Հատուկ դպրոցներում անտեսվում են երեխաների իրավունքները . զեկույց

Հատուկ կրթական հաստատություններում մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են երեխայի իրավունքների ոտնահարման դեպքեր:

 

Մոնիթորինգը անցկացվել է  Հանրային դիտորդական խմբի կողմից,  որը ստեղծվել է 2009-ին Կրթության և գիտության նախարարարության որոշման համաձայն:  Խմբի կազմում են 13 հասարակական կազմակերպությունների 31 ներկայացուցիչներ, որոնք արդեն երրորդ զեկույցն են ներկայացնում հատուկ կրթական հաստատություններում իրականացրած մոնիթորինգի արդյունքների հիման վրա:

 

Առաջին երկու զեկույցները ներկայացվել էին  2011 և 2012թթ-ին , 2014-ի սեպտեմբերի 10-ին  հանրությանը ներկայացվեց երրորդը: Ճիշտ է, որևէ մեկը, ծանոթանալով այս զեկույցին  չի պնդի, թե այն  ամբողջապես է ներկայացնում առկա իրավիճակը հատուկ դպրոցներում, որոնք շարունակում են մնալ փակ կառույցներ, բայց արդեն իսկ ավանդույթ դարձած նման մոնիթորինգները անշուշտ  նպաստում են  հիմնական պրոբլեմների բացահայտմանը և   իրավիճակի թեկուզ աստիճանաբար, բայց դեպի դրականը փոխվելուն:

ՀՀ կրթության և գիտության և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների ենթակայության տակ գտնվող հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի երրորդ զեկույցը  անդրադառնում է երեխաների իրավունքների խախտումներին այդ հաստատություններում: Մոնիթորինգն իրականացվել է  2013թ. մայիս- հոկտեմբեր ամիսներին 22 հատուկ կրթական հաստատություններում , որտեղ խնամք է մատուցվում 2106 երեխաների, այդ թվում  876 երեխաների Տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ գնտվող հաստատություններում և 1230 երեխաների՝ Կրթության և գիտության նախարարության: Այդ հաստատություններում, համաձայն զեկույցի, գիշերում են 1081 երեխաներ, որոնց մեծ մասը տղաներ են:

 

Ի՞նչ են տեսել այդ դպրոցներում դիտորդական խմբի անդամները: Առաջին հերթին զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրում շենքային պայմանների վրա և   դատելով ննջասենյակների ծանրաբեռնվածությունից  և «երեխայի անհատական տարածքին» առնչվող այլ չափորոշիչներից  եզրակացնում, որ հաստատություններում պայմանները հեռու են  ընտանեկանին մոտ լինելուց.

 

«Ննջասենյակների ծանրաբեռնվածությունը գրեթե բոլոր դպրոցներում գերազանցում է թույլատրելի սահմանը: Չկան  մշակված համապատասխան ստանդարտներ թե այդ և թե երեխաների կյանքի  կազմակերպման այլ հիմնական ասպեկտների վերաբերյալ: Սովորական պրակտիկա է երեխաների հիմնարար կարիքների անտեսումը. օրինակ` անտարբերություն է  դրսևորվում երեխաների կանոնավոր բուժզննման անհրաժեշտության հանդեպ, անտեսվում է երեխայի կարծիքը սննդի, հագուստի, ազատ ժամանցի կազմակերպման, որոշ դեպքերում էլ ընտանիքի հետ կապի պահպանման իրավունքը», -ասված է զեկույցում:

 

Նշվում է, որ զուգարանների և լոգարանների հիգիենիկ պայմանները  անբավարար են գրեթե բոլոր  դպրոցներում, անհրաժեշտ հիգիենայի պարագաները  տրամադրվում են ԿԳՆ ենթակայության բոլոր դպրոցներում, մինչդեռ ՏԿՆ դպրոցներից միայն 8-ում: Անբավարար հիգիենիկ պայմաններ են արձանագրվել նաև ՏԿՆ 1 դպրոցի թե ճաշարանում, թե սննդի պահպանման պահեստներում.

 

«Սննդակարգը, որպես կանոն, չի բխում երեխաների նախասիրություններից, բացակայում է ձկնեղենը (բացառությամբ մեկ-երկու դպրոցի), քիչ է թարմ միրգը, պահեստներում հանդիպել են ժամկետանց մթերքի տեսակներ, որոշ ճաշարաններ անընդունելի հիգիենայի պայմաններում են աշխատում, օրինակ` Աշտարակի դպրոցում»:

 

Ինչ վերաբերում է սաների անհատական զարգացման ծրագրերին, ապա դրանք, համաձայն զեկույցի,  ձևական բնույթ են կրում, իսկ ընտանիքների հետ սոցիալական աշխատանք գրեթե չի տարվում: Հաստատությունների մեծ մասը բավարար ջանք չի գործադրում իրենց սաների և ընտանիքի անդամների կանոնավոր կապի հնարավորություններ ստեղծելու, քաջալերելու և ամրապնդելու համար: Բացի այս, փոքր թիվ չեն կազմում այն մասնագետները, որոնք երեխայի խնամքի և երեխայի զարգացման թեմայով վերապատրաստում չեն անցել.

 

«Երեխայի մի շարք իրավունքներ խախտվում են այս հաստատություններում: Դրանցից են` երեխայի պատշաճ հատուկ խնամքի իրավունքը, եթե նա զրկված է ընտանեկան միջավայրում ապրելու հնարավորությունից, երեխայի լավագույն շահերից ելնելով նրա խնամքի բարելավման իրավունքը, երեխայի կարծիքը հաշվի առնելու իրավունքը, ծնողավարության համար պետական աջակցություն ստանալու իրավունքը, ծնողների հետ ապրելու և նրանց հետ կապ պաշտպանելու իրավունքը, եթե դա չի վնասում երեխային և պատշաճ որակյալ բժշկական խնամք ստանալու իրավունքը»,- փաստում  են զեկույցի հեղինակները:

 

Անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնություն կամ ճնշումներ գործադրելուն, հեղինակները նշում են, որ պրակտիկայում մասնագետները  հիմնականում դիմում են սաստելու, ենթարկելու, ավտորիտար կառավարման այլ միջոցների:

 

Արտահայտություններն ու ձևակերպումները, որոնք անձնակազմի մի մասը գործածում է  երեխաներին և նրանց ծնողներին որակելիս, ուղղակի խախտում է նշանակում էթիկական և մասնագիտական տեսանկյուններից: Բոլոր հաստատություններում բավականին բազմազան է պատժաձևերի «զամբյուղը». Ի լրումն լայնորեն տարածված «անկյուն կանգնեցնել», «բղավել», «ականջ քաշել», «ծեծել» ձևերին`կարելի է հանդիպել նաև հայհոյանքի, «մութ տեղում պահել»-ուն,  «դպրոցից հեռացնել»-ուն եւ ավտորիտար գործելաոճի այլ դրսեւորումներին.

 

«Հատկանշական է, որ երեխաների մեծ մասը ներշնչված է վերը թվարկվածը համարել արդարացված, եթե առկա են համապատասխան խախտումներ»,- եզրահանգել են դիտորդները` նշելով, որ արձանագրել են երեխաների կամքին բռնանալու, նրանց հանդեպ դաստիարակության անընդունելի մեթոդներ կիրառելու, երեխաներին անտեսելու, ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ գործադրելու բազմաթիվ դրվագներ:

 

Առաջարկությունների մասում զեկույզի հեղինակները կարևորել են` հաստատությունների գաղափարական հենքի և մոտեցումների վերանայումը, մասնավորապես`

 

  • Հնարավորինս կարճ ժամանակահատվածում դադարեցնել այն հաստատությունների գործունեությունը, որոնք մոնիթորինգ խմբի գնահատմամբ ճանաչվել են որպես անընդունելի ստանդարտներով գործող հաստատություններ, ինչպես երեխաների խնամքի կազմակերպման, այնպես էլ դաստիարակչական-մեթոդական մոտեցումների տեսանկյուններից;
  • Վերանայել հաստատությունների` որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ծառայություններ մատուցող ինստիտուտի գաղափարական հենքը` ելնելով երեխայի իրավունքների անքակտելիությունից և հրաժարվելով կրթության կամ որևէ այլ իրավունքի բացարձակացումից;
  • Հստակ սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաստատություններին առաջադրվող երեխաների խնամքի չափորոշիչները: Վերանայել հաստատության գործունեության  հայեցակարգը երեխայի իրավունքների համատեքստում, մանրամասն մշակել  նոր, ներքին կանոնակարգ, հաստատության բյուջեում նախատեսել դրանց իրագործումը երաշխավորող համապատասխան միջոցներ;
  • Բռնությունների կասկածի և հատկապես հաստատման պարագայում առաջնային խնդիրը պետք է լինի երեխային վերականգնողական օգնության տրամադրումը` չեզոք, հնարավորինս նպաստավոր պայմաններում; և այլն:

 

Զեկույցի ներկայացմանն ընդառաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ի դեպ, հայտարարեց, որ իրենք  ծանոթացել են հաշվետվությանն ու հիմնականում համաձայն են դրանում տեղ գտած նկատառումների ու խնդիրների, ինչպես նաև առաջարկների հետ: Նա ևս առանձնացրեց երկու խնդիր` հատուկ դպրոցների պայմանները  ու հատուկ դպրոցներում գտնվող, սովորող ու ապրող երեխաների այն խմբի խնդիրը , որոնք այդտեղ չպետք է գտնվեն և այդտեղ են սոցիալական խնդիրների պատճառով.

 

«Այս հարցում պետք է համատեղենք բոլորիս ջանքերը` գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կառույցների, որպեսզի կանխենք այն երեխաների մուտքը հատուկ դպրոցներ, որոնք չունեն հատուկ կրթության կարիք. երեխաները սոցիալական խնդիրների պատճառով չպետք է կտրվեն ընտանիքից, սա անչափ կարևոր է»,- նշեց նախարարը:

 

Նա նաև գոհունակությամբ նկատեց, որ եթե տարիներ առաջ հասարակությունը ուղղակի ցնցվում էր նման հաստատություններում երեխաների նկատմամբ կիրառվելիք բռնությունների մասին տեղեկություններից, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է, ինչի համար շնորհակալություն հայտնեց ոչ միայն քաղաքացիական ինստիտուտների, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Այո, խնդիրներ դեռ կան, բայց բոլորիս ջանքերի համադրմամբ դրանք լուծելի ու հաղթահարելի են»,- հավելեց նախարարը:

 

Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռզեհակը իր ելույթում նշեց, որ երեխաների պաշտպանությունը բոլոր տեսակի բռնություններից հիմնարար իրավունք է, որն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին հռչակագրում, ինչպես նաև մարդու իրավունքների այլ միջազգային համաձայնագրերում.

 

;

«Սակայն  համաձայն զեկույցի բռնությունը դեռևս առկա է հաստատություններում գտնվող երեխաների գերակշիռ մասի  հանդեպ: Սա ոչ միայն խոչընդոտում է երեխայի զարգացմանն ու ինքնագնահատականին, այլ նաև լուրջ տնտեսական ու սոցիալական ծախսերի առաջ է կանգնեցնում հասարակությանը»,- ընդգծեց պաշտոնյան:

 

‹‹Երեխայի հետ աշխատող ցանկացած մասնագետ պետք է պարտավորված լինի բռնության դեպքերը բացահայտելու և հաղորդելու դրանց մասին համապատասխան պատասխանատու մարմիններին: Անհրաժեշտ է ապահովել, որ բռնության դեպքերի վարումն իրականացվի պրոֆեսիոնալ թիմի կողմից՝ նախքան քրեական հետախուզություն սկսելը, և, որ ամենակարևորն է՝ առանց երեխային կամ ընտանիքին վնաս հասցնելու», – նշեց  հանրային դիտորդական խմբի անդամ և զեկույցի հեղինակ  Միրա Անտոնյանն իր ներկայացման ժամանակ:

 

‹‹Հատուկ կրթական հաստատությունների գաղափարախոսությունը պետք է լիովին վերանայվի համապարփակ երեխայակենտրոն մոտեցումներ արտացոլելու համար և չպետք է կենտրոնանա միայն կրթության իրավունքի իրացման ու խնամք մատուցողների ու երեխայի խնամքի մեթոդների բարելավման վրա», –  կարծում է  հանրային դիտորդական խմբի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

 

Նշենք, որ զեկույցին աջակցել են Գերմանիայի Դաշնության Հանրապետությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը: Այն իրականացվել է Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի կողմից:

 

 Է. Մակարյան

 

Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ոչ միայն հացիվ…

 

Գիշերօթիկի երեխաներն ասում են ՝ տողանի օրը «ծեծի օր» է…

 

«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»

 

Մանկությունը աղքատության ճիրաններում

 

Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Հայաստանում թերսնված է յուրաքանչյուր 5-րդ երեխան

 

Թե ինչպես նամակը կրթության նախարարին օգնեց տասնամյա Ինգա Դումանալյանին դպրոցում սովորել

 

7-ամյա Աննան ուզում է ատամնաբույժ դառնալ, բայց գումարի պատճառով դպրոց չի գնում

«Մեդիան մանկատան երեխաների շուրջ ստեղծում է ծուռ հայելիների իրականություն»՝ առավել խորացնելով կարծրատիպերը

 

Փակ դռների հետեւում. երեխաների ձայնը

 

Երբ երեխան բռնության ականատես է լինում տանը…

 

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մտահոգված է Հայաստանում առկա իրավիճակով ու բացերով

 

«Այստեղ ընտանեկան ջերմություն կա»…

 

Խոսենք մեծերի հետ երեխաների մասին` թվերով

 

Միրա Անտոնյան. «Միջավայրը միշտ չէ, որ պատրաստ է “դժվար” երեխաներին հասկանալ »

«Հայաստանում չեն կիրառվում բռնաբարված երեխային օգնելու ձեւերն ու միջոցները»

 

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

 

«Վարքի շեղումով աղջիկների համար «գիմնազիաներ» են անհրաժեշտ»…

 

«Որքան շատ կանայք են ներկայացված խորհրդարանում, այնքան պաշտպանված են երեխաները»

 

«Հայրական ապտակի» առանձնահատկությունները հայրենի դպրոցում

 

Մենք ասում ենք, որ երեխան մեզ համար գերագույն արժեք է…

 

Դիտումների քանակը` 6952

Գլխավոր էջ