Հայաստան. կարծրատիպեր «կոտրող» կանայք
Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ մոտ 52 տոկոսը կանայք են: Սակայն, կանայք, ովքեր փորձում ու կարողանում են տարբեր կարծրատիպեր փոխել Հայաստանում, շատ չեն: Նրանցից յուրաքանչյուրն ունի դրանք կոտրելու իր բանաձևը, իր սկզբունքն ու իր ոլորտը: Բոլորին, սակայն, միավորում է մեկ գաղափար. Հայաստանում կանայք կարող են ու պետք է ունենան իրենց նշանակալի դերը երկրի զարգացման հարցում, – գրում է Women4Peace.net հարթակում հրապարակված հոդվածի հեղինակ Գայանե Սարգսյանը՝ ներկայացնելով կանանց տնտեսական հաջողությունների մի քանի օրինակներ: Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում WomenNet.am կայքի կարևոր ներդրմանը՝ կանանց հաջողված պատմությունները հանրայնացնելու հարցում: Հոդվածի հայերեն տարբերակը տրամադրվել է հեղինակի կողմից:
Հայաստանի ամենաավանդապաշտ քաղաքներից մեկում՝ Գյումրիում, կնոջ համար բոլորովին խորթ՝ խաչքարագործության ոլորտում աշխատող Նարինե Փոլադյանին ընդունել են նախ զարմանքով: Ժամանակի ընթացքում, ինքնատիպ քանդակների շնորհիվ Նարինեն կարողացել է բոլորին ապացուցել. քարի հետ աշխատել կարող է նաև հայ կինը:
«Երբ նոր էի սկսել քարի հետ աշխատել, ծնողներս ասում էին՝ դա կնոջ գործ չէ, կինը չի կարող խաչքարագործությամբ զբաղվել»,- հիշում է Նարինեն:
Մեկը մյուսի հետևից կոտրվող կարծրատիպերին հիմա հաջորդում է աստիճանաբար ավելացող պատվերների թիվը, ինչի շնորհիվ խաչքարագործությունը Նարինեի համար դարձել է ոչ միայն հայկական մշակույթը պահպանելու ու փոխանցելու, այլև՝ գումար վաստակելու ու սեփական գործն ունենալու միջոց:
Այսօր արդեն նա բազմաթիվ պատվերներ ունի ոչ միայն Հայաստանի ամենատարբեր անկյուններից, այլև՝ արտերկրից:
Խոստովանում է՝ շատ է ցանկանում խաչքարագործության հմտությունները փոխանցել նաև այլ կանանց ու աղջիկների՝ դառնալով խաչքարագործ կնոջ հրաշալի օրինակ նրանց համար:
Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների առաջին հորիզոնականներում բարձր վարձատրություն ապահովող ՏՏ ոլորտն է, որի մասին երազում են շատերը, բայց քչերին է հաջողվում հայտնվել այնտեղ: Չնայած կանանց կողմից ոլորտի նկատմամբ հետաքրքրվածության աճին, ՏՏ-ում դեռևս գերիշխող դիրք ունեն տղամարդիկ:
Անահիտ Մարկոսյանը մեկն է այն կանանցից, ում ոչ միայն հաջողվել է հայտնվել ՏՏ ոլորտում, այլև՝ շուրջ 20 տարի որպես ծրագրավորող աշխատել Սիլիկոնյան հովտում: Երկար տարիներ արտերկրում ապրած ու բարձր վարձատրվող աշխատանք ունեցող Անահիտը, սակայն, 2003թ.-ին որոշել է թողնել շատերի բաղձալի ոլորտն ու վերադառնալ հայրենիք: Պատճառը մեկն էր. Հայաստանում հիմնել հայկական բնական կոսմետիկ միջոցների արտադրություն:
« Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ Հայաստանում հնարավոր է նման արտադրություն հիմնել ու դառնալ ճանաչելի աշխարհում:Երբ լսում էին, որ ուզում ենք նման արտադրություն հիմնել, թերահավատորեն էին վերաբերվում:Ասում էին՝ Հայաստանում հնարավոր չի լինի նման բան արտադրել»,- պատմում է Անահիտը:
«Վերջին 10 տարիների մեր գործունությամբ մենք կարողացել ենք կոտրել այդ կարծրատիպը »,- նշում է բնական կոսմետիկ միջոցների «ՆԱԻՐԻԱՆ » ապրանքանիշի համահիմնադիրը:
Ասում է՝ լինելով Հայաստանում առաջինը՝ բնական կոսմետիկ միջոցների արտադրման ոլորտում, նպատակ ունեին ցույց տալ, որ Հայաստանի տնտեսությունը կարելի է զարգացնել ոչ թե վնասակար հանքարդյունաբերության, այլ հայկական բնաշխարհի օգտակար դեղաբույսերի օգտագործման, շահութաբեր գյուղատնտեսության ու կանաչ բիզնեսների հիմնման միջոցով:
Հայկական բնական կոսմետիկ միջոցների արտադրության հիմնումն այս առումով նորարարական ու բացառիկ էր ոչ միայն տվյալ, այլև հարակից ոլորտների համար:
«Մեզ հետ համագործակցելով, գյուղացիներն սկսեցին աճեցնել արտադրության համար անհրաժեշտ դեղաբույսեր, արդյունքում վաստակելով շատ ավելին, քան ավանդական գյուղատնտեսության դեպքում: Մեր արտադրությունը նպաստեց նաև զբոսաշրջության ոլորտի ծառայությունների ընդլայնմանը, դառնալով սիրելի զբոսաշրջային վայր՝ տուրիստական խմբերի համար»,- հիմնադրած բիզնեսի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին է պատմում Անահիտը:
Այսօր «ՆԱԻՐԻԱՆ » ապրանքանիշի ավելի քան 35 արտադրատեսակներ լայն ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Կանադայում, ՌԴ-ում… Եվ սա դեռ ամենը չէ. «ՆԱԻՐԻԱՆ »-ը մտադիր է իր դիրքերն ամրապնդել ամբողջ աշխարհում ու ճանաչելի դարձնել Հայաստանը նաև որպես կոսմետիկ բնական միջոցներ արտադրող երկիր:
Աշխարհում Հայաստանն ու հայկականը ճանաչելի դարձնելուն ուղղված մեկ այլ նախագծի՝ BuyArmenian-ի հիմնադիրը ևս կին է. ԱՄՆ-ում բնակվող Լիլիթ Դոլկարյան–Օդաբաշյանն այս նախագծի ստեղծման մասին առաջին անգամ մտածել է վերջին՝ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:
«Պատերազմը բոլորիս ցնցել էր: Յուրաքանչյուրս ուզում էր ինչ-որ կերպ օգնել Հայաստանին: Պատերազմի ընթացքում դրամական օգնություն էինք հավաքում Հայաստանի համար, բայց հետո որոշեցինք, որ փոխանակ ձուկը տալու ժողովրդին, պետք է ձկնորսություն սովորեցնենք և մարդկանց աշխատելու հնարավորություն տանք»,- պատմում է Լիլիթը:
Հետպատերազմյան շրջանում բացված BuyArmenian կայքը դարձավ հայ արտադրողներին միավորող ու հայկական արտադրանքը նեկայացնող հարթակ:Այժմ կայքի միջոցով հայկական արտադրանքն աշխարհին են ներկայացնում ավելի քանի 1000 ձեռնարկատերեր, որոնց շուրջ 90 տոկոսը կին գործարարներն են:
«Հայ կինը բացառիկ կարողություններ ու հնարավորություններ ունի: Պարզապես պետք է ինքն իր համար որոշի, որ կարող է: Եթե որոշեց, ուրեմն կհասնի ցանկալի արդյունքին»,- նշում է Լիլիթը:
Հետզհետե ավելացող վաճառքների թվին զուգահեռ կայքում ներկայացված գործարարներն արդեն իսկ բարձրաձայնում են արտադրական ծավալների ընդլայնման ու նոր աշխատակիցների ներգրավման մասին:
«Ուրախ եմ, որ մեր գործունեությամբ թեկուզ հեռավորության վրա նպաստում ենք նաև Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության զարգացմանը»,- հպարտանում է Լիլիթը:
Նրա վերջնական տեսլականը, սակայն, շատ ավելին է. BuyArmenian-ը դարձնել հայկական Ամազոն, որտեղ հայտնված գնորդը վստահ կլինի՝ առաջարկվածը լավագույն հայկականն է:
Գործարարությամբ զբաղվող կանայք Հայաստանում ճանաչելի դառնալու, հանրությանը ներկայանալու ու ինչո՞ւ չէ, նաև իրենց հաջողության պատմություններով օրինակ ծառայելու խնդիր ունեն: Ու եթե չլիներ ամենատարբեր ոլորտներում հայ կանանց գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները ներկայացնող հարթակը՝ Womennet.am –ը, գուցե և շատ կանայք շարունակեին մնալ չճանաչված, իսկ առավել շատերը՝ չունենային հայ կնոջ այն մոդելը, որը կարող էր դառնալ ոգեշնչման լավագույն օրինակ:
« Մենք ՀԿ դաշտում առաջիններից էինք, որ խորությամբ անդրադարձանք կանանց տնտեսական գործունեությանը: Կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց տնտեսական մասնակցության խթանումն ի սկզբանե եղել է մեր կազմակերպության առաքելության առաջնահերթություններից:Մենք համարում ենք, որ կանանց ներգրավվածությունը բիզնեսում նրանց կայացման և հասարակության մեջ կնոջ դերի փոփոխման լավագույն հնարավորություններից մեկն է»,- ասում է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը:
Ամենօրյա ակտիվ գործունեությամբ նպաստելով գործարար, քաղաքական, հասարակական ոլորտներում ներգրավված կանանց գործունեության հանրայնացմանը, Womennet.am-ն իր շուրջն է միավորել Հայաստանի ամենատարբեր լրատվամիջոցների այն լրագրողներին, որոնց համար կանանց խնդիրների ու հաջողությունների թեման առաջնահերթությունների շարքում է:
«Մեզ հետ համագործակցելով լրագրողները սկսում են այլ տեսանկյունից նայել այդ թեմային, կանանց թեմատիկան, այսպես ասած «ստվերից» դուրս է գալիս: Արդյունքում հայաստանյան մեդիադաշտում կանանց լուսաբանման շրջանակն ընդլայնվում է: Womennet.am-ն իր գործունեությամբ նպաստում է կանանց նկատմամբ մոտեցումների փոփոխմանը նախ լրատվական դաշտում, ապա և՝ հասարակության շրջանում»,- նշում է Թ. Հովնաթանյանը:
Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կանանց տնտեսական ակտիվության խթանմանը նպաստում են պետական, միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը: Դրանց մի մասը միտված են կանանց գործարար հմտությունների բարելավմանը, մի մասը՝ նաև դրամաշնորհների ու արտոնյալ վարկերի միջոցով այդ գործունեության խթանմանը:
Այս դաշտում իրականացվող ծրագրերի առյուծի բաժինն ընկնում է միջազգային, ապա՝ տեղական հասրարակական կազմակերպություններին: Իրականացվող ծրագրերն իրենց նշանակալի ազդեցությունն են թողնում ոչ միայն կանանց, այլ՝ հասարակության լայն շերտերի մոտեցումների վրա:
«Հետզհետե կանայք ավելի համարձակ ու ինքնավստահ են դառնում ու հասկանում՝ բիզնեսը սեռ չի ճանաչում: Այսօր կանայք սկսել են չսահմանափակվել այն ոլորտներով, որոնք հատուկ են կանանց: Հիմա կարծես այդ սահմանները կոտրվում են և կանայք սկսում են բիզնես գործունեությունը հնարավոր համարել ցանկացած ոլորտում»,- առկա տենդենցների մասին է ասում երկարամյա բիզնես խորհրդատու, «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ նախագահ Սիլվա Մեսրոպյանը:
Չնայած վերոնշյալ դրական տենդենցներին, կանայք դեռևս փոքրաթիվ են հատկապես միջին և խոշոր բիզնեսում:
«Կանայք հեշտ նախաձեռնում են, բայց դժվարությամբ են զարգացնում:Կարծես պակաս համարձակ են ավելի խոշոր ներդրումների, ավելի խոշոր բիզնեսներ նախաձեռնելու, ավելի մեծ գործարքների գնալու առումով: Սա էլ մի կարծրատիպ է, որը կարծում եմ, նախորդների պես ժամանակի ընթացքում կկոտրվի»,- կարծիք է հայտնում Ս. Մեսրոպյանը:
Պետության կողմից իրականացվող գենդերազգայուն ծրագրերից փորձագետն առանձնացնում է հատկապես ՔՈՎԻԴ -19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 19-րդ ծրագիրը, որը վարկավորման առավել արտոնյալ պայմաններ է առաջարկում կին ձեռներեցների համար:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տրամադրված տվյալների համաձայն 2020թ.-ին իրականացված այս ծրագրի շրջանակում 19 կին հիմնադրել է իր բիզնեսը: Եվս 52 կին օգտվել է Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից իրականացվող սկսնակ գործարարաների ֆինանսական աջակցության ծրագրից:
Պետական կառույցի տրամադրած՝ կանանց գործարարության խթանմանն ուղղված մնացած ծրագրերը ապագայի պլաններում են: Այնինչ գործարար ոլորտի ակնկալիքներն, այսօր, պետությունից շատ ավելին են:
Այդուհանդերձ, հայաստանյան գործարար աշխարհում մթնոլորտ փոխող ու կարծարտիպեր կոտրող կանայք վստահ են՝ հայ կինը պետք ունենա իր կարևոր տեղն ու դերը ոչ միայն բիզնես ոլորտում, այլև երկրի պետական ու տեղական կառավարման գործընթացներում:
Բազմաթիվ բիզնես-աջակցության ծրագրերում ներգրավված Ս. Մեսրոպյանը վստահ է. «Որքան շատ ներգրավված լինի կինը կառավարման, որոշումների կայացման փուլերում, այնքան արդյուքը շատ ավելի հաջող կլինի»:
Թե ինչպիսին է այսօր հայաստանյան բիզնես ոլորտի գենդերային պատկերը, պաշտոնական վիճակագրությունը լռում է: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ ոլորտը ներկայացնող կառույցը կանանց սեփականություն հանդիսացող բիզնեսների հաշվառում չի իրականացնում և չի կարող տրամադրել Հայաստանի բիզնես ոլորտի գենդերային պատկերը:
Ոչ պաշտոնական տարբեր վերլուծությունների արդյունքները, սակայն, փաստում են՝ Հայաստանում գործարար կանանց թիվը շարունակում է աճել՝ գրավելով նոր ոլորտներ և այդ աճն արդեն անկասելի է:
Գայանե Սարգսյան, Women4Peace.net
Լուսանկարները՝ սկզբնաղբյուրից
Դիտումների քանակը` 649