«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները
Լիլիթ Տոնոյանը ծնվել է Արմավիրի մարզում, սակայն գրեթե ողջ կյանքն ապրել է Արցախում: Ծնողները ուսուցիչներ են, ովքեր պատերազմից հետո վերաբնակեցվել են Քաշաթաղի շրջանում՝ Գողթանիկ գյուղում: Աշխատել են տեղական դպրոցում, որտեղ ներկայումս դասավանդում է նաև Լիլիթը: Անցած տարի ԷկոԼաբ կարողությունների զարգացման ծրագրին Լիլիթը ներկայացրել է օրգանական օճառներ արտադրելու և Գողթանիկ համայնքում «Ստեղծագործարան» հիմնելու գաղափարը, որն աջակցություն է ստացել:
Շուրջ կես տարի է, ինչ Լիլիթը քույրիկի՝ Լուսինեի օգնությամբ արտադրում է բացառապես օրգանական հումքից ստացված օճառներ: «Soap for Hope» («Օճառ հանուն հույսի») անվանումը կրող այս նախագիծն իրենց նորարական ծրագրի մի մասն է միայն: Օճառի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվում է Գողթանիկի դպրոցի աշակերտների համար ապագա «Ստեղծագործարանին», որը հնարավորություն կտա զարգացնելու համայնքի երեխաների ստեղծագործական միտքն և ունակությունները՝ նոր հույսեր արթնացնելով նրանց մեջ:
Լիլիթ Տոնոյանը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է, Երևանի պետական համալսարանում ասպիրանտուրական հետազոտություն է իրականացնում՝ ոչ օրգանական լվացող միջոցների ազդեցությունը մարդու բջիջների վրա թեմայով: Իր փորձարկումների արդյունքում նա պարզել է, որ ոչ օրգանական լվացող նյութերը թեև մաքրում են մաշկը, բայց վնասում են բջջաթաղանթը՝ արագացնելով բջիջների մահը: «Նախևառաջ բացասական ազդեցությունն եմ ուսումնասիրում բջջաթաղանթի վրա և նաև ուսումնասիրության արդյունքում է, որ հասկացա օրգանական օճառ ունենալու կարևորությունը»,- ասում է Լիլիթը, ով գիտական մոտեցում է ցուցաբերում օճառի արտադրությանը:
Օճառի պատրաստման մեջ Լիլիթն օգտագործվում է բացառապես օրգանական նյութեր՝ ավելացնելով նարինջ, թուրինջ, դարչին, լավանդա, երիցուկ, չիչխան, գիհի տերևներ և այլ բույսեր: Երիտասարդ փորձարկողն արդեն ստեղծել է 15 տեսակի առանձնահատուկ օճառներ և դեղաբույսերից ստացված յուղեր՝ հիմնականում գործածելով Արցախում և Հայաստանում հանդիպող բուսատեսակները:
«Առաջին անգամ երբ օճառ պատրաստեցի, օգտագործեցի պատրաստի բաղադրատոմս, սակայն դրանից հետո ինքս եմ ստեղծել բոլոր բաղադրատոմսերը: Ինչ արտադրում ենք, բացառիկ են, որևէ տեղ չեք կարող գտնել նույն բաղադրությամբ օճառներ»,- վստահեցնում է Լիլիթը: Նա անձամբ է փորձարկում իր օճառները՝ հասկանալու համար դրանց ազդեցությունը մաշկի վրա. «Ես ինքս եմ մտածում, թե որ նյութից ինչ քանակությամբ խառնեմ, որպեսզի լավ արդյունք լինի: Օրինակ, շատ մարդիկ թեև շատ են սիրում նարինջ, բայց ալերգիկ են և չեն կարող գործածել նարինջից պատրաստված օճառը: Այդ պատճառով ես հատուկ չափաբաժնով երիցուկի հետ եմ խառնում այն, քանի որ երիցուկը հանգստացնող հատկություն ունի և ալերգիաներ չի առաջացնի»:
Լիլիթի քույրն օգնում է իրացնել օճառները: Քույրերը նաև մտադիր են հետագայում մեծացնել օճառների արտադրությունը, ներդրողներ են փնտրում, որոնց աջակցությամբ էլ կընդլայնեն իրենց էկո բիզնեսը: «Ներկայումս մեր ողջ հասույթը փոխանցվում է «Ստեղծագործարանի» տարածքի վերանորոգմանն ու կահավորմանը: Ցանկանում ենք գտնել այնպիսի ներդրողների, ովքեր կաջակցեն, թե օճառների պատրաստմանը, թե «Ստեղծագործարանին»»,- ասում է Լիլիթը: Նա առանձնակի սիրով է խոսում «Ստեղծագործարանի» մասին, ցանկանում է այն դարձնել այնպիսի մի վայր, որտեղ Գողթանիկ համայնքի աշակերտները ակտիվորեն կստեղծագործեն, կզարգացնեն կրեատիվ միտքն ու նորարարություններ կանեն:
«Ներկայումս մենք կրեատիվ վերանորոգման գործընթացի մեջ ենք: Վերջերս պատերազմական աղբի վերամշակում իրականցրեցինք: Հենց գյուղի տարածքում պատերազմից մնացած արկերից և այլ զենքի թափոններից տարբեր իրեր պատրաստեցինք, այդ թվում և տոնածառ: Արդեն իսկ փորձել ենք վերամշակել աշակերտական տետրերի թղթերը: Գաղափարները շատ-շատ են, մնում է, որ աջակցություն ունենանք»,- ասում է Լիլիթը:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Շուշան Գրիգորյանի Pepen-ոտ աշխարհը
«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը
«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում
Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»
«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները
WomenNet-ը փնտրում է նորարար կանանց
«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Դիտումների քանակը` 5588