Սոֆի Մինասյան. «Իմ գերնպատակն է  գիտելիքներս կիրառել ռազմական ոլորտում` դրանով իսկ նպաստելով մեր երկրի անվտանգությանը»

«Աշխարհը  շատ արագ է զարգանում, մարդը չպետք է սահմանափակվի մեկ  մասնագիտությամբ, այլ ընտրի տարբեր ոլորտներում ևս  մեկ-երկու մասնագիտություն: Անհրաժեշտ է նաև տիրապետել մի քանի լեզուների ու դրանք որպես  գործիք կիրառել  աշխատանքում»,- համոզված է Գյումրիի Իրական  դպրոցի  4-րդ կուրսի ուսանող, Գյումրիի Ավիամոդելային  ակումբի սան, 18-ամյա Սոֆի Մինասյանը, ում  հանդիպեցի Լոռու մարզի Լեռնապատ համայնքում գտնվող ԱԹՍ (անօդաչու թռչող սարք)  օդանավակայանում:

 

 

 

Դեռ կառուցման  պրոցեսում գտնվող այս օդանավակայանը պետք է ծառայի որպես տեխնիկական բազա բոլոր հետաքրքրված անձանց համար, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերով: Այսինքն՝ մարդիկ կկարողանան տեղում ԱԹՍ-ին խնդիրներ առաջադրել, փորձարկումներ կատարել:  Այն  կարող է ծառայել որպես Հայաստանում գործող ԱԹՍ խմբակների և մասնագիտական ընկերությունների կենտրոն:

 

 

Սոֆի Մինասյանն  ավիամոդելային  սպորտով հետաքրքրվել է  դեռ  մանկուց: Դասերից բացի  հանգստյան  օրերին ավիամոդելային  ակումբի պարապմունքներին  մասնակցելու իր բուռն ցանկությամբ  կարողացավ ժամանակի ընթացքում հաղթահարել Գյումրիում արմատացած այն կարծրատիպը, թե «ավիամոդելավորումը աղջկա  գործ  չէ»:

 

 

Սոֆիի  համոզմամբ ավիամոդելավորմամբ զբաղվելը  միայն հոբի կամ նախնտրած սպորտաձև չէ, այն կարևոր նշանակություն և առաքելություն ունի: «Նախ՝  ռոմանտիզմը, որը ցանկացած նորարարությունն ուղեկցող զգացմունք է՝ աննկարագրելի հաճելի է  տեսնել քո ձեռքով  պատրաստած ու կապույտ երկնքում  ճախրող ավիամոդելի թռիչքն  ու սահուն  վայրեջքը: Եվ  հետո,արցախյան 44-օրյա  պատերազմն ապացուցեց, թե որքան անհրաժեշտ է անվտանգության ապահովման տեսակետից բանակի տեխիկական հագեցվածությունը զենքերի բազմազան տեսականիով, որոնց թվում իր ուրույն տեղն ունեն աթս-ները»:

 

 

Չորս  տարի  հաճախելով  ավիամոդելային  ակումբի պարապմունքներին Սոֆին  բավականին  գիտելիքներ և  հմտություն է  ձեռք  բերել: Հիշում է , թե  ինչպես մեկ օրում  կարողանում էր  պատրաստել փոքր  չափերի մոդել,  հետագայում  դրանց  չափերն ավելացան, որի վրա աշխատանքը տևել է անգամ  մեկ  տարի:

 

 

 

Սոֆիի  խոսքով իր   պատրաստած մոդելները հիմնականում ազատ թռչող մոդելներ են, խմբով պատրաստում են նաև հեռակառավարման վահանակով ղեկավարվող թռչող սարքեր, որոնց թռիչքի  բարձրությունը  կախված է հեռակառավարման վահանակից: Խմբի սաներին  հաջողվել է կառուցել 10 կիլոմետր  բարձրությամբ և 500 մետր երկարությամբ թռչող անօդաչու սարքեր:

 

 

«Փորձարկման  ընթացքում  օգտագործում ենք  նաև FPV տեսակի ակնոց է, որը տեղադրվում է սարքի վրա: Տեսախցիկը տեղադրում է ավիամոդելի վրա, հետո ակնոցներով միանում ենք մոդելին և հետևում թռչնի բարձրությունից այն,  ինչ  երևում է  որոշակի  հեռավորությից: Այնպիսի  տպավորություն է,  կարծես դու մոդելի մեջ լինես»,-պատմում է Սոֆին:

 

 

Նրա պատրաստած ավիամոդելները ինքնակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար Սոֆին երկար է աշխատել, գիտե, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր կատարել բարդ հնարքներ:

 

 

Պրպտող  ու հետաքրքրասեր Սոֆին պարապմունքների  ընթացքում ստացած  գիտելիքները հարստացնում է համացանցի  միջոցով: Նրա  կարծիքով այսօր բոլորն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն և կարելի է ամեն ինչ ուսումնասիրել, այն ինքնակրթության և զարգացման հիանալի հնարավորություն է, եթե իհարկե, ցանկություն ունես: Ցավոք ավիամոդելի վերաբերյալ հայերեն լեզվով գրականությունը սահմանափակ է, ուստի անհրաժեշտ  գրականությունն ու տեսանյութերը կարդում  և դիտում է  ռուսերեն  և անգլերեն  լեզուներով: Փոքր ինչ  տիրապետում է ադրբեջաներեն  լեզվին, ինչը կարծում է շատ կարևոր է տարածաշրջանում մեր անվտանգությունն ապահովելու տեսակետից:

 

 

Սոֆին ոգևորված է այն  մտքից, որ  այսօր աթս-ների հանդեպ  հետաքրքրությունը  հանրության  շրջանում  մեծացել է:  Իհարկե դա պատերազմի հետևանքում է տեղի ունեցել, բայց կարևոր է, որ պարապմունքներին  շատերն են  մասնակցում, որոնց  թվում  քիչ  չեն  աղջիկները: Թեև մասնագիտությամբ  ծրագրավորող է, սակայն իր  մասնագիտությունը հավասարաչափ կկիրառի  նաև նոր մոդելի աթս-ների ուսումնասիրության և պատրաստման   համար:

 

 

-ԱԹՍ-ները կիրառվում են քաղաքացիական  նպատակներով՝ արտակարգ  իրավիճակների ժամանակ,  բժշկության,  գյուղատնտեսության և այլ ոլորտներում, սակայն իմ գերնպատակն է  գիտելիքներս կիրառել ռազմական ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի անվտանգությանը: Ինձ  ոգևորում է  նաև հայկական  բանակում  աղջիկների ծառայության հնարավորությունը: Վաղուց  ժամանակն է, որ բանակը համալրվի  նաև ռազմական արվեստին  լրջորեն  տիրապետող աղջիկներով, գերժամանակակից  զինատեսակներով: Թեև հայոց  բանակը քաջ ու անվեհեր զինվորի  կարիք չունի, բոլորն էլ  քաջ են, սակայն  ունի հզոր  զենքերի, գերժամանակակից աթս-ների  կարիք,- համոզված է Սոֆին:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

Դիտումների քանակը` 943

Գլխավոր էջ