Ստելլա Սարուխանյան: «Սեփական ձեռքերով ստեղծիր քո դրախտը…»

Ստելլա Սարուխանյանը  ընտանիքի հետ ապրում է Երևանի թաղամասերից մեկում ՝Նոր Խարբերդում:  Իրենց 400 քառակուսի մետր հողատարածքի վրա կառուցված տան շրջակայքը Ստելլայի երևակայության ու կամքի շնորհիվ է դարձել  հրապուրիչ: Այժմ նա փորձում է ոգևորել  թաղամասում բնակվող կանանց հետևել  իր օրինակին…

 

Ընտանիքի՝ ամուսնու ու երեք երեխաների հետ ավտոմեքենայով ուր էլ որ գնային, հետդարձին իրենց հետ բերում էին ճանապարհից կամ գետից հավաքած քարեր: Ժամանակի  ընթացքում նրանք այդ քարերով կառուցեցին աղբյուր,ջրավազան, մանղալ, թոնիր ու խճապատ արահետ, արդյունքում այդ ամենը պտղատու այգիների, խնամքով մշակված բանջարանոցի ու ծաղկանոցի հետ ամբողջացրին դրախտի պատկերը: Ստելլայի  համոզմամբ հաՃախ մարդիկ  սեփական անգործությունն ու անճարակությունը փորձում են արդարացնել գումարներ չունենալու հանգամանքով,  մինչդեռ նրա խոսքով, միշտ չէ որ գումարը էական  է ինչ-որ լավ ու նոր բան ստեղծելու համար: Վկան՝ իրենց ստեղծած  գեղեցիկ բակը,   չէ՞ որ մուտքից են  սկսում  ճանաչել տունն ու  նրա  բնակիչներին:

Մոսկվայի Սերվիսի պետական համալսարանի շրջանավարտ Ստելլա  Սարուխանյանը՝ 10 տարի շարունակ լինելով  «Կանաչ արահետ»  հասարակական կազմակերպության մարքեթինգի  խորհրդատու և մասնակցելով գյուղատնտեսության թեմայով տեղական և միջազգային կառույցների կողմից կազմակերպված բազմաթիվ դասընթացների ու քննարկումների,  համոզվել է, որ հողն իրոք գոյատևման միջոց է և  շատ դեպքերում միակ կերակրողը:  

«Գյուղատնտեսության բնագավառում ծանոթ եմ ամեն ծառին և ճյուղին, քանի որ պրակտիկան ավելին է տվել ինձ, քան համալսարանը: Ուսումնասիրության նպատակով բազմաթիվ ծրագրերով եղել եմ Հայաստանի մարզերում ու հատկապես սահմանամերձ համայնքերում,որոնցից շատերում գերակշռում է ծայրահեղ աղքատությունն ու սովը: Ու որպեսզի այդ գյուղերի բնակիչները չլքեն հողն ու բնակավայրը, շատ կազմակերպություններ նրանց աջակցության ձեռք են մեկնել, այդ թվում «Կանաչ արահետը»: Տարբեր համայնքերում ստեղծել ենք կանանց խմբեր, նրանց հետ դասընթացների ժամանակ զրուցել ենք ընտանիքում կնոջ դերի,սոցիալական դժվարին վիճակը հաղթահարելու նպատակով ընտանիքին աջակցելու, ամուսնու բացակայության դեպքում տնտեսությունն ինքուրույն վարելու հմտությունների ու կարողությունների մասին: Մենք փոխանցել  ենք նրանց գիտելիքները, որոնցից   շատերը անտեղյակ են:

 

Այսօր էլ Ստելլան իր փորձն ու գիտելիքները սիրով  փոխանցում է իրենց թաղամասի՝ Նոր Խարբերդի շուրջ  20 կանանց: Նա  բոլոր այդ կանանց   հրավիրում է  իր տուն, քանի որ հավաքների համար  հարմար  շենք  չկա:Սուրճի սեղանի  շուրջ  ընթացող հարց ու պատասխանները,  քննարկումները օգնում են  կանանց, որոնցից շատերը հեռու են գյուղատնտեսությունից,   ճիշտ ու գրագետ կազմակերպել ոչ միայն հողամասի  մշակումը,  այլև նպաստում  տնտեսության  ճիշտ կառավարման մշակույթի ձևավորմանը: Ասում է , իրենց թաղամասը գյուղանման բնակավայր է եւ շատերի համար ապրուստի միակ միջոցը հենց տնամերձ հողամասն է հանդիսանում:  

-Իմ գաղափարները  փորձում եմ  կյանքի կոչել «Կանաչ արահետ» կազմակերպության  աջակցությամբ: Այս տարի ընդգրկվել ենք մի ծրագրում,որի շնորհիվ կունենանք  չորանոց: Վաճառքից  հետո  մնացած  մրգերից   կպատրաստենք չրեղեն,  մի  մասն էլ  կպահածոյացնենք, դրանք  լրացուցիչ եկամուտի աղբյուր են: Նույն կերպ ենք  վարվում  նաև կանաչեղենի  հետ, որը  կարելի է  վաճառել ոչ  միայն թարմ, այլև  չորացրած վիճակում,- ասում է  Ստելլան:

 

 

Նրա  բազմաթիվ  գաղափարներից  մեկը բանջարեղենի  կլեպներից,  կերակրի  մնացորդներից ու էլի զանազան թափոններից արժեքավոր պարարտանյութի՝  կոմպոսի ստեղծումն է: Այդ ամբողջ աղբը թաղվում է  հողի  մեջ, պարարտացնելով այն,  բացի դա լուծվում է  շրջակա  միջավայրի աղտոտվածության  խնդիրը:

 

Ստելլան նախընտրում է թիմային  աշխատանքը, քանզի  համոզված է, որ իր տարբերություն անհատական աշխատանքի, այն ավելի շահավետ է: Խարբերդի  կանանցից  մեկը տարիներ շարունակ պլաստմասսայի  շիշ էր  հավաքում ու վաճառում: Ստելլան  նրան խորհուրդ  տվեց  բացել  ընդունման  կետ, իսկ  մյուս  կանանց  հորդորեց տանը հավաքված  շշերը նվիրել  կամ  հանձնել այդ  կնոջը: Ինքը  նույնպես  պարտավորվել է տան պլաստմասսայի շշերը  տալ  նրան:

 

Նորանոր  գաղափարները  հանգիստ  չեն  տալիս  Ստելլային: Մի  ծրագրով որոշել է շարժական  հավաբներ  հայթայթել   Խարբերդի  կանանց  համար: Նրանցից  շատերը ապրում են  վարձակալած  բնակարաններում, ու եթե  հարկ լինի տեղափոխվել այլ  բնակարան, նրանք  իրենց  հետ  կտանեն  նաև  հավաբները: Իսկ իրենց   բնակավայրում ամենաեկամտաբեր ընտանի  կենդանին  հավն է:

 

Ինքը Ստելլան  իր  հողատարածքում մշակում է  ոչ ավանդական և  բարձրարժեք մշակաբույսեր՝ մելիսա, նանա, քաղցր ռեհան, եղեսպակ /շալֆեյ/, որոնք առավել  եկամտաբեր են սովորական  կանաչեղենի  համեմատ: Կանանց  խումբը հետևում է Ստելլայի  օրինակին: Առաջիկայում Ստելլան  «Կանաչ արահետ.-ի օժանդակությամբ  նպատակ ունի իր հողատարածքում  գտնվող կիսակառույց  շինությունը վերանորոգել, որտեղ  կաշխատեն թիմով, իսկ  եկամուտը կբաշխվի  հավասարաչափ: Մի խոսքով, գուցե վերամբարձ է հնչում , բայց  նա իրականում  փորձում է  փոխանցել կանանց իրենց  շրջապատը  դրախտի վերածելու արվեստը:

 

Մտահոգված լինելով այն փաստով, որ  Նոր Խարբերդում չկա մանկապարտեզ ու  դպրոց, Ստելլան խորհրդի ակնկալիքով նամակ է ուղղում   Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին, ով  խոստանում է բարձրացնել այդ հարցը կառավարության առջև:   Ստելլայի ներկայացմամբ   իրենց   համայնքն ունի 5500 տնտեսություն, և չունի ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ: Նրա խոսքով , երեխաները ստիպված հաճախում են  Արարատի մարզի Խարբերդ և Այնթապ գյուղերի, կամ Շենգավիթ համայնքի տարբեր դպրոցներ: «Երեխաների ժամանակն անցնում է դպրոց գնալ գալու վրա, և բնականաբար նաև հոգնում են , որն էլ  ցածրացնում է ուսման որակը: Շատ են բացակայություններն այս համայնքի երեխաների, քանի որ հաճախ տրանսպորտի գումար չունենալու պատճառով ծնողները նրանց դպրոց չեն ուղարկում: Մանկապարտեզների հարցը ավելի լուրջ է: Դրա բացակայության պատճառով ծնողները չեն կարողանում աշխատել, և դա նպաստում է համայնքի էլ ավելի աղքատ լինելուն», –  ասում  է Ստելլան:
Կենսուրախ, աշխատասեր ու  միշտ շտապող Ստելլան հասցնում է ամեն  ինչ անել ու հասցնել՝ համատեղելով  ուսումն ու աշխատանքն ունեցավ  երկու աղջիկ և  մեկ  տղա: Ավագ դուստրը՝ 18-ամյա Ալինան մոր աջ ձեռքն է,  օգնում է ամեն  ինչում,  հասարակական  կազմակերպությունում կամավոր աշխատանք է կատարում,  բնապահպանական  թեմայով շարադրության  մրցույթում հաղթող է  ճանաչվել: 10-ամյա  տղան կարատե  մարտարվեստում արժանացել է  մի  շարք  մեդալների, կրտսեր աղջիկը սովորում է 1-ին դասարնում: Տնային  գործերում Ստելլային  օգնում են  ամուսինն ու սկեսուրը:

 

Ստելլայի  համար ուրիշի ցավ կամ  հոգս  չկա,  նրա  համոզմամբ մարդը մարդուն  պետք է  օգնի, անկախ  նրանից հարազատ է, թե  օտար: Ուստի զարմանալի չէր, երբ որոշեց նամակ  գրել «Ավրորայի» մրցանակին  հավակնորդ հերոսներից մեկին՝Սաիդա Ղուլամ Ֆաթիմային, ում  հաջողվել է Հարավային Ասիայում ստրկությունից ազատել 80 հազար  մարդու: Նամակում Ստելլան հանձն է առնում ողջ մարդկության անունից շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ստեղծել էՖաթիմայի նման ուժեղ, հզոր կամքի տեր կնոջ:

 

«Սիրելի Ֆաթիմա, սիրով հրավիրում եմ Ձեզ դրախտային երկիր Հայաստան, որի Արարատ սուրբ լեռան լանջերին կանգ է առել մարդկության վերածնունդը խորհրդանշող Նոյան տապանը: Հայաստանում արևի գույնն ու համն ուրիշ են… Իմ երկիրը Ձեզ կհյուրընկալի, շատ ջերմություն կտա, և Դուք կվերադառնաք Ձեր երկիր ավելի ուժեղ ու հաստատակամ »,-գրել էր Ստելլան իր նամակում…

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 6327

Գլխավոր էջ