«Ձեռք մեկնիր» ու զգա մյուսի նկատմամբ քո բաժին  պատասխանատվությունը. Թագուհի Ասլանյան

Մեր զրուցակից՝ լրագրող Թագուհի Ասլանյանի  կարծիքով,  Արցախյան վերջին պատերազմը բացահայտ ցույց տվեց, թե որքան անպատրաստ էինք ֆորս- մաժորային իրավիճակների: Հազարավոր արցախցիներ մեկ րոպեում լքեցին իրենց բնակավայրերը, նրանց մեծամասնությունը հենց այնպես, ինչպես կային, առանց անգամ հագուստի ու անհրաժեշտ պարագաների, և որպես հետևանք Հայաստանում կանգնեցին լուրջ խնդրի առաջ՝ ինչպե՞ս ապրել: Եվ ահա այստեղ է, որ պարզվեց.  հասարակությունն ավելի արագ է կողմնորոշվում նման իրավիճակներում, ավելի արագ մոբիլիզացնում սեփական ուժերն ու հնարավոր ռեսուրսները, քան պետական կառույցները:

 

Պատերազմի օրերին  Թագուհի Ասլանյանը մի խումբ ընկերների հետ միասին Արցախից տեղահանվածներին աջակցելու բուռն գործունեություն ծավալեցին՝ գումար էին հավաքում, սնունդ ու հագուստ գնում, բաժանում ըստ հասցեների: Գնալով մեծանում էր թե՛ աջակցության չափը, թե՛ օգնողների թիվը և թե՛ արցախցի ընտանիքների քանակը: Եվ երբ պատերազմական գործողություններն  ավարտվեցին, ընկերներով որոշեցին շարունակել գործունեությունը՝ հիմնելով «Ձեռք մեկնիր» հասարակական կազմակերպությունը, որի նպատակները շատ ավելի ընդգրկուն են, քան ուղղակի այժմեական, միանվագ օգնությունը:

 

WomenNet.am-ի հետ զրույցում «Ձեռք մեկնիր» ՀԿ համահիմնադիր Թագուհի Ասլանյանը պատմեց նոր գաղափարների մասին,  ինչ ծրագրեր են պատրաստվում կյանքի կոչել, նաև ինչպես սկսեցին օգնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին.

 

 

– Զինված գործողությունների առաջին օրերից ամբողջ ազգը լծվեց պատերազմում հաղթելու գործին՝ միմյանց սատարելու, օգնելու, ճակատն ամրացնելու, թիկունքն անվտանգ դարձելու։ Ով մարտի դաշտում չէր, թիկունքում էր զինվոր, և շատ- շատերիս համար առաջնայինը դարձավ պատերազմը, այնտեղ կռվող մեր տղերքին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելը, Արցախից տարհանվածների կենցաղային հոգսը թեթևացնելը, մարդկանց օգնելը, կռվող տղերքի համար սպառազինություն գնելու նպատակով գումարներ, ծանոթներ, կապեր հայթայթելը, ցանցեր գործելը, սնունդ, տաք հագուստ, ծխախոտ հասցնելը, հոգեպես գոտեպնդելը…

 

 

Մեր ապագա ՀԿ-ի անդամներով մենք էլ  սկսեցինք հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել։ Ես, օրինակ, կենտրոնացել էի զինվորների համար տաք հագուստ, հիգիենայի պարագաներ հավաքելով և ծանոթ մարդկանց միջոցով ռազմաճակատ ուղարկելու գործի վրա, հետո սկսեցինք ես և քույրս Արցախից տեղահանվածների համար անհրաժեշտ հագուստ, անկողնային պարագաներ, կահույք հավաքել ծանոթներից և բաժանել տնավեր դարձած  այդ մարդկանց ։ Նրանք պատրաստ չէին ձմռանը, և նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո մեր նպատակը նրանց տաք հագուստով ապահովելը դարձավ, նաև տաք վերմակներով, ծածկոցներով, քանի որ այդ գործը պետությունը չէր անում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարծես կաթվածահար վիճակում լիներ, կարիքավորներն այդտեղից  միայն դիմանալու հորդորներ էին լսում, հուսադրող խոսքեր և ապագայի ծրագրերի մասին լոկ խոստումներ։ Իսկ այդ ընթացքում բազմաթիվ կամավորականներ արժանապատվորեն կատարեցին մի ամբողջ գերատեսչության աշխատանք, մարդկանց նույնիսկ  կացարաններով ապահովեցին…

 

 

– Պատերազմի օրերին, երբ խառնաշփոթ վիճակ էր  թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ու մարդիկ չգիտեին, թե կոնկրետ որ հիմնադրամին ու ում օգնեն, ինչպե՞ս հաջողեցիք կազմակերպել օգգնությունը…

 

 

– Որոշեցինք համախմբել մեր ուժերը՝  ես ու Պարույր Սինյավսկին (ՀԿ համահիմնադիր – խմբ.) զբաղվում էինք տեղահանվածներին օգնություն հասցնելով, նաև իր ընկերների ուղարկած միջոցներով առաջին անհրաժեշտության սնունդ գնելով, և քրոջս մեքենայով գնում էինք Հայաստանի մոտակա ու հեռավոր մարզեր՝ մեզ դիմած արցախցիներին օգնությունը հասցնելու։ Այդ օրերին մեր կյանքը Հայաստանի ճանապարհներին էր անցնում, տանը միայն գիշերն էինք լինում, քնում էինք, որպեսզի առավոտյան նորից ճանապարհ ընկնեինք։ Հավատում էինք, որ կարևոր գործ ենք անում և ցանկանում ժամ առաջ տաք վերմակները հասցնել մարդկանց, մրսող ու առանց տաք հագուստի մնացած երեխաներին տաք բաճկոններ ու կոշիկներ էինք շտապում հասցնել հասցեատերերին։ Մեզ օգնում էին մեր ընկերները, հարազատները, բարեկամները, անգամ անծանոթ մարդիկ, որոնք կարդում էին մեր ֆեյսբուքյան գրառումները օգնության ծրագրերի, մեր այցելությունների մասին։ Մարդիկ իրենց հագուստն էին տալիս, կահույքը, որից չէին օգտվում, մանկասայլակներ, խաղալիքներ, շատերը գումար էին փոխանցում, որով տակ կոշիկներ էինք գնում, սնունդ, հիգենայի պարագաներ, դեղ, մարդկանց օգնում էինք տան վարձ վճարել և այլ խնդիրներ հոգալ։ Ինքս իմ լուսանկարնեին էի վաճառել, մտադրություն կար այդ գումարով աջակցելու ջերմատեսիլների ձեռք բերման հարցում, բայց չհասցրեցի՝ գումարը ծախսվեց տեղահանված արցախցիներին ու զոհվածների, գերեվարվածների անապահով ընտանիքների անդամներին տաք հագուստ, սնունդ գնելու համար։

 

Անելիքը շատ էր, որովհետև տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ անպաշտպան դարձել, պատերազմն իրենց ակնկալածի պես չէր ավարտվում, իսկ Հայաստանում ապրուստի միջոց չունեին։ Եվ երբ պատերազմական գործողություններն ավարտվեցին, որոշեցինք  այլկերպ կազմակերպել  մեր աշխատանքը՝ հասարակական կազմակերպություն հիմնելով և  դրանով իսկ  հետագա պլանները կյանքի կոչելու համար անհրաժեշտ կարգավիճակ ձեռք բերելով:   Երկար չենք մտածել նոր նախագծի մասին, քանի որ ճանապարհներին արդեն մի շարք գաղափարներ էինք  մտմտացել, այդ թվում կրթական ծրագրեր մշակելու մասին։

 

 

-Ինչպե՞ս եղավ այդ անցումը, Հայաստանում, կարծես թե, բարեգործությունն ավելի շատ ընկալվում է  նյութապես  օգնելու  համատեքստում:

 

 

-Երբ պետությունը սկսեց աստիճանաբար նյութական աջակցություն տրամադրել պատերազմից տուժածներին, մենք դադարեցրեցինք այդ ուղղությամբ  օգնությունը՝ կենտրոնանալով դասընթացների գաղափարի վրա։ Մեր դիտարկումներով՝ այսօր արցախցիներին ավելի շատ աշխատանք է հարկավոր, պահանջված մասնագիտություն, արհեստ, որպեսզի իրենք կարողանան ապահովել իրենց ապրուստը, ինտեգրվել այստեղի կյանքին։  Համոզված եմ, որ  վտանգավոր է, երբ պարբերաբար մարդկանց նյութական օգնություն են բաժանում, այդպես մարդիկ՝  ենթագիտակցորեն վարժվելով այդ օգնությանը, սկսում են ապրել միայն դրա հույսով: Կարևոր է մարդկանց հնարավորություն տալ անձամբ հարթելու ճանապարհը՝ ուղեկցելով  միայն մինչև առաջին խաչմերուկը, որտեղից արդեն ինքն ինքնուրույն կքայլի։

«Ձեռք մեկնիր» մեր  ՀԿ-ն  ընդամենը  մի քանի  ամսվա կյանք ունի, բայց արդեն հասցրել ենք խմբակներ ձևավորել տարբեր մասնագիտություններով։ Այսօր արդեն գրաֆիկ դիզայնի, կայքերի պատրաստման, շուկայի փորձագետի, կարուձևի, ձեռագործի, անգլերենի (դասերը հեռավար են), ծրագրավորման (Սինոփսիսի հետ համագործակցությամբ) խմբակներ ունենք, որոնց մասնակիցները տարբեր տարիքի են՝ սկսած 10  տարեկանից։ Զարմանալիորեն մեր պատանի մասնակիցները մեծ առաջադիմություն են ցուցաբերում և հույսեր ներշնչում, որ լավ մասնագետներ կդառնան, շատ խելացի երեխաներ են։ Առանձնահատուկ շնորհակալություն մեր ընկերներ-մասնագետներին՝ Սոնա Մանուկյանին, Աննա Բեկլյարովային, Նանա Պետրոսյանին, Մարկ Հովհաննիսյանին, Ռուզաննային, Լիլիթ Ազարյանին, որոնք անվարձահատույց իրենց թանկարժեք ժամանակը հատկացնում են մեր շահառուներին իրենց մասնագիտությունն ու արհեստը սովորեցնելուն՝ անտրտունջ, սիրով ու մեծ պատրաստակամությամբ։ Բոլորն էլ արտակարգ մարդիկ են և արհեստավարժ մասնագետներ։ Կարևորը՝ խմբակների մասնակիցները պարտաճանաչորեն գալիս են դասերին, հետաքրքրված են՝ դա փաստում է, որ մեր արած գործը կարևոր է ու արդյունավետ, հաստատ իր պտուղները կտա։

 

 

Առաջիկայում նախատեսում ենք նաև լրագրության, լուսանկաչության, տեսամոնտաժի խմբակներ ստեղծել, պատրաստակամ մասնագետների կարիք կա, որոնք կգան և կդասավանդեն, կսովորեցնեն՝ հայրենանվեր գործի համար շաբաթական գոնե երկու ժամ հատկացնելով։

 

Ի դեպ, մեր դասընթացներն ավարտողներին հավաստագրեր ենք տալու, իսկ լավագույններին նաև աշխատանքով ենք ապահովելու։ Մեր լավագույն սովորողներին, որոնք առավել կարիքավոր են, նաև համակարգիչներ ու կարի մեքենաներ ենք նվիրել, որպեսզի կարողանան դասընթացներից հետո տնային պայմաններում ինչ-որ աշխատանքներ իրականացնել, գումար աշխատել։ Դասընթացները տևական են՝ մի քանի ամսվա ծրագրերով, քանի որ մտադիր ենք դրանք ավարտողներին մասնագիտական կարևոր գիտելիքներ տալ, որպեսզի նրանք արդեն պատրաստի կադրեր լինեն աշխատաշուկայի համար։ Առաջին քայլերն արված են։

 

 

-Դատելով լուսանկարներից՝ հատկապես կանայք են ակտիվ մասնակցում դասընթացներին:

 

 

-Այո, կանայք մեր հիմնական շահառուներն են։ Պատերազմը շատ ընտանիքների տղամարդկանց խլեց, որբացրեց, և այդ ընտանքիների հոգսը ծանրացել է կանանց ուսերին։ Այդ կանայք ստիպված են հանգրվանել Հայաստանում, քանի որ Արցախում իրենց տունը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքներում և վերադառնալու տեղ չունեն:  Նրանք կորցրել են աշխատանքը, շատերն  իրենց մասնագիտությամբ մեր աշխատաշուկայում պահանջարկ չունեն, մրցակից չեն։ Ստիպված են վերապրոֆիլավորվել, նոր մասնագիտություն ձեռք բերել, նոր աշխատանք գտնել, և «Ձեռք մեկնիր» ՀԿ-ն այդ հնարավորությունն ընձեռում է նրանց։

 

Մեր կազմակերպությունը բարեգործական է, ուստի մեզ համար շատ կարևոր է դոնորներ, հովանավորներ գտնել, որոնց օգնությամբ էլ իրականացնում ենք մեր ծրագրերը։ Դասընթացների համար կարողացել ենք համակագիչներ գնել՝ ճիշտ է, օգտագործված են, բայց նոր կարի մեքենաներ ենք գնել կարուձևի խմբակի համար, ձեռագործի խմբակի համար թելեր, շյուղեր ենք գնել։ Բայց մշտական հովանավորներ չունենք, և այժմ փնտրում ենք անհատներ, հիմնադրամներ, որոնք կհամագործակցեն մեզ հետ, կօգնեն մեր նախաձեռնությունները շարունակական դարձնել և հնարավորինս շատ հայրենակիցների օգնել։ Մեր հայրենակիցներին  օգնելով ու ձեռք մեկնելով նաև որոշ չափով կկանխենք հնարավոր արտագաղթը. մարդիկ այստեղ աշխատանք ու ապրուստի միջոց չգտնելով, օգնող ձեռք չտեսնելով ու ապրումակցող մարդկանց չհանդիպելով են հեռանում երկրից… Այս առումով  մենք բոլորս  պատասխանատվություն պետք է զգանք  ՝ մեկս մյուսի նկատմամբ… Մեզ մոտ մարդիկ  ջերմություն ու հույս են ստանում,  գոտեպնդում են իրար,  և դա  երկրում  մնալու,  իրենց  ներուժն ի նպաստ մեր երկրի ծառայեցնելու կարևոր գրավական է …  

 

 

Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 1219

Գլխավոր էջ