Երազանք դարձած «Դեղատար»-ը ՝ հայրենիքին կապող օղակ. Սոֆյա Մնջոյան
Սոֆյա Մնջոյանը Տեխասից է, սովորել է Տեխասի համալսարանում, ստացել դեղագործ-դեղաբույժի որակավորում:Տարիներ շարունակ երազելով հայրենիք վերադառնալու մասին, փորձել է հեռվից իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով աջակցել Հայաստանի տարբեր սոցիալական խոցելի խմբերին: Այս տարի, սակայն, որոշել է աջակցությունը դարձնել ավելի առարկայական ու Հայաստանում փորձարկել իր տեսակով առաջին՝ «Դեղատար» ծրագիրը՝ որպես համանուն հասարակական կազմակերպության նախագիծ: WomenNet.am-ի հետ զրույցի ընթացքում Սոֆյան պատմում է Հայաստանից հեռանալու պատճառների, երազանք դարձած վերադարձի ու «Դեղատար» նախագծի մասին:
2000-ականները դժվար տարիներ էին գիտնականների ընտանիքների համար
Իմ ծնողները գիտնականներ են: Հայրիկս քիմիկոս է, մայրիկս՝ կենսաբան: Երկուսն էլ ակադեմիկոսի կոչում ունեն, բայց ինչպես գիտեք, 90-ականներին ու 2000-ականների սկզբներին գիտնականների համար դժվար տարիներ էին. չէին կարողանում իրենց ընտանիքներին կերակրել, բառիս բուն իմաստով կերակրել: Այդ վիճակը գնալով վատանում էր… Եվ երբ այդ տարիներին մայրիկիս հրավիրեցին Տեխաս՝ որպես գիտնական աշխատելու տեղի գիտական խոշոր կենտրոններից մեկում, նա ընդունեց հրավերն, ու որոշեցինք հաստատվել Տեխասում: Ու արդեն 21 տարի է, այստեղ ենք: Վաղուց ուզում եմ տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության, բայց մինչ այժմ տարբեր պատճառներով դա չի ստացվել: Միաժամանակ անընդհատ փորձում եմ ինչ-որ կերպ օգտակար լինեմ իմ հայրենիքին:
Վերադառնալ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում բան է փոխվել, այլ որ ինքս ինչ-որ բան փոխեմ
Գրեթե ամեն տարի մի քանի օրով այցելում եմ Հայաստան: 2000-ականների սկզբից մինչ այժմ շատ բան է փոխվել Հայաստանում, բայց ես ուզում եմ վերադառնալ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում բան է փոխվել, այլ որ ինքս ինչ-որ բան փոխեմ:
Հենց թեկուզ մասնագիտական՝ առողջապահական ոլորտում, նաև ընդհանուր՝ մարդկանց աշխարհահայացքի, մոտեցումների մասով: Ես գտնում եմ՝ ժամանակն է. սփյուռքից շատերս պետք է թողնենք ամեն ինչ ու վերադառնանք մեր երկիր:
Հայաստանի կառավարությունը սփյուռքահայ մասնագետների համար 2020թ.-ից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որով սփյուռքահայ մասնագետները հնարավորություն են ստանում մեկ տարի ժամկետով աշխատանքի անցնել երկրի պետական կառույցներում: Գիտեմ, որ այդ ծրագրով հիմա 100 «իԳործ»-ականներ Հայաստանում են:Կարծում եմ, այդ թիվը կարող էր ավելին լինել, 100-ի փոխարեն կարող էին 500-ը լինել, եթե պետությունը համապատասխան միջոցներ հատկացներ ծրագրի իրակացման համար: Կուզեի ավելի մասշտաբային տեսնել թեկուզ հենց «իԳործ» ծրագիրը:
«Դեղատարը»՝ դեղ հասցնելուց զատ նաև հայրենիքին կապող օղակ
«Դեղատարը» ստեղծելու միտքը դեռ համալսարանական տարիներից պտտվում էր գլխիս մեջ: Այն է՝ ստեղծել դեղատուն, բայց անիվների վրա, որը դեղատուն լինելուց զատ նաև տարեցներին ու երեխաներին աջակցելու համար սոցիալական բաղադրիչ կունենա: Մեր «Դեղատարը» կշրջի բոլոր մարզերի սահմանամերձ գյուղերով և այն վայրերում, որտեղ դեղատները հասանելի չեն, կփորձի դեղամիջոցներից օգտվելու ծառայությունը մոտեցնել հիվանդներին: Վճարունակ բնակչության պատվերների ու վճարումների հաշվին անվճար դեղորայքից օգտվելու հնարավորություն կունենան տարեցներն ու մինչև 2 տարեկան երեխաները: «Դեղատարը» հստակ գրաֆիկով կշրջի Հայաստանի ողջ տարածքով ու կհասցնի անհրաժետ դեղամիջոցը հասցեատիրոջ տուն:
Հայաստանում դեղատների լիցենզավորման մասին օրենքում «շարժական» բաղադրիչը չկա
Արդեն իրականացրել ենք «Դեղատար» հասարակական կազմակերության իրավաբանական գրանցումը, կազմել նախագծի բիզնես պլանն ու հասել այդ ծառայության մատուցման լիցենզավորման փուլին:Այն, սակայն, պարզվում է խնդրահարույց է Հայաստանում: Առողջապահության նախարարության լիցենզավորման բաժնից ինձ ասացին, որ դեղատների գործունեության լիցենզավորման կարգի մասին օրենքը շարժական դեղատների լիցենզավորման դրույթ չի նախատեսել: Առաջարկեցին դեղատուն բացեմ որևէ համայնքում: Իմ նպատակը, սակայն, հերթական դեղատուն բացելը չէ: Ընկերներիս ու իրավաբանների աջակցությամբ առաջիկայում մտադիր ենք լիցենզավորման օրենքի լրացման կամ փոփոխության նախագիծ պատրաստել: Այդ պրոցեսը կարող է մի քանի ամիս ձգվել, բայց ես պատրաստ եմ սպասել…
Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի ու ես կարողանամ Հայաստանում կյանքի կոչել իմ երազանքի նախագիծը, առաջիկայում մտադիր եմ նաև մշտական վերադառնալ Հայաստան:
Հայաստանում կանայք շատ տարբեր են
Շատ տարբեր կանայք կան Հայաստանում, բայց եթե ընդհանուր նայենք, ինձ թվում է՝ շատ ավելի պահպանողական են, քան դրսում, հաճախ այնքան էլ վստահ չեն իրենց ուժերի վրա: Ցավոք, վերջին 20 տարիներին շատ տարածված էր կանանց դիպլոմ ստանալն ու որպես օժիտ տանելը, բայց չաշխատելը: Ցավալի է, որ ունենք կանայք, ովքեր տանը նստում ու չեն օգտագործում իրենց ներուժը, բայց մյուս կողմից էլ ես շատ մեծ առաջխաղացում եմ տեսնում ՏՏ ոլորտում, ձեռնարկատիրական տարբեր ոլորտներում: Շատ խելացի կանայք ունենք ամենատարբեր ոլորտներում, ինչը միայն ուրախացնող է:Վատ է միայն, որ հաջողության հասած կանայք հաճախ ընտանիք չեն կազմում…
Լավագույն միջինը, թերևս, ընտանիքի ու աշխատանքի միջև բալանսը պահելը կարող է լինել, ինչը ոչ միշտ ու ոչ բոլոր կանանց մոտ է ստացվում…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2278