Սոֆյա Այվազյան. «Կինն անփոխարինելի է յուրաքանչյուր աշխատանքում»
Սոֆյա Այվազյանը խոշորացող Ախթալա համայնքի ավագանու միակ կին թեկնածուն է: Նոյեմբերի 5-ին այստեղ կայացող ընտրություններին նրա հետ մրցակցում է 21տղամարդ: Սոֆյա Այվազյանը Ախթալայի կազմում ընդգրկվող Մեծ Այրում համայնքի բնակիչ է, մի քանի անգամ ընտրվել է ավագանու անդամ: Ամուսնացած է, ունի երկու դուստր: 2007-ից Մեծ Այրումի դպրոցի տնօրենն է:
-Ո՞րն է պատճառը, որ որոշեցիք այս անգամ էլ առաջադրվել ՏԻՄ ընտրություններին:
-Առաջին պատճառն այն է, որ մտահոգված եմ մեր գյուղի պայմաններով, մեր դպրոցի կարիքներով: Գտնում եմ, որ կինը պետք է անպայման ակտիվ լինի և կարողանա իր շուրջը կատարվող բոլոր իրադարձություններին և՛ մասնակից լինի, և՛ աջակից: Ես արդեն 4 անգամ ընտրվել եմ ավագանու անդամ և ակնկալում եմ, որ այս անգամ էլ մեր բնակիչները կսատարեն ինձ: Եթե ընտրվեմ, փորձելու եմ զբաղվել ամբողջ խոշորացված համայնքի հոգսերով ու աջակցել ընտրված համայնքապետին, որպեսզի միասին փորձենք բարեկեցիկ պայմաններ ստեղծել ոչ միայն խոշորացված համայնքի կենտրոնում՝ Ախթալայում, այլև կազմում ընդգրկված բոլոր համայնքներում: Ամեն ինչ չէ, որ ավագանին կարող է անել, բայց ավագանին կարող է ուղղորդել դեպի այն հրատապ հարցերը, որոնք ծագում են ցանկացած պահի:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում տղամարդկանց հետ մրցապայքարում:
-Տղամարդիկ ավելի ազատ են իրենց ժամանակի մեջ: Ես ամեն օր գտնվում եմ իմ աշխավայրում: Նաև ի տարբերություն տղամարդկանց, տրանսպորտային միջոց չունեմ, որ կարողանամ ամեն տեղ հասնել ու ամեն տեղ շփվել մարդկանց հետ: Իսկ ընդհանուր առմամբ, ես չեմ գտնում, որ որևէ տղամարդ կարող է ինձնից պակաս կամ առավել լինի:
– Ինչու՞ ՏԻՄ ընտրություններին մասնակցող կանայք սակավաթիվ են:
-Առաջին հերթին երևի համարձակությունն է պակասում: Կանայք ընտանիքներում ենթակա են իրենց ամուսիններին: Ես չեմ ասում, որ ենթակա չեմ, բայց իմ բնավորությանը համապատասխան սովոր եմ, որ կյանքում ինքս հարցեր դնեմ իմ առաջ ու ինքնուրույն լուծումներ տամ: Դա փոքրուց է իմ մեջ: Ինձ թվում է, դա առաջին հերթին մարդկային որակ է: Նաև ընտանիքների աջակցությունն ու ըմբռնումն է բացակայում: Եվ երկրորդ, ինչ-ինչ հանգամանքներ կանանց թույլ չեն տալիս, որ ակտիվ լինեն:
-Որքանո՞վ եք կարևորում կանանց ներգրավվածությունը ՏԻՄ աշխատանքներում:
-Մենք մի քիչ այլ, ուրիշ տեսնակյունից ենք դիտում յուրաքանչյուր հարց: Մի քիչ ավելի մեղմ ենք, ավելի բարի: Ճիշտ հարցադրումներով, ճիշտ մոտեցմամբ կարողանում ենք հարթել յուրաքանչյուր հարց ու մարդիկ շնորհակալ են լինում:Ինձ թվում է, կինն ամեն տեղ բարություն է սփռում ու կինն անփոխարինելի է յուրաքանչյուր աշխատանքում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ներքին ցանկություն ունեն, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն մասնակցում քաղաքական գործընթացներին:
-Ես խորհուրդ եմ տալիս, որ նրանք լինեն ավելի համարձակ ու գիտակցեն, որ եթե իրենք չանեն, ապա ո՞վ պետք է անի: Ասում են՝ պառկած քարի տակ ջուր չի հոսի: Դու մի բան պետք է անես, որ ինչ-որ բան ստացվի: Եթե զգում են, որ այդ պոտենցիալը, այդ ներուժն իրենք ունեն, թող փորձեն: Թող փորձեն լինել առաջին գծերում ու իրենց հետևից տանեն տասնյակ, հարյուրավոր մարդկանց:
-Որո՞նք են լինելու առաջնահերթ երեք հարցերը, որոնց անդրադառնալու եք ընտրվելու դեպքում:
-Առաջինը դա խմելու ջրի խնդիրն է, որը յուրաքանյուրիս համար շատ հրատապ ու կարևոր է: Հաջորդը դպրոցի անմխիթար վիճակն է. մեր երեխաները ոչնչով չեն տարբերվում մյուս երեխաներից, ինչո՞ւ պետք է վատ պայմաններով դպրոցում իրենց ուսումն ստանան: Ու նաև մեր գյուղի գազաֆիկացման հարցի մասին պետք է մտածենք: Եթե այս երեք խնդիրները լուծվեն, մեր ժողովուրդը աշխատասեր է, կկարողանա պատշաճ պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար: Նաև հույս ունեմ, որ խոշորացված համայնքում ավելի հզոր բյուջե ունենալով մենք կարող ենք այս հարցերը հերթականությամբ լուծել:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2171