Տաթևիկ Բեժանյան. «Տեսակով ըմբոստ եմ և անարդարության դեմ միշտ եմ պայքարել»
WomenNet.am-ի զրուցակիցն է « Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի 16-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Տաթևիկ Բեժանյանը, ով քաղաքականություն է մտել հասարակական սեկտորում աշխատելու փորձով:
Տաթևիկ Բեժանյանը մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է ԵՊՀ պատության ֆակուլտետը, այնուհետև սովորել ու ավարտել է Կառավարման դպրոցը՝ պետ ծառայողի որակավորմամբ: 2012թ-ից մինչ օրս «Վերադարձ և պաշտպանություն » սոցիալ– իրավական ՀԿ նախագահն է: 2013-2016 «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ հայաստանյան ներկյացուցչությունում ղեկավարել է «Աջակցություն շրջանակային միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը (ԵՄ ): 2017-ից մինչ օրս «Հայկական Կարիտաս » բարեսիրական ՀԿ-ի ծրագրերի մոնիտորինգի և գնահատման մասնագետ է աշխատում:
– Ինչով է պայամանավորված Ձեր մուտքը քաղաքականություն, պատմեք շարժառիթների մասին:
Քաղաքական գործընթացներին այս կամ այն կերպ մասնակցում եմ 1996 թ.-ից, իսկ 2003 թ.-ից՝ առավել ինտենսիվ: Մասնակցել եմ բոլոր համապետական և մի քանի ՏԻՄ ընտրությունների (եղել եմ վստահված անձ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ ), ակտիվ մասնակցություն եմ ունեցել քաղաքացու իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաներին («Մաշտոցի պուրակ», «Էլեկտրիկ Երևան»): Տեսակով ըմբոստ եմ և անարդարության դեմ միշտ եմ պայքարել:
– Ձեր կուսակցությունը հայտարարել է, որ գալիս եք արմատական և համակարգային փոփոխություններ իրականացնելու: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
Արմատական փոփոխությունների և դրանց իրականացման ուղիների ու հնարավորությունների մասին մանրամասն գրված է կուսակցության ռազմավարական ծրագրում, իսկ նախընտրական ծրագրում առանձնացվել են առաջիկայում իրականացվելիք 5 ռազմավարական ուղղությունները՝ իրավունք և արդարություն, պետական կառավարում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, հայրենիք-սփյուռք:
– Ինչո՞վ է առանձնանում ձեր նախընտրական ծրագիրը մյուսներից:
Կարծում եմ, բավականին շատ են ծրագրային այն կետերը, որոնք առանձնացնում են «Սասնա ծռեր»-ի նախընտրական ծրագիրը մյուս ծրագրերից, սակայն ինձ համար էականը Արցախի հիմնախնդիրն է: Առայժմ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միակն է, որը հստակ դիրքորոշում է հայտնել Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Այն է՝ Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների հիման վրա, իմա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Արցախը ներառել ՀՀ կազմի մեջ, զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
– Ձեր հարցազրույցներից մեկում, որպես միգրացիայի ոլորտի փորձագետ, կարծիք եք հայտնել, որ հեղափոխությունից հետո պետք է խոսքից անցնել գործի, որպեսզի հայրենիք վերադառնալ ցանկացողներին հստակ առաջարկներ ունենանք: Խորհրդարան անցնելու դեպքում ինչպիսի՞ ծրագրեր ունեք ներգաղթը խթանելու և արտագաղթը կանխելու ուղղությամբ:
Ի սկզբանե ուզում եմ որոշ հստակեցումներ անել: Ներգաղթ ասելով ի՞նչ նկատի ունեք: Ներգաղթն իմիգրացիան է, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը մեր երկիր: Այս իմաստով, ես ամեն ինչ անելու եմ, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» նոր օրենքն ընդունվի: Օտարերկրացիները ՀՀ սահմանը հատելիս միգրացիոն քարտ չեն լրացնում, ինչի արդյունքում մենք շատ հաճախ չգիտենք ՀՀ մուտք գործելու նրանց նպատակի մասին: ՀՀ-ն չունի աշխատանքի թույլտվության մեխանիզմ, ինչի արդյունքում մենք չգիտենք, թե ինչպիսի աշխատանքներում են ներգրավված օտարերկրացիները ՀՀ-ում, կան շահագործման դեպքեր, թե ոչ: Չունենք մեխանիզմներ ստուգելու այդ ամենը:
Իսկ եթե ներգաղթի տակ նկատի եք ունեցել հայրենադարձությունն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը, ապա այստեղ ևս ունեմ առաջարկներ: Հայրենադարձության համար ամենակարևոր նախադրյալը արդարության և արդարադատության գոյությունն է: Այստեղ խիստ կարևորվում է անցումնային արդարադատության «Սասնա ծռեր»-ի կողմից առաջարկվող դրույթը: Շատ կարևոր է ազատ մրցակցային դաշտի ապահովումը և այլն:
Վերադարձողների հետ կապված կուզենայի նշել, որ մեր հայրենակիցների այս խմբի խնդիրները բազմաշերտ են: Երբ խոսում ենք աշխատանքային միգրանտների վերադարձի մասին, ապա նրանց համար անհրաժեշտ է ստեղծել հիմնականում տնտեսական հիմքեր: Երբ մարդիկ գնում են գումար վաստակելու և գումարով վերադառնում են հայրենիք, նրանց համար անհրաժեշտ է ստեղծել հնարավորություններ նոր արժեք ստեղծելու. առաջարկել ոլորտներ, որտեղ կարող են ներդրում անել, աջակցել հիմնելու փոքր բիզնեսներ, օրինակ մոլդովական մեկ գումարած մեկ (para uno plus uno) ծրագրի նմանությամբ. վերադարձած միգրանտին շահագրգռել բիզնես հիմնելու՝ տալով նրան նույնքան գումար (կլինի դա դրամաշնորհ կամ անտոկոս փոխառություն, դա արդեն պետությունը կորոշի) որքան ներդրում կկատարի միգրանտը և այլն:
Այն վերադարձողները, որոնք մեկնել էին, հիմնականում, ԵՄ երկներ ապաստան հայցելու և կարգավիճակ չեն ստացել ու վերադառնում են (կամավոր, հարկադիր կամ կամավոր-պարտադիր) ՀՀ, նրանց համար իրականացնել սոցիալական աջակցության ծրագրեր: Օրինակ՝ ունենալ սոցիալական տներ, որ բնակարանները վաճառած և մեկնած մարդկանց վերադառնալու դեպքում նրանք փողոցում չհայտնվեն, աջակցել գտնելու աշխատանք, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպել՝ հետագայում աշխատանքի տեղավորման ակնկալիքով, պետական մարմնի կամ մարմինների վրա դնել վերադարձողների վերաինտեգրման հարցը (օրինակ Միգրացիոն ծառայության և Զբաղվածության պետական գործակալության)՝ փաստաթղթային խնդիրների լուծումից մինչև առողջապահական և սոցիալ-տնտեսական վերաինտեգրում և այլն:
– Ի՞նչ խնդիրներ ունեն մեր երկրի կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:
Խնդիրները բազմազան են, սակայն ես այս հարցը կցանկանայի դիտարկել միգրացիոն գործընթացների շրջանակում: Այսօր, միգրացիոն մեծ հոսքերի պատճառով խիստ աղճատված է ընտանիքի պատկերը : Չնայած այն բանին, որ աշխատանքային միգրացիան հանդիսանում է ընտանիքի սոցիալ-տնտեսական կայունության կարևոր գործոնը, այնուամենայնիվ ընտանեկան հարաբերությունների համակարգում այն բերում է բազմաթիվ խնդիրների՝ նոր սերնդի խնամքի, դաստիարակման և սոցիալացման, տարեցների կենսապահովման ու խնամքի հարցերում, ծնելիության և ամուսնության գործընթացներում և այլն: «Անհայր» կամ «հեռակա» հայր ունեցող ընտանիքներում, որտեղ կենցաղի վարման և ընտանիքի կարիքները հոգալու ամբողջ ծանրությունն ընկած է մոր վրա, տղամարդու ազդեցությունը երեխաների դաստիարակության գործում թուլանում է, տղամարդու դերի սխալ պատկերացում է ձևավորվում և այլն: Հաճախ աշխատանքային միգրանտներն իրենց հետ գումարից բացի բերում են նաև լուրջ խնդիրներ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կամ այլ հիվանդություններ: Քիչ չեն այն դեպքերը, երբ արտագնա աշխատանքի մեկնող հայրը այլ ընտանիք է ստեղծում «դրսում», այս դեպքում քայքայվում է ընտանիքը, արտերկրում գտնվող հայրը դադարում է ֆինանսապես օգնել կնոջը և երեխաներին, սա հանգեցնում է լուրջ սոցիալական, հոգեբանական խնդիրների: Այս և այլ բազում խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ազատ մրցակցային դաշտով տնտեսություն ձևավորել, արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձով աշխատատեղեր, որպեսզի սոցիալ-տնտեսական պատճառներով մեկնող մեր քաղաքացիները հնարավորություն ունենան աշխատել իրենց երկրում, ապրեն իրենց ընտանիքների կողքին, լիարժեք մասնակցեն իրենց երեխաների դաստիարակության գործին:
– Պարբերաբար հրապարակվող Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների զեկույցները ցույց են տալիս, որ կանանց աշխատուժի ոչ լիարժեք օգտագործումը առաջացնում է տնտեսական կորուստներ: Կանանց դերը բարձրացնելու առնչությամբ ինչպիսի՞ քայլեր եք պատրաստվում անել:
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ աշխատանքի բացակայությունը կամ ցածր վարձատրությունն անբարենպաստ պայմաններ են ստեղծել կանանց աշխատուժի ոչ լիարժեք իրացման համար: Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկ և աշխատանք փնտրող անձանց զգալի մասը կանայք են: Այսօր տարբեր կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում՝ աջակցելով կանանց դառնալու ինքնազբաղ: Սկզբնական շրջանում, մինչ տնտեսության առողջացման ծրագրերը կսկսեն գործել, կարելի է նման ծրագրեր ֆինանսավորել նաև պետության կողմից, կամ պետություն – դոնոր կազմակերպություն համագործակցությամբ:
– Իսկ ընդհանրապես,Հայաստանում քաղաքական գործընթացներում, իշխանության տարբեր մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակը Ձեզ գոհացնո՞ւմ է:
Կանանց ներուժն ամբողջությամբ ռեալիզացված չէ և, իհարկե, իշխանության տարբեր մարմիններում կարիք կա մեծացնելու կանանց ներգրավվածությունը: Սա, անշուշտ, չի նշանակում արհեստականորեն տոկոսներ սահմանել և հավասարության իմիտացիա ստեղծել: Կառավարման համակարգում մեզ պակասում է կանացի խելքը և կանացի մտածողությունը: Ես կարծում եմ, որ կան ոլորտներ, որտեղ կանայք ավելի ճկուն են և կարող են առավել օգտակար լինել: Սակայն կրկնեմ, դա երբեք չպետք է անել արհեստական թվաքանակ ապահովելու միջոցով: Անհրաժեշտ է առաջնորդվել միայն խելքի, պատրաստվածության և պատասխանատվություն կրելու պատրատակամության սկզբունքներով:
–Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են Ձեր ընտրողները:
Կարծում եմ մեզ ձայն կտան այն քաղաքացիները, որոնք ցանականում են ապրել պաշտպանված, խաղաղ, քրեաօլիգարխիկ համակարգից ազատ, տնտեսապես հզորացող և իսկապես անկախ Հայաստանում:
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 2059