Բացի 73 գերիներից, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է․ Սիրանուշ Սահակյան

 

Բացի 73 գերիներից, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է: Ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, բայց հայտնի չէ՝ սպանվե՞լ են, դիե՞րը չեն գտնում, թե գերի են, –  այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

 

 

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին, փաստաբանը նկատեց, որ դրանով ի ցույց են դնում, որ նշված անձիք հանցագործներ են և չեն վերադարձվելու, քանի որ արդեն իսկ դատական գործընթացը պաշտոնականացվել է և դրա համար վկայակոչում են կարգավիճակի փոփոխությունը։

 

 

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ,   անհեթեթ է այն միտքը, որ նրանք պատերազմում սպանել են ադրբեջանցիների, հետևաբար հանցագործներ են։ «Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ թշնամու զորքերին խոցելը թույլատրվում է, և այս հիմքով քչերն են կարող դիտարկվել հանցագործներ։ Ադրբեջանը պարզապես անհարկի ձևով փորձում է խոչընդոտել հայրենադարձմանը»,–ասաց նա։

 

 

Նրա խոսքով,  իրավական տեսանկյունից տարբերություն չկա մինչ նոյեմբերի 9-ը և դրանից հետո գերեվարված քաղաքացիների կարգավիճակի առումով. «Եվ զինված գործողությունների դադարից հետո, և՛ կոնֆլիկտի շրջանակներում գերության մեջ հայտնված անձինք դասական առումով համարվում են քաղաքացիական գերիներ կամ ռազմագերիներ: Հայտարարության կնքման պահը կրիտիկական նշանակություն չունի: Թե՛ նոյեմբերի 10-ին գերեվարված քաղաքացիական անձինք, թե՛ դեկտեմբերի կեսերին գերեվարված անձինք համարվում են ռազմագերիներ, և գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո: Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է իրենց ներկայացնել որպես հանցագործներ: Այս ձեռագիրն առնչվում է ոչ միայն հայտարարության ստորագրումից հետո միջադեպերին, այլև մինչ այդ գերեվարման դեպքերին: Մենք ունենք դեպքեր, երբ անձը գերեվարվել է հոկտեմբերին, սակայն Ադրեբեջանը չարաշահումներ թույլ տալով, պնդում է, որ չի վերադարձնելու տվյալ անձին, քանի որ նա հացագործ է: Նման շահարկումները լինելու են զուտ քաղաքական պատճառներով», – նշեց նա:

 

 

Սահակյանը պնդեց՝ սկզբունք չկա տարանջատելու գերին ահաբեկիչ է, թե ռազմագերի. «Օրինակ՝ Խծաբերդի դեպքում մենք տեսանք, որ սկզբում ամբողջ խումբը որակվում էր որպես ահաբեկիչ, իսկ ահաբեկիչները վերադարձի ենթակա չեն: Սակայն 8 անձ հայրենադարձվեց: Ստացվում է, որ ահաբեկիչ որակումը շինծու էր, և երկրորդ՝ անգամ, եթե պնդենք, որ նրանք ահաբեկիչ են, կա մոտեցման միասնականության սկզբունք, և, եթե մի խմբի որոշ անդամներ որակվել են որպես ահաբեկիչներ, բայց վերադարձել են, ապա համանման վերաբերմունքի  պետք է արժանան մնացած անդամները նույնպես: Ողջամիտ բացատրություն չի կարող լինել, թե ինչու են տարբերակում, տարբերակման օբյեկտիվ հիմք չկա և այս ամենը վկայում է, որ մենք գործ ունենք կամայականությունների հետ»:

 

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ամեն դեպքում ինչպես են ընթանում բանակցությունները գերիների վերադարձին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․«Բանակցությունները բնականաբար հուսադրող չեն, այնտեղ իսկապես հարցը քաղաքականացված է, դեռևս Հայաստանի իշխանությունները զիջումների են գնալու, և այս պարտվողական հոգեբանության պարագայում Ադրբեջանը ռազմագերիների խնդիրը պահում է որպես հավելյալ լծակ, որպեսզի վերջնականորեն ստորացնի Հայաստանի իշխանություններին»,– ասաց նա։

 

 

Փաստաբանը նշեց, որ հաստատված 73 գերիների առնչությամբ Եվրոպական դատարանում ընթանում են իրավական գործընթացներ, և կարգավիճակի վերջնական գնահատումը տալու է Եվրոպական դատարանը, բայց այս պահին էլ հումանիտար իրավունքի խնդիրներով զբաղվող կառույցները, միջազգային այլ գործընկերներ ունեն միասնական ընկալում, որ գործ ունենք ռազմագերիների հետ, իսկ մնացած խոչընդոտները պայմանավորված են քաղաքական գործոններով։ «Կարծում եմ, որ միջազգային գործընկերների, գերտերությունների հետ աշխատելով կարելի է բանեցնել անհրաժեշտ իրավական և քաղաքական ճնշում, որպեսզի բոլոր գերիները հայրենադարձվեն»,–ասաց նա։

 

 

 «Եվրոպայի խորհրդի շրջանակներում դատական գործընթացների համատեքսում մենք բազմիցս բարձրաձայնել ենք Եվրոպական դատարանին, որ անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեքորեն չեն կատարվում Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանը դատարանին ստում է և փաստացի պահվող գերիների գերեվարման հանգամանքը չի ընդունում, անձանց առողջական վիճակի պատշաճ տեղեկություն չի տալիս, ունեցել ենք նաև դեպքեր, երբ անձինք գերեվարման ընթացքում սպանվել են, այսինքն դատարանի պաշտպանության միջոցի տակ գտնվող անձի կյանքին վնաս է հասցվել, ինչը նաև մարտահրավեր է ինքնին Եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդին: Այս չարամիտ գործելաոճը հաշվի առնելով, խնդրել ենք, որպեսզի հարցն ուղարկվի նախարարների կոմիտե: Եվ արդեն նախորդ շաբաթ՝ ուրբաթ օրը, դատարանը պաշտոնապես ծանուցում է ուղարկել նախարարների կոմիտեին: Կոմիետի ներգրավածությունը արդեն նոր որակ է տալիս գործընթացին, որովհետև այս քաղաքական մարմինն է սկսելու զբաղվել խնդրով, ակնկալիք ունենք, որ եվրոպական այս ազդեցիկ քաղաքական մարմնի ներգրավածությունը կմեծացնի ճնշումն Ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և մենք կունենանք իրավիճակի դրական տեղաշարժ»:

 

 

Փաստաբանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ունենք 65 հայրենադարձված գերի, որոնց գերեվարումը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, այս պահին ունենք 73  հաստատված գերեվարված անձ, որոնք պաշտոնապես ընդունվում են Ադրբեջանի իշխանության կողմից և գտնվում են Ադրբեջանում։

 

 

«Միևնույն ժամանակ շուրջ 150 գերեվարվածի առնչությամբ գործընթացներ են տեղի ունենում, կան ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման օգտին, պարզապես Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում։ 73-ից բացի, մոտ 150 անձի ճակատագիր դեռևս անհայտ է, և նրանք ևս գերեվարված են։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կան նաև կանայք, այսինքն՝ ակնհայտ է, որ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, բայց ճակատագրի տեսանկյունից չենք կարող ասել՝ առնվազն քաղաքացիական բնակիչների մասով սպանվե՞լ են և ուղղակի այս պահին դիակները չեն հայտնվում, թե՞ գերեվարված են»,– ասաց նա և նշեց, որ մի շարք կանանց ճակատագիր դեռևս մնում է անհայտ։

 

 

«Մեր տեղեկություններով, դեռևս 3 կանանց ճակատագիր անհայտ է: Ընդ որում, այդ կանայք հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո, և այս տեսանկյունից պետք է ունենան գերեվարված անձի կարգավիճակ: Այլ հարց է, որ մենք չենք բացառում տեղահանված կանանց շրջանում սպանությունները, քանի որ արդեն իսկ ունենք ապացույցներ, որ տարեց քաղաքացիական անձինք, այդ թվում կանայք, որոնք չեն հասցրել լքել իրենց բնակավայրերը, սպանվել են: Այս տեսանկյունից մտահոգիչ է իրենց հայտարարությունը, քանի որ այդ կանանց ճակատգրի պատասխանատուն եղել և մնալու է Ադրբեջանը: Եթե չեն վերադարձնելու, որովհետև արտակարգ զարգացումներ  են եղել և սպանվել են, դրա համար ևս պետք է պատասխանատվություն կրեն», – ավելացրեց նա:

 

 

Հարցին՝ հայ ռազմագերիներն այս ընթացքում կարողացե՞լ են կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս դեպքում նույնպես գործում է կամայականության սկզբունքը. «Առանձին ընտրողական դեպքերում կապը ստեղծված է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով, բայց այս դեպքերը հատընտիր են: Այսպիսի իրավիճակներն էլ ստեղծվում են, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացվեն որպես դրական օրինակներ: Բայց դրանք էլ համընդհանուր բնույթ չեն կրում, այլ եզակի դրվագներ են»:

 

 

 

Աղբյուրը՝ Tert.am

Armtimes.am 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Վերադարձրեք գերիներին»․ քաղաքացիները ձեռնաշղթաներով ակցիա են անում Ազգային ժողովի մոտ

 

ՄԱԿ-ի փորձագետները  հորդորում են անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված անձանց

 

«ԱԺ–ն պարտավոր էր գերիների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ ». Աննա Գրիգորյան

 

Ազգային ժողովը դատապարտեց գերիների վերադարձի խոչընդոտումը Ադրբեջանի կողմից

 

Սիրանուշ Սահակյանը` հայ գերիների վերադարձով զբաղվող  կինը

 

Նաիրա Զոհրաբյանը դիմել է Եվրոպայի կին լիդերներին գերեվարված Մարալ Նաջարյանի հարցով

 

Մարալ Նաջարյանը Բեյրութի իր տանն է 

Դիտումների քանակը` 977

Գլխավոր էջ