Փորձում ենք օգնել պատերազմից տուժած երեխաներին. Թալին Սաղդասարյան
Մարզիկների արտագնա հանդիպումների համար նախատեսված շենքում, որը պատերազմի օրերին ժամանակավոր կացարան էր դարձել արցախցի ընտանիքների համար, մինչև Ամանոր ապրում էր նախադրոցական և դպրոցական տարիքի 80 երեխա։ Հենց այս կացարանում պատերազմի ընթացքում՝ շուրջ երեք ամիս, կամավորական աշխատանք է իրականացրել կրթության փորձագետ Թալին Սաղդասարյանը։
«Ես շատ էի վախենում, որ չեմ կարողանա օգնել երեխաներին՝ կարգովորելու իրենց խնդիրները, որոնք դասերի հետ կապ չունեին։ Չնայած սրան, վախս հաղթահարել եմ ու ուղղակի եղել իրենց կողքին։ Առաջին դասից հետո, սակայն, լարվածությունս անցավ»,– անկեղծանում է Թալինը, ում համար սա երեխաների հետ անմիջական աշխատանքի առաջին փորձն էր։
Սկզբնական շրջանում երեխաների հետ քիմիական և ֆիզիկական փորձեր էին կատարում։ Երեխաների հետաքրքրվածությունն ու ավելին անելու իր ցանկությունը բերեցին նրան, որ զուգահեռ սկսեց նաև մաթեմատիկա դասավանդել․
«Կարծում եմ՝ երիտասարդները պետք է վճռական լինեն և ձգտում ունենան, եթե ուզում են փոխել աշխարհը։ Պատերազմը և այս երեխաների հետ աշխատանքն իմ մեջ շատ բաներ բացահայտեցին, ավելի շատ՝ թույլ կողմեր։ Առաջինը, որ հասկացա, այն էր, որ իրավիճակներ կան, որոնց չես կարող նախօրոք պատրաստվել։ Այդ պահերին գործում են հիմնական բնազդներդ»,– պատմում է նա։
Թալինն ասում է, որ կյանքում միշտ էլ իմացել է, որ շատ երևույթներ կան աշխարհում, որոնց միջով անցնելը հերոսություն է լինելու։ Բայց նախկինում երբեք ստիպված չի եղել հերոսանալու․
«Հոգեբանորեն չափազանց բարդ էր աշխատանքը, բայց երեխաների հետ նաև արտադասարանային պարապմունքներ էինք իրականացնում, որոնց ժամանակ, հիմնականում, զրուցում էինք իրենց հուզող, անգամ «աղջկական» թեմաներից։ Սա երեխաների հետ աշխատանքիս առաջին փորձն էր, և, գուցե, հենց այդ պատճառով էլ ինձ շատ շոյված զգացի, երբ իմացա, որ իրենց օրագրերում նաև իմ մասին են գրում, այն մասին, որ սիրում են ինձ»,– ասում է նա։
Չնայած նրան, որ Թալինն այժմ չի զբաղվում կամավորական աշխատանքներով, այսօր ավելի է խորացել կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներում, համագործակցում է նաև Յունիսեֆ Հայաստանի հետ։ Իրականացվող ծրագրի շրջանակներում փորձում են օգնել պատերազմից տուժած ավելի քան 30․000 երեխայի՝ մենակ չմնալ վախերի ու տարատեսակ զգացողությունների հետ: Ստեղծելու են հատուկ պատկերապատումներ՝ վախերը հաղթահարելու համար․
«Ներկայումս փորձում ենք հնարավորինս շտկել կրթության ոլորտում պատերազմյան և հետպատերազմյան շրջանի բացթողումները։ Պետք է կարողանանք ցուցաբերել հոգեբանական ճիշտ օգնություն, ինչը բացակայել է նախորդ ամիսների ընթացքում։ Բացի այդ, շատ կարևոր է հետպատերազմյան շրջանում գտնել երկարաժամկետ կարգավորման մեխանիզմներ»,– ասում է Նվարդը։
Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով խախտվել է ավելի քան 30 հազար արցախցիների կրթություն ստանալու իրավունքը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ շուրջ 90 հազար արցախցիներ ռազմական գործողությունների ընթացքում ստիպված լքել են իրենց տները: Այս պահին վերադարձել է մոտ 51 000 մարդ:
Ընդհանուր առմամբ, Արցախ են վերադարձել աշակերտների 62 %-ը և ուսուցիչների 77 %-ը: 31 000 արցախցիներ չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Ադրբեջանին հանձնված 121 բնակավայրերում մինչև պատերազմն ապրում էր շուրջ 8000 ընտանիք:
Շուշանիկ Փափազյան
Դիտումների քանակը` 854