեմբերի 16–ին տեղի ունեցավ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրենքի ուժով ընտրված Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։ Հիշեցնենք, որ Դիլիջանում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կին էր գլխավորում՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրություններին, որոնք տեղի են ունեցել ազգային փոքրամասնություններով բնակեցված երեք համայնքում՝ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում, ապա Շամիրամի և Ֆերիկի ավագանիներում կանայք կրկին չկան, իսկ Ֆիոլետովո համայնքում կանանց ներկայացվածություննը նվազել է 40% → 0%:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 818