Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց
Ամուսին. – Եթե լեզուդ ատամներիդ տակ չպահես, գիտե՞ս չէ՝ ինչ կլինի:
Կինը. Կարիք չկա ամեն անգամ հիշեցնելու:
Սա մի հատված է հեռուստադիտողների կողմից սիրված «Անցյալի ստվերներ» («Շանթ» Հ/Ը) սերիալից: Այստեղ բազմաթիվ են կանանց նկատմամբ բռնության տեսարանները: Պատկերը նույնն է կամ գուցե ավելի տխուր է «Հարազատ թշնամի» («Արմենիա» Հ/Ը) սերիալում: Սակայն նույնը չի կարելի ասել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ ստեղծված «911» (Հանրային Հ/Ը) հեռուստասերիալի մասին:
Այս երեք սերիալներն ուսումնասիրվել են Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի փոքր դրամաշնորհային ծրագրի հետազոտական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են ԵՊՀ դասախոս Անի Կոջոյանը եւ նույն համալսարանի գիտաշխատող Աննա Գեւորգյանը:
«Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության հեղինակների հետ մեր հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում, իսկ մինչ այդ անդրադառնանք զեկույցի բովանդակությանը:
Փորձագետներն ուսումնասիրել են սերիալները հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեդիայի և հատկապես ամենաշատ դիտողականությունն ունեցող սերիալների արտացոլած գենդերային բռնությունների քանակը ուղիղ ազդեցություն է ունենում հասարակության մեջ կանանց նկատմամբ կատարված բռնությունների քանակի վրա: Հեռուստաընկերություններն ու հեռուսատասերիալներն ընտրվել են՝ հաշվի առնելով նրանց բարձր վարկանիշը հանրային դիտողականության սանդղակում:
Վերոնշյալ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է հայկական արտադրության սերիալներում պատկերվող և ներկայացվող առնականությունը, ինչպես նաև փորձ է արվել պարզել, թե որքանով է գենդերային բռնությունը պատկերվում որպես առնականության բաղադրիչ տարր:
«Հայկական հեռուստասերիալների տղամարդ կերպարների վերլուծությունը ցույց է տալիս, որ կամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են, կամ բիզնեսմեններ, կամ «գողական աշխարհի ներկայացուցիչներ»: Զբաղվածության այս ոլորտները պատահական չեն ընտրված. շեշտադրված է տղամարդկանց ուժեղ, դոմինանտ դիրք զբաղեցնող, իշխող դերը:
Այս կերպարները ագրեսիվ առնականության դրսևորումներ են. ագրեսիայի, որ արտացոլվում է ոչ միայն այլ տղամարդկանց հետ փոխհարաբերություններում, այլև ընտանիքում և հատկապես ամուսնական փոխհարաբերություններում: Այս համատեքստում կինը դառնում է միջոց, գործիք տղամարդու «առնականությունը» կերտելու, ընդգծելու, ակտիվացնելու համար: Հենց այս նպատակին են ծառայում հեռուստասերիալում պատկերված «հնազանդ», անօգնական, անաշխատանք ու անհեռանկար կանայք, որոնց ներկայությունն իսկ ավելի ցցուն է դարձնում նրանց կողքին գտնվող տղամարդկանց առնականությունը, ու ամփոփվում է ուժի, իշխանության, գերակա դիրքի մեջ»,- նշված է հետազոտությունում:
Գենդերային բռնությունը սերիալներում, փաստորեն, ագրեսիվ առնականության մաս է դառնում, հայրիշխանական հասարակության կողմից տղամարդուն վերագրվող նորմատիվային վարքագծի մաս: Սերիալները դիտարկած փորձագետները հանգել են այն եզրակացության, որ սերիալների կին կերպարները տղամարդկանց կողմից կատարված բռնությունները արդարացնելու, դրանք որպես նորմա ընդունելու, դրանց նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու հակում ունեն:
««Հարազատ թշնամի» եւ «Անցյալի ստվերները» հեռուստասերիալներում հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը կանանց նկատմամբ այդ նույն կանանց կողմից ընկալվում է որպես սովորական երևույթ, փորձ է արվում ամեն կերպ արդարացնել բռնությունները: Իսկ «911» հեռուստասերիալում վերաբերմունքը բռնության դիմող տղամարդու նկատմամբ էականորեն տարբերվում է այլ սերիալներում արտացոլված վերաբերմունքից»,- նշված է հետազոտությունում:
Փորձագետներն առանձնակի ուշադրություն են հրավիրում «911» սերիալի սերիաներից մեկում պատկերված ընտանեկան բռնության տեսարանի վրա: Սերիան սկսվում է Արտակարգ իրավիճակների նախարարություն ստացված ահազանգով գազի արտահոսքի վերաբերյալ: Փրկարար ջոկատը, սակայն, պարզում է, որ ահազանգը կեղծ է եղել, իսկ նրա հեղինակը անչափահաս մի տղա է: Տունը զննելուց ու գազի արտահոսքի մասին վկայող որևէ փաստ չարձանագրելուց հետո, փրկարարներից մեկը՝ երիտասարդ տղամարդ նկատում է չափազանց մտահոգ ու տխուր երեխային: Տանից դուրս գալուց հետո փրկարարը որոշում է սպասել մի քանի րոպե ու նորից այցելել այդ բնակարան՝ պարզելու համար երեխայի անհանգստության պատճառը:
Մի քանի րոպե անց փրկարարները ականատես լինում, թե ինչպես այդ ընտանիքի հայրը ծեծի է ենթարկում երեխայի մորը՝ անասելի ֆիզիկական ու հոգեբանակն ցավ պատճառելով ոչ միայն իր կնոջը, այլև իր դեռահաս որդուն: Փրկարարներն անմիջապես միջամտում են, ազատում կնոջը բռնարարի ձեռքից ու փորձում նրան հասկացնել իր արարքի անընդունելի ու դժբախտ հետևանքներով հղի լինելու հանգամանքը: Այս տեսարանում հստակ հակակրանք է երևում բռնություն կիրառող տղամարդու նկատմամբ, հակակրանքը դրսևորվում է թե՛ կին, թե՛ տղամարդ կերպարների վարքագծում:
Ուշագրավ է, որ փրկարարներից մեկը՝ հասկանալով, որ տղա երեխան կեղծ ահազանգ կատարելով, փորձել է փրկել մորը իր հոր բռնություններից, ասում է. «Ապրես, դու իսկական տղամարդու պես ես վարվել»: Այս դրվագում առնականության մասին պատկերացումը բնութագրվում է հոգատարության ու բռնությունից ազատելու, բռնությունը կանխելու մասին դիտարկումներով:
Բռնարարի վարքը դատապարտող հայացքներով ու դատապարտող խոսքով են հեղինակները օժտել այս սերիայի բոլոր կերպարներին: Հատկանշական է սակայն, որ ամենից անհանդուրժող վերաբերմունքը ցուցաբերում է փրկարարների ջոկատի միակ կին աշխատակիցը: Նա, չկարողանալով, զսպել իր խոր հակակրանքը բռնություն գործադրողի նկատմամբ, ապտակ է հասցնում նրան:
Այս դրվագը փորձագետներին հետաքրքիր դիտարկումներ անելու առիթ է տվել: «Նախ, ի տարբերություն այլ սերիալների, այս սերիալի հեղինակները հստակ բացասական վերաբերմունք են ցուցադրել բռնության դիմող տղամարդու նկատմամբ: Մյուս կողմից, սակայն, նրան դատապարտելու, նրան «պատժելու» գործառույթը թողել են անհատների վրա և չեն պատկերել նրա արարքի «քրեորեն պատժելի» լինելու հանգամանքը:
Չկան նաև կնոջը ուղղված խորհուրդներ՝ կապված նրա իրավունքների հետ, չկա ինֆորմացիա ՀՀ-ում գործող բազմաթիվ հ/կ-ների մասին, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ ու ընտանեկան բռնության ենթարկված կանանց հոգեբանական և առողջական վերականգնման հարցերով: Այն, որ բռնությունը հանդուրժել չի կարելի և որ պետք է ուժ գտնել ու հեռանալ բռնարարից, արտահայտվում է երեխայի շուրթերով, նրա՝ մորն ուղղված կոչերով, որ չի ուզում ապրել մի տանը, որտեղ իր մայրը բռնության է ենթարկվում և որ պետք է անհապաղ հեռանալ այդ տանից»:
Աննա Գեւորգյանն ու Անի Կոջոյանը նաեւ հարցում են անցկացրել տարբեր կրթական աստիճան ունեցող 150 թե արական, թե իգական սեռի անձանց շրջանում` պարզելու համար նրանց վերաբերմունքը սերիալներում ցուցադրվող բռնության տեսարանների նկատմամբ:
Հարցվածների ընդամենը 3-5%-ն է կարծում, որ հեռուստասերիալները չեն արտացոլում մեր հասարակության իրական պատկերը, քանի որ «մեր հասարակության մեջ կին-տղամարդ փոխհարաբերությունները ավելի լավ վիճակում են գտնվում, քան սերիալում է ներկայացված»:
Չնայած այն բանին, որ հարցվածներից բոլորը նշում են, որ երկու հեռուստասերիալների («Հարազատ թշնամի», «Անցյալի ստվերներ») գլխավոր հերոսները հակված են բռնության և կոպտության, այնուամենայնիվ, նրանց մեծ մասը դիտարկում է գլխավոր հերոսներին որպես համակրելի և սիրելի կերպարներ: Հարցվածների կարծիքով` տղամարդու կողմից կնոջ հանդեպ բռնություն կատարելու հիմնական պատճառը կամ դրդապատճառը հենց կինն է համարվում:
Տղամարդկանց կողմից կանանց բռնության ենթարկելը նորմ դարձնելու միտումը փոխելու համար հետազոտության հեղինակները հանդես են գալիս մի շարք առաջարկներով, դրանք են`
– Սցենարներ գրելիս հաշվի առնել, որ ներկայացված կերպարներ ու միջսեռային հարաբերությունները իրենց ազդեցությունն են ունենալու հասարակության վրա
– Բացառել գենդերային բռնությունների ընդգրկումը դրական կերպարների վարքագծում
– Հեռուստասերիալներում գենդերային բռնության դիմող կերպարների պատկերման դեպքում, ցույց տալ սերիալի մյուս կերպարների դատապարտող, մերժող վերաբերմունքը երևույթի նկատմամբ
– Պատկերել բռնությունը չհանդուրժող, դատապարտող կանանց ու տղամարդկանց կերպարներ
– Հեռուստասերիալներում անդրադառնալ ընտանեկան բռնությունը քրեականացնելու անհրաժեշտությանը:
Արման Ղարիբյան
Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ
Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո
Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն
«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո
Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում
«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»
«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…
Դիտումների քանակը` 6225