«Ապաստան փոթորկից». 2.7 մլրդ մարդ զրկված է եղել սոցիալական աջակցությունից՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետևանքները

 

  • Համավարակի ազդեցությունը մեղմելու նպատակով աշխարհը ծախսել է հավելյալ 11.7 տրիլիոն դոլար գումար, որից.  

– 9.8 տրիլիոն դոլարը կամ 83 տոկոսը ծախսվել է 36 հարուստ երկրներում,

-42 մլրդ դոլարը կամ 0.4 տոկոսը ցածր եկամուտ ունեցող 59  երկրներում։

  • Երկրագնդի բնակչության մեկ երրորդից ավելին՝  2.7 մլրդ մարդ,  կարիքի մեջ գտնվելու ընթացքում իրենց կառավարությունների կողմից որևէ աջակցություն չի ստացել՝ համավարակի հետևանքները հաղթահարելու համար:

Դրա մասին են փաստում  Օքսֆամի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք ամփոփված  են  «Ապաստան փոթորկից»  խորագրով զեկույցում:  

 

Հետազոտության ընթացքում դիտարկվել են կառավարության ծրագրերը, որոնց նպատակն էր գումարների ներարկմամբ օգնել մարդկանց տարբեր խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց, գործազուրկներին, երեխաներին, տարեցներին։ Ցածր և միջին եկամուտ ունեցող 126 երկրներում կատարված ուսումնասիրությունը փաստել է, որ այդ ծրագրերից որևէ մեկը չի բավարարել այդ մարդկանց կարիքները։

 

 

«Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում գործազուրկներին, տարեցներին, երեխաներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից որևէ մեկը բավարար չի եղել հիմնական կարիքները հոգալու համար։ Կառավարությունների աջակցության ծրագրերի մոտ 41 տոկոսը եղել են միանվագ, իսկ հիմա գրեթե բոլոր կառավարությունները դադարեցրել են  աջակցությունների տրամադրումը։

 

 

Տասնամյակներ շարունակ իրականացվող սոցիալական քաղաքականությունը, որը կենտրոնացած էր միջոցների ստուգված աջակցության փոքր մակարդակների վրա, շատ երկրների ամբողջովին անպատրաստ է թողել COVID-19 տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում։

 

 

Մինչդեռ Հարավային Աֆրիկայի և Բոլիվիայի նման երկրները ցույց տվեցին, որ սոցիալական պաշտպանության համընդհանուր մոտեցումը մատչելի է, և առավել մեծ ազդեցություն ունի անհավասարության նվազեցման և առավել կարիքավորներին պաշտպանելու գործում»,-նշում են զեկույցի հեղինակները։

 

 

Զեկույցում ներառված տվյալների համաձայն,  աշխարհի բնակչության մեկ երրորդին չի տրամադրվել հանրային գումար՝ համավարակի հետևանքների հաղթահարման համար։

 

Ընդհանուր առմամբ, աշխարհը ծախսել է հավելյալ 11.7 տրիլիոն դոլար գումար՝ մեղմելու համավարակի ազդեցությունը։ Դրանից 9.8 տրիլիոն դոլարը կամ 83 տոկոսը ծախսվել է 36 հարուստ երկրներում, 42 մլրդ դոլարը կամ 0.4 տոկոսը ցածր եկամուտ ունեցող 59  երկրներում։

 

 

28 հարուստ երկրներ, որոնք ներդրել են սոցիալական հատուկ պաշտպանության ծրագրեր, ծախսել են յուրաքանչյուր անձի համար 695 դոլար գումար: Ի տարբերություն դրան, ցածր եկամուտ ունեցող և զարգացող երկրները մեկ շնչի հաշվով ծախսել են 28 դոլարից մինչև ընդհուպ 4 դոլար գումար։

 

Իրավիճակն ավելի է բարդացնում այն, որ հարուստ երկրները զարգացող երկրներին տրամադրվող օգնությունն ավելացրել են ընդամենը 5.8 մլրդ դոլարով, ինչը նշանակում է, որ Covid-19-ի դեմ պայքարի միջոցներից յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց տրամադրվել է ավելի քիչ, քան 5 ցենտ։

 

 

«Կորոնավիրուսի վախը միավորեց աշխարհը, բայց դրան պատասխանելը բաժանեց։ Համավարակն առաջացրեց գովելի գլոբալ ջանքեր, որոնց շնորհիվ 2020-ին սոցիալական աջակցություն տրամադրվեց ավելի քան մեկ մլրդ մարդու։ Սակայն շատ ավելի մեծ թվով մարդիկ անտեսվեցին։ Այդպես չպետք է լիներ»,-ասել է Օքսֆամի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուքերը։

 

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ կես միլիարդ մարդ գործազուրկ է, համավարակի հետևանքով տուժած կանայք երկու անգամ գերազանցում են տղամարդկանց։  Առավել շատ տուժել են ցածր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիները, նրանք կորցրել են իրենց աշխատանքային ժամերի 23 տոկոսը։

 

 

Մարդիկ պարտքերի տակ են ընկել, հրաժարվել են սննդից, երեխաներին չեն տանում դպրոց։ Գլոբալ աղքատությունն ու սովն աճում են։

 

 

Ինչևէ, զեկույցը պարզել է.

 

 

Ուսումնասիրված երկրների 41 տոկոսն ունեցել է սոցիալական պաշտպանության ծրագրեր, որոնք ենթադրում են միանվագ վճարում։  Ծրագրերի միայն 13 տոկոսն են ունեցել վեց ամսից ավելի երկար տևողություն։

 

 

10 երկրներից 8-ին չի հաջողվել օգնել անգամ իր բնակչության կեսին։ Որոշ երկրներ, օրինակ Հարավային Աֆրիկան, Բոլիվիան ավելի լավ էին պատրաստված, նրանք տրամադրել են համընդհանուր սոցիալական աջակցություն  համավարակի ընթացքում։ Օքսֆամը գտնում է, որ շատ երկրներ պետք է հասնեն դրան՝ իրականացնելով ավելի լավ քաղաքականություն ու տրամադրելով ավելի շատ աջակցություն։

 

Օրինակ, Քենյան ու Ինդոնեզիան կարող են մինչև 2030 թվականը կրճատել իրենց երկրում առկա աղքատությունը համապատասխանաբար 25 և 31 տոկոսով՝ իրենց ՀՆԱ-ի 17 տոկոսը ներդնելով  համընդհանուր սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման համար։

 

 

Շատ զարգացող երկրներ կարողացել են մոբիլիզացնել ու տրամադրել ոչ ֆինանսական օգնություն, օրինակ պարենային օգնություն, բայց դա հաճախ անբավարար էր սոցիալական պաշտպանության բացը լրացնելու համար:

 

 

Օքսֆամի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուքերն ասում է, որ սոցիալական պաշտպանությունը և՛ կյանքի համար փրկօղակ է, և՛ մարդու իրավունք, ինչպես նաև հզոր ու մատչելի ներդրում՝ նվազեցնելու անհավասարությունը, աղքատությունը, կարիքը, խոցելիությունը։ Սակայն տարիներ շարունակ քիչ ներդրումներն ու կասկածելի խորհուրդները զարգացող երկրներում թողեցին մակերեսային կամ էլ կոտրված սոցիալական պաշտպանության ծրագրեր ու համաճարակի վաթարագույն հետևանքներ։

 

 

Զեկույցում ներկայացված պատմություններից մեկն էլ Սովան Վարիսի մասին է։ Նա միայնակ մայր է։ Համավարակի ընթացքում կորցրել է աշխատանքը, մինչ այդ տներ էր մաքրում։  Նա 5 հազար դոլոր պարտք է վերցրել ու գնել եռանիվ հեծանիվ։ Կամբոջայի կառավարության կողմից իրականացվող որևէ սոցաջակցության ծրագրից չի կարողացել օգտվել, քանի որ գրանցված աշխատող չէ։

 

 

Կամ մեկ այլ պատմություն հագուստի խանութում չգրանցված աշխատող Բրենդա Քարոլինայի մասին։ Նա ապրում է Գվատեմալայում, նույն պատճառով չի օգտվել որևէ ծրագրից։ Նշվում է, որ նրանց պատմությունների պես հարյուրավոր պատմություններ կարելի է լսել ամեն օր։

 

 

«Դեռ ժամանակ կա և կառավարույունները կարող են ուժեղացենլ աջակցության ծրագրերը օրինակ առավել հարուստների վրա դրված հարկերի բարձրացման միջոցով։ Նրանք կամք պետք է ցուցաբերեն։ Դեռ ժամանակ կա հարուստ երկրների համար ավելացնելու իրենց կողմից տրամադրվող օգնության չափն ու չեղարկել պարտքերը»,-ասել է Օքսֆամի տնօրենը՝ կոչ անելով Սոցիալական աջակցության գլոբալ հիմնադրամին կանխելու աշխարհում անհավասարության և աղքատության հսկայական աճը, որպես հիմնաքար դեպի ավելի հավասար և դիմացկուն հետկովիդյան տնտեսություն:

 

 

Բացի այդ, կառավարությունները ՀՆԱ-ից լրացուցիչ 2 տոկոս պետք է ներդնեն սոցիալական աջակցության ծրագրերում, ապահովեն երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց նվազագույն եկամուտը։

 

 

«Այժմ աննախադեպ ներդրումները հրամայական են։ Դրանք են, որ դիմագրավում են ճգնաժամին,  դրանց կարևորության ու արդյունավետության մասին փաստում են առավել հաջողակ պետությունները»,-նշում է Օքսֆամի տնօրենը։

 

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ.

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Դիտումների քանակը` 958

Գլխավոր էջ