Սրբուհի Եդիգարյան: «Ամեն ինչ մեր ուժերով պետք է անենք»
Արարատի մարզի Դվին համայնքում 2019 թվականի հունիսի 9-ի ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամության թեկնածու է առաջադրվել Սրբուհի Եդիգարյանը: Առաջադրվածների թվում նա միակ կինն է: Թեև երբեք չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, սակայն համայնքի բնակիչները քաջատեղյակ են նրա հասարակական ակտիվ աշխատանքին:
Սրբուհի Եդիգարյանի համոզմամբ համայնքը կնոջ հոգատար խնամքի կարիք ունի, թեև դեռ ոչ բոլոր կանայք են հանձն առնում այդ պատասխանատու աշխատանքը, քանի որ հասարակական-քաղաքական կյանքում կնոջ մասնակցության վերաբերյալ կարծրատիպերը լիովին չեն վերացել:
Բնավորությամբ զրուցասեր, կենսախինդ խառնվածքի տեր Սրբուհին 53 տարեկան է, ունի 4 երեխա և 9 թոռ: Բազմանդամ ընտանիքի հոգսն այսօր իր ուսերին է, գրեթե բոլոր հարցերում նրա աջակիցը հարսն է: Ամուսինն ու որդին Ռուսաստանում են, իսկ Սրբուհին, ով տարիներ շարունակ Դվինի և հարակից գյուղերի բնակիչներից կազմված բրիգադին մշտապես ապահովել է սեզոնային բերքահավաքով, այսօր էլ շարունակում է նույն աշխատանքը:
-Աշխատել եմ խանութում որպես վաճառողուհի, եղել եմ հացթուխ, թխել ու վաճառել եմ, զբաղվել եմ անասնապահությամբ, բազմանդամ ընտանիքս պահելու համար օգնել եմ ամուսնուս: Զավակներս բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստացել, աղջիկներս ամուսնացած են, ապրում եմ որդուս ընտանիքի հետ: Տնամերձում պտղատու ծառեր ունեմ, մշակում եմ ելակ, որոնք սիրով բաժանում եմ ոչ միայն զավակներիս, այլև բարեկամներին ու հարևաններին,- պատմում է Սրբուհին:
ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու առաջադրվելու համար Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի առաջարկությունը որքան էլ անսպասելի էր Սրբուհու համար, այնուհանդերձ չմերժեց, քանի որ վստահ էր իր ուժերին, գիտեր, որ կարող էր օգտակար լինել համայնքին: Թեև ամուսինը համաձայն էր, սակայն որդին դեմ էր, պատճառը մոր զբաղվածությունն է:
-Ինձ ասում են 14 թեկնածու կա, որից մենակ դու ես կին, այսինչն էլ է իր թեկնածությունը դրել, դու ինչպե՞ս ես մրցելու նրա հետ: Ես ասում եմ որևէ մեկի դեմ չեմ պայքարում, ինձ գյուղում բոլորն են ճանաչում, նրանք տեսել են իմ աշխատանքը և թող իրենք որոշեն, թե իրենց քվեն ում են տալու,-ասում է Սրբուհին:
Սրբուհու ամենօրյա գործերի թվում համայնքի Սբ. Հակոբ եկեղեցու ծաղիկների խնամքն է, որի աշխատանքներին համայնքի դպրոցահասակ երեխաներից բացի մասնակից է դարձնում նաև իր թոռնիկներին: Նրա ջանքերով գյուղում իրականացվեց հանգանակություն, հավաքած 125 հազար դրամ գումարով եկեղեցու համար ձեռք բերվեցին նստարաններ: Սրբուհու ջանքերով տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաներից մեկի համար ձեռք է բերվել անվասայլակ: Ընդհանրապես , նա բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կազմակերպել է նաև շուրջ 250 երեխաների մկրտության արարողությունը:
Համայնքի կանանց հավաքատեղին եկեղեցին է, որտեղ զրուցում են համայնքի հոգսերից ու խնդիրներից: Նախկինում նրանք կաշկանդված էին սկեսուրի, սկեսրայրի կամ ամուսնու կողմից, ովքեր արգելում էին տան հարսին, կնոջը տանից դուրս գալ, իսկ այսօր համայնքում կանայք ակտիվ են ու ազատ:
Սրբուհու դիտարկմամբ համայնքային խնդիրները շատ են: Թեև բոլորն էլ ունեն հողամաս, սակայն ընդհանուր առմամբ աղքատ են ապրում, տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնել, գյուղատնտեսական աշխատանքները թողնելով կանանց ուսերին: Չմշակվող հողերը շատ են, չմշակելու և ոռոգման բացակայության պատճառով դրանք այլևս արգավանդ չեն: Գյուղապետարանի հետնամասի այգին ցանկապատի բացակայության պատճառով անասունների համար վերածվել է արոտավայրի, մինչդեռ երեխաների համար կարող է ծառայել խաղահրապարակ: Անմխիթար վիճակում է նաև գյուղի գրադարանը, որի դռներն ընթերցողների համար փակ են: Եկեղեցի տանող ճանապարհը վերանորոգման կարիք ունի, հատկապես դժվար է տարեցների համար, ովքեր դժվարանում են հաղթահարել անբարեկարգ ճանապարհը: Ահա այս խնդիրներն են, որոնք չեն վրիպում ավագանու կին թեկնածուի ուշադիր աչքից, և որոնք նա ընտրվելու դեպքում պատրաստ է լուծել:
Սրբուհին մասնակցում է ավագանու թեկնածուի համար նախատեսվող դասընթացներին և արդեն տեղյակ է ավագանու անդամի պարտականություններին: Իսկ համայնքի խնդիրներն անպակաս են, սկսած ջրագծից, լուսավորությունից, անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնությունից, մանկապարտեզի, դպրոցի, գյուղական ակումբի խնդիրներից, որոնք բոլորն էլ ներառված են Սրբուհու ծրագրերում:
-Ներկայիս գործող ավագանիներին հանդիպում, հորդորում եմ լուծել համայնքի խնդիրները, ասում եմ, որ եթե իրենց օգնեն, ապա կկարողանա վերագործարկել եկեղեցին: Ցանկության դեպքում շատ բան կարող են անել: Նրանց ասում եմ, ծրագրված աշխատանքներից մի քսանը դուք արեք, հինգը՝ գյուղապետը, կտեսնեք, որ խնդիրները կնվազեն: Ավագանու անդամ ընտրվելու դեպքում հնարավոր է, որ որոշ հարցերում հակաճառեմ համայնքապետին, քանի որ չեմ սիրում, երբ խնդրի լուծումը հետաձգվում է, չէ ՞ որ դրանք կուտակվում են, ու ընթացքում չես իմանում որի ՞ց սկսել:
Սրբուհու կարծիքով ինչպես տան, այնպես էլ համայնքի հոգսերը կանանց ավելի է մտահոգում, քան տղամարդկանց, ուստի ավագանու թեկնածուների մեջ կանանց քանակը պետք է գերակշռի: Տղամարդ ավագանին դռնեդուռ չի շրջի գյուղում, որպեսզի տեղեկանա բնակչի խնդիրներին, մինչդեռ կինը չի զլանա այդ գործում: Սրբուհին բարձր է գնահատում համագյուղացիների բարությունն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը, իսկ դա ահռելի ներուժ է համայնքի խնդիրների լուծման ու համայնքի զարգացման համար:
–Պատրաստվում եմ քարոզարշավի, իմ կարգախոսն է «Ամեն ինչ մեր ուժերով պետք է անենք»: Կարծում եմ, պետք է փոխել նախկին գործելաոճը, ավելի աշխույժ գործել, եթե անգամ համայնքի բյուջեն չբավարարի, չպետք է թևերը ծալած նստել: Հնարավոր է, որ իմ գաղափարներին ավագանու անդամ տղամարդիկ դեմ լինեն, ես չեմ բացառում, եթե ընտրվեմ, իրենց կապացուցեմ, որ միասին աշխատելով շատ բան կարող ենք փոխել, կթեթևացնենք նաև համայնքապետի աշխատանքը, աջակից կլինենք նրան: Ի դեպ, նա շատ է օգնում համայնքի բնակիչներին, ուրեմն նրան սատարել է պետք: Տեսեք, համագյուղացիներից մեկը ցանկանում է չրանոց կառուցել, ես նրան առաջարկել եմ օգտագործել մեր բնակիչների ներուժը, դրանով կլուծվի զբաղվածության հարցը, կնվազի նաև արտագաղթը: Գյուղացուն գյուղին ու հողին կապելու պայմաններ պետք է ստեղծել,-հավելեց Սրբուհի Եդիգարյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1114