«Իսկ որքան տարօրինակ կհնչեր հարցը ՝ քանի տղամարդ պետք է լինի ԱԺ-ում»
Հետընտրական զրույց պատգամավոր Շաքե Իսայանի հետ
Ազգային ժողովի նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը շարունակում է իր օրենսդրական գործունեությունը նաև 7-րդ գումարման խորհդարանում: WomenNet.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես են փոխվել իր մոտեցումները խորհրդարանական 1,5 տարվա գործունեությունից հետո, ի՞նչ ակնկալիքներ ունի նա այսօր և ի՞նչ առաջնահերթություններ է տեսնում իր հետագա գործունեության համար:
– Ինչո՞վ էին Ձեզ համար տարբերվում այս ընտրությունները նախորդներից, փոխվե՞լ է արդյոք հասարակական կարծիքը կին թեկնածուների նկատմամբ:
– Անվիճարկելի է, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում էին առաջին հերթին լեգիտիմության բարձր մակարդակով: Դրանց նկատմամբ կար հասարակական լայն վստահություն: Ինչ վերաբերում է կին թեկնածուների նկատմամբ հասարակության ընկալումներին, անկեղծ ասած, շեշտակի փոփոխություն չեմ նկատել:
– Որքանո՞վ է Ձեզ փոխել 1,5 տարվա պատգամավորական գործունեությունը
-Իմ քաղաքական սկզբունքների առումով փոփոխություն տեղի չի ունեցել: Սակայն անմիջական աշխատանքը օրենսդիրում, միջազգային խորհրդարանական քննարկումների ձևաչափը, ամենօրյա շփումները քաղաքացիների ամենատարբեր շերտերի հետ չէին կարող իրենց հետքը չթողնել իմ քաղաքական մոտեցումների զարգացման առումով : Հատկապես, որ վերջին տարին եղել է քաղաքականապես ամենահագեցած փուլերից մեկը:
-Թավշյա հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունը օրակարգային հարցերից մեկը դարձավ, այդ թվում նաև ռեյտինգային ընտրակարգը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը դրան, ի՞նչ առավելություններ և ի՞նչ խոչընդոտներ ունի այն կին թեկնածուների համար:
-Դեռևս նախորդ գումարման Ազգային Ժողովում «Ծառուկյան» խմբակցությունը հանդես էր եկել ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու օրենսդրական նախաձեռնությամբ: Քանզի այն, նախ և առաջ, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Մասնավորապես՝ շրջանում առավել հայտնի և մեծ կապերի տիրապետող անձը այս ճանապարհով հայտնվում էր խորհրդարանում՝ հետագայում այնտեղ չծավալելով տվյալ ընտրատարածքի շահերից բխող որևէ գործունեություն: ԲՀԿ-ի տեսակետն այս հարցում չի փոխվել, այն սկզբունքային է. ինչ-որ մի փուլից սկսած մենք պետք է հրաժարվենք ռեյտինգային ընտրակարգից: Դեկտեմբերի 9-ի ընտրություններին, այնուամենայնիվ, մոտեցանք հին և չբարեփոխված Ընտրական օրենսգրքով, հետևաբար նաև ռեյտինգային ընտրակարգով: Այս գումարման ԱԺ-ի ռեյտինգային պատգամավորները կլինեն լավագույն օրինակը՝ ընտրական այդ համակարգը պե՞տք է արդյոք պահպանել, իհարկե բարեփոխելով այն, թե՝ ոչ: Ու թեպետ համարվում է, որ հակառակ պարագայում մարզային ներկայացվածությունը խորհրդարանում տուժում է, պետք է հիշել, որ պատգամավորը սահմանադրորեն ներկայացնում է ՀՀ ողջ բնակչությունը:
-Ի՞նչ դեր է խաղում, Ձեր կարծիքով, ընտանիքը կանանց քաղաքական մասնակցության հարցում:
-Առանց որևէ չափազանցության՝ ամենամեծ: Կոնկրետ ինձ համար ընտանիքն առաջին տեղում է, և, հետևաբար, քաղաքական գործունեության մեջ կարևորում եմ աջակցությունը ընտանիքի անդամների կողմից:
– Միջազգային դիտորդներն իրենց զեկույցում նշել էին , որ կուսակցությունները խնդիր էին ունեցել ընտրական ցուցակներում կանանց անհրաժեշտ տոկոսը ապահովելու հարցում: Այդ առումով, ին՞չ սկզբունքով է կազմվել Ձեր կուսակցության համամասնական ցուցակը, եղել են արդյոք հիմնախնդիրներ կանանց ներգրավման հետ:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը գոնե մի որոշակի ժամանակահատված հետևող անձինք կտեսնեն, որ ԲՀԿ-ի անդամ հանդիսացող կանայք ակտիվորեն ներգրավված են քաղաքական գործընթացներում: Այս առումով ունենք պատրաստված, պրոֆեսիոնալ կին գործիչներ: Իր ուրույն դերն ունի նաև ԲՀԿ Կանանց խորհուրդը, որի պատվավոր նախագահը տիկին Ռոզա Ծառուկյանն է:
-Ձեր կարծիքով, ինչպիսին պետք է լինի կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում, և անհրաժե՞շտ է, արդյոք, բարձրացնել քվոտան:
– Համաձայնեք, իսկ որքան տարօրինակ կհնչեր հարցը՝ քանի տղամարդ պետք է լինի ԱԺ-ում: Այստեղ գերակա պետք է հռչակել մի սկզբունք. քաղաքականությամբ պետք է զբաղվեն մրցունակները: Գուցե առայժմ, ելնելով հասարակության մեջ որոշակի կարծրատիպային պատկերացումներից, դեռ զգացվում է կանանց մասով քվոտավորման պահանջ, սակայն այս ուղղությամբ պետք է հետևողական մոտեցում դրսևորել, որպեսզի ինչ-որ մի պահից մենք այլևս քվոտավորման խնդիր մեր առջև չդնենք: Այլ կերպ ասած, անկախ այն բանից տվյալ պահին քանի կին կունենա քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն և ամենակարևորը՝ կարողություն, մեկ թե 100 կին , նրանք պետք է հնարավորություն ունենան անխոչընդոտ իրացնել իրենց ձգտումը:
– Ձեր օրենսդրական գործունեությունը այս գումարման ԱԺ-ում շարունակելու եք Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում: Տեսնու՞մ եք Ձեզ կանանց իրավունքների պաշտպանի դերում:
– Անխոս: Կցանկանայի շեշտել, որ նախորդ՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում էլ մարդու իրավունքների ողջ սպեկտրը եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Հիմա, երբ ամբողջությամբ ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովում եմ լինելու, վստահաբար շարունակելու եմ ներկայանալ մարդու իրավունքների լավագույնս ներկայացման և պաշտպանության դիրքերից: Կանանց իրավունքներն իհարկե բացառություն չեն կազմի:
-Որո՞նք են այն խնդիրները, որ կցանկանայիք առաջնահերթ լուծել:
– Առաջնահերթ հետևելու եմ և փորձելու եմ իմ լուման ներդնել 20 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող ցմահ դատապարտյալների գործերի վերանայման, ներման ներկայացնող հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես նաև նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված Ընտանեկան բռնության մասին օրենքի իրավակիրառ պրակտիկայի հարցն եմ կարևորում : Հարկավոր է այնպիսի մեխանիզմներ ձևավորել, որ այս օրենքի շրջանակներում գործադրվող սոցիալական և հոգեբանական աշխատողի ինստիտուտը կայանա, և հնարավորինս նպաստի ընտանեկան միջավայրի կայունացմանը:
-Ձեր կարծիքով, կա՞ն արդյոք պետական քաղաքականության տեսակետից կանանց ու տղամարդկանց վերաբերող հարցեր: Որո՞նք են դրանք:
-Պետք է ազնիվ լինել և նշել, որ պետական քաղաքականության հիմքում ընկած օրենսդրական դաշտը կանանց և տղամարդկանց միջև անհավասարության նշան չի դնում: Այլ հարց է, կրկին նշեմ, հասարակության մեջ դարերով ձևավորված կարծրատիպային մոտեցումը՝ կնոջ տեղի և դերի առումով: Շատ դեպքերում այս վերջինն է խոչընդոտ հանդիսանում կանանց ներուժի իրացման համար, քանզի բարձրագույն կրթություն ստացած կանանց տոկոսը մեր երկրում մի փոքր նույնիսկ ավելին է, քան բարձրագույն կրթություն ստացած տղամարդկանց: Պետական քաղաքականության անելիքները հենց այդ խոչընդոտները հանելու ոլորտում են…
Զրուցեց Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 1964