Թամարա Շահնազարյան. «Ոմանք դեռ շարունակում են մտածել, որ կինը չի կարող, կինը միայն  ընտանիքի համար է ստեղծված»

Թամարա Շահնազարյանը Լոռու մարզի Լեջան համայնքի բուժքույրն է: Բուժքրոջ պարտականությունները կատարելուց զատ Թամարան մշտապես ակտիվորեն մասնկացել է նաև նախընտրական գործընթացներին՝ սատարելով տարբեր թեկնածուներին: Այս անգամ, սակայն, ինքն ունի համագյուղացիների աջակցության կարիքը, քանի որ առաջադրվել է խոշորացվող Լոռի բերդ համայնքի ավագանու թեկածու:

 

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում կմիավորվեն Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ, Բովաձոր, Լեջան. Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվեդլով, Ուռուտ, Լոռի բերդ համայնքները:

 

«Չնայած շատ ծանրաբեռնված եմ թե՛ աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, դրան զուգահեռ նաև դպրոցում  ծնողկոմիտեի անդամ եմ, բայց որոշեցի առաջադրվեմ որպես ավագանու թեկնածու, որպեսզի մեր համայնքից էլ ներկայացուցիչ լինի ավագանու կազմում, Լեջանի խնդիրները ներկայացնող լինի»,- ասում է Թամարան:

 

Ավագանու անդամի թեկնածություն առաջադրելու առաջարկն առաջինը լեջանցիներն են արել: Ընտանիքի անդամները, սակայն, նախ չեն ողջունել  երիտասարդ կնոջ ավագանու անդամի պաշտոնն զբաղեցնելու ցանկությունը:

 

«Սկզբից ամուսինս չէր թողնում: Սկեսուրս էլ չէր համաձայն, ասում էր՝ դու առանց այն էլ զբաղված ես:  Բայց պատճառը միայն զբաղվածությունս չէր, նաև  խոսակցություններից էին խուսափում: Ոմանք ասում էին՝ բա պետք  է՞ր իրան, ո՞ւր ա դրել…Հետո խոսեցինք, քննարկեցինք ընտանիքում, խոստացա, որ բոլոր գործերս կհասցնեմ, երկուսն էլ համաձայնվեցին»,- պատմում է Թամարան:

 

 Չնայած ընտանիքի անդամների համաձայնությանը, թեկնածուն  որոշել է  նախընտրական քարոզարշավից նրանց զերծ պահել: «Հիմա չեն խառնվում նախընտրական հարցերին: Ամուսնուս ասել եմ՝ չխառնվես իմ գործերին: Ամեն ինչ ինքնուրույն եմ անում: Ուզում եմ տեսնեմ, միայնակ կարո՞ղ եմ արդյունքի հասնել»,- ժպտում է Թամարան:

 

Թեև ինչպես զրուցակիցս է նշում, լեջանցիները ողջունում են կին թեկնածուի ներկայություննն ու ամեն կերպ ոգևորում նրան, սակայն տղամարդկանց հետ մրցապայքարում նաև դժվարությունների է հանդիպում:

 

«Դե նրանք տղամարդիկ են, նստում են մեքենան, շրջում գյուղերով: Ես չեմ կարող: Հո չեմ ընկնի տնետուն, ասեմ՝ ինձ ընտրեք: Բայց տղամարդկանց համար  հեշտ է՝ ընկերական շրջապատով, տղամարդկանցով տարբեր տեղեր կանգնում, զրուցում են: Այդ մասով իմ քարոզարշավի անցկացումը դժվար է»,- անկեղծանում է  Թամարան:

 

Վստահ է՝ կանանց ներգրավումը ՏԻՄ մարմիններում կարող է արդյունավետ լինել:

 

«Ոմանք դեռ շարունակում են մտածել, որ կինը չի կարող, կինը միայն  ընտանիքի համար է ստեղծված: Բայց ես համաձայն չեմ: Ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ չի կարող կինը, ի՞նչ տարբերություն: Կին պատգամավորներ ունենք, տարբեր կառույցների կին ղեկավարներ ունենք, որոնք շատ ակտիվ գործունեություն են ծավալում»,- ասում է նա:

 

Թեկնածուն հույս ունի, որ լեջանցիները կգնահատեն իր ակտիվությունը, գյուղի ու մարդկանց նկատմամբ հոգատարությունն ու կընտրեն իրեն: Իսկ ընտրվելու դեպքում իրագործելու ենթակա շատ պլաններ ունի: Գյուղի գազաֆիկացումից ու ճանապարհների նորոգումից առաջնայինն ըստ նրա գյուղացիների համար գյուղամիջում հավաքատեղիի ստեղծումն է:  «Իմ բուժկետի պատուհանները դեպի գյուղամեջ են ուղղված: Ամեն օր տեսնում եմ, որ անձրևին, ցրտին, արևին, մարդիկ գյուղամիջում հավաքված են: Միշտ մտածել եմ, որ փոքրիկ ակումբ ստեղծենք նրանց համար»,- ասում է Թամարան:

 

Գայանե Սարգսյան

 

Դիտումների քանակը` 3280

Գլխավոր էջ