Թեհմինե Ենոքյան. «Մեր նպատակը՝ քաղաքացուն որոշումների կայացման մասնակից դարձնելն է»
«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ Թեհմինե Ենոքյանն առաջադրվել է Վայոց Ձոր–Սյունիքի թիվ 12 ընտրատարածքում: Քանի որ ծնունդով Վայոց ձորի Գնդեվազ գյուղից է, ուստի որոշել է զբաղվել հարազատ մարզի խնդիրներով, անդրադառնալ հանքարդյունաբերության վնասակար ազդեցությանը, մարդկանց խախտված իրավունքների վերականգմանը, խնդիրներ, որոնց մասին պատրաստվում է բարձրաձայնել նախընտրական պայքարի ժամանակ:
Մասնագիտությամբ լրագրող Թեհմինե Ենոքյանը միշտ աչքի է ընկել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Տարիներ շարունակ փորձել է վեր հանել հանրությանը հուզող իրավական, քաղաքական և սոցիալական խնդիրները: Լրագրության հետ մեկտեղ ստեղծել է քաղաքական վավերագրական ֆիլմեր, որոնք բացահայտել են ոստիկանության ապօրինությունները, բանակում տեղի ունեցող հանցագործությունները, անդրադարձել է բնապահպանական խնդիրներին՝ մասնավորապես Թեղուտին, Քաջարանին և Ամուլսարին: Վերջին ֆիլմը եղել է 2017 թ. ընտրությունների մասին, այն կոչվել է «Մարիոնետների թատրոն»: Թեհմինեն թավշյա հեղափոխությունն ակտիվ լուսաբանող լրագրողներից է եղել, համագործակցել է մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների հետ:
Իր անդամակցությունը «Քաղաքացու որոշում» կուսակցությանը Թեհմինեն բացատրում է քաղաքական դաշտում գաղափարակից մեկ այլ կուսակցության բացակայությամբ: «Դաշտում չեմ տեսնում այլ ուժ, որի անդամ կցանկանայի լինել, քան այն ուժը, որը ստեղծել ենք մենք: Քաղաքական կուսակցությունների պարագայում չեմ տեսնում գաղափարական ընդգծվածություն և հստակություն: Խաղի կանոնները «Քաղաքացու որոշում» կուսակցությունում պարզ են և հստակ»:
Թեհմինեն նշում է, որ տարիների ընթացքում ընկերների հետ քննադատել է կուսակցությունների հաճախ անսկզբունքային գործելաոճը, ինչն էլ բացասական վերաբերմունք է ձևավորել իր մոտ կուսակցական գործունեության հանդեպ: Վերլուծելով այս ամենը, իր թիմը մշակել է կուսակցության մասին պատկերացումների իր տեսլականը:
-«Քաղաքացու որոշում» կուսակցության անունն ինքնին ասում է, որ մեր նպատակը քաղաքականության մեջ նոր մշակույթի ձևավորումն է, այն է . քաղաքացուն որոշումների կայացման մասնակից դարձնելն է ՝ նրա համար անհրաժեշտ քաղաքական հարթակ ստեղծելու միջոցով: Սա է եղել նոր կուսակցություն ստեղծելու դրդապատճառը: Կուսակցության անդամները տարիներ շարունակ մասնակցել են քաղաքացիական ակցիաներին՝ կարևորելով հանրային տարածքների պաշտպանությունը, հանրային տրանսպորտի խնդիրները, լույսի, գազի սակագնի, ինչպես նաև բնապահպանական խնդիրները։ Մեզանից յուրաքանչյուրն աչքի է ընկել ազնիվ, թափանցիկ գործելաոճով, հասարակությանն ինքնակազմակերպելու կարողությունով , ինչը բնորոշ չի եղել մյուս կուսակցություններին,- պարզաբանում է Թեհմինեն:
Պատգամավորի թեկնածուի փոխանցմամբ նորաստեղծ կուսակցության գաղափարական հենքը ազատությունը, արդարությունն ու հավասարությունն են: Ըստ նրա ԱԺ-ում մանդատ ունենալու պարագայում թիմը պատրաստվում է փոխել կուսակցությունների մասին օրենքը, որով կուսակցությունների համար կսահմանվեն հստակ չափորոշիչներ, փոխել նաև ընտրական օրենսգիրքը և վերացնել բազմաթիվ թերություններով առկա ռեյտինգային ընտրակարգի ներկա մոդելը: Կուսակցության ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, այնպիսի օրենքների մշակումը, որոնք էականորեն կփոխեն մարդկանց ոչ միայն սոցիալական կարգավիճակն, այլ մտածելակերպը: Թեհմինեի համոզմամբ հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բնակիչները տարիներ շարունակ աշխատանքը կորցնելու վախից դրդված չեն ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն, սակայն հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է:
-Այս ընթացքում իրավիճակ է փոխվել նաև կանանց շրջանում: Ես շատ եմ կարևորում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը, որոշումների կայացման հարցում նրանց մոտեցումները, հաստատակամությունը: Թեև մեր կուսակցության մեջ շատ կանայք են ընդգրկված, սակայն որպես պատգամավորի թեկնածու քչերն են առաջադրվել, չգիտեմ ինչու: Մեկ այլ հարց է, թե պատասխանատու պաշտոններում և աշխատանքում ինչո՞ւ են կանայք քիչ ներգրաված, հավանաբար մտածում են, թե դրանք վերապահված են միայն տղամարդկանց: Օրինակ, Վայոց ձորի մարզում մշտապես ակտիվ գործունեություն եմ իրականացրել, համարել եմ, որ մեր մարզը վաղուց պետք է լիներ կանանց մասնակցության առումով շատ ավելի լուրջ քաղաքական հայտ ներկայացնող մարզ, սակայն այդպես չի եղել, թեև մեր և Սյունիքի մարզում ակտիվ են եղել ՀՀԿ և ԲՀԿ կուսակցությունների կանայք: Վերջին շրջանում պատկերն այլ է, Ամուլսարի համար պայքարում քիչ չէ կանանց և աղջիկների թիվը, վառ օրինակ է Ամուլսարի պահապանների պայքարը, նույնը Եղեգիս համայնքում, որտեղ տղամարդկանց հետ միասին կանայք մասնակցում են ոչ միայն տեղի գյուղապետի հրաժարականի, այլև համայնքների խոշորացման դեմ տարվող բողոքի ցույցերին,-ասում է Թեհմինեն և հավելում, որ մարզերում ակտիվ կանանց հաջողվել է հաղթահարել կարծրատիպերը ու նրանց կարծիքներն ու որոշումները վճռորոշ դեր ունեն համայնքային կյանքի բոլոր ոլորտներում:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1531