Սեռական բռնությունը անչափահասների նկատմամբ նվազել է պատժաչափերի խստացումից հետո
Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի նվազում, ինչը մասնագետները պայմանավորում են անչափահասների նկատմամբ իրականացվող սեռական հանցագործությունների համար քրեական օրենսգրքում պատժատեսակների ու պատժաչափերի խստացմամբ: Այդպիսի կարծիք հայտնեցին«Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Սեռական բռնությունը Հայաստանում» թեմայով քննարկման բանախոսները:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանի ներկայացմամբ՝ եթե 2013թ. արձանագրվել էր սեռական բռնության 116 դեպք, ապա 2014թ-ին՝ 97 դեպք և 2015թ. առաջին երեք ամիսների ընթացքում 32 դեպք: Վերջին տասը տարվա ընթացքում արձանագրվել էր անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճ մոտ 2.5 անգամ:
«Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով 2013-ին գրանցվել է կանանց նկատմամբ կատարված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությունների դեմ ուղղված 23 հանցագործության դեպք, 2014-ին՝ 28, իսկ անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ՝ 2013-ին գրանցվել է 78 դեպք, 2014-ին՝ 63 դեպք: Արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին գրանցված 13 դեպքի դիմաց էլ 2014-ին գրանցվել է 3 դեպք, աճել է միայն կանանց մասով, անչափահասներինը՝ նվազել է»,- ասում է Արթուր Վարդանյանը:
Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը ևս անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի նվազումը կապում է 2013-ի դեկտեմբերի 21-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի փոփոխություններով:
«Եթե նախկինում մենք բավականին հաճախ ունենում էինք դեպքեր քրեական օրենսգրքի 141 հոդվածով, երբ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում տուգանք պատժատեսակն էր կիրառվում, ապա ներկայումս տուգանքը պահպանվել է միայն այդ հոդվածի առաջին մասում, երկրորդ մասը նախատեսում է 4-10 տարի, իսկ երրորդ մասը՝ 5-12 տարի ազատազրկում: Այսինքն սանկցիաներն այնքան են խստացվել, որ համարյա թե հավասարեցվել են անչափահասի կամ մանկահասակի բռնաբարության համար նախատեսված պատժաչափերին և դա բավականին ուժեղ զսպող միջոց է հանդիսանում այն անձանց համար, ովքեր նախկինում օգտագործում էին անչափահասներին իրենց սեռական կարիքները բավարարելու համար՝ գիտակցելով, որ ընդամենը վճարելու են տուգանք որպես պատժատեսակ»,-ասում է Թումասյանը:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ օրենքի փոփոխությունը կարևոր մի գործընթաց էր, որը մեկնարկել էր դեռևս 2011-ին: «Կարևոր է նաև, որ մարդիկ սկսել են խոսել այդ մասին, դիմել ոստիկանություն, չնայած հասարակության կողմից դեռ կա բռնության զոհին մեղավոր համարելու, մեկուսացնելու խնդիրը, սակայն դեպքերի մասին սկսել են բարձրաձայնել»,-ասում է Աղաբեկյանը՝ հավելելով, սակայն, որ որոշ դեպքերում, երբ լռելու և չբարձրաձայնելու որոշում է կայացնում բռնության ենթարկված կինը դա «իր կյանքի որոշումն է», սակայն առավել խնդրահարույց է, երբ «ծնողները որոշում են անչափահասների փոխարեն և նրանց հետագայում նաև զրկում են հոգեբանական որևէ աջակցությունից», ինչն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:
Ինչ վերաբերում է անչափահասների հարցաքննությանը, ապա Թումասյանն ասում է, որ այն իրականացվում է անչափահասի և նրա օրինական ներկայացուցչի հետ, կանչում են նաև մանկավարժ, իսկ եթե տուժողի օրինական ներկայացուցիչը ցանկանում է նաև փաստաբան հրավիրել, դա օրենքը չի արգելում, սակայն պետության կողմից հարցաքաննության ժամանակ իրավաբան չի տրամադրվում:
Թումասյանն ասում է, որ ներկայումս իրականացվում են փոփոխություններ և քննչական կոմիտեում, անգամ մարզային վարչություներում և վարչական շրջանների քննչական բաժիններում, նպատակ է դրվել ստեղծել երեխաների համար հատուկ հարցաքննության սենյակներ, ինչպես ընդունված է աշխարհի տարբեր երկրներում:
«Այստեղ երեխայի համար առավել հարմար պայմաններ են ստեղծվում հարցաքննության համար, բացի այդ, նոր քրեական օրենսգիրքը նախատեսում է ցուցմունքների դեպոնացում, ինչը շատ դրական է և կհանգեցնի նրան, որ երեխան նախաքննության ընթացքում հարցաքննվելով նորից չի կանչվի դատարան և դատարանում նորից նույն ցուցմունքը չի տա, քանի որ նախաքննության ընթացքում այն կտեսաձայնագրվի և հետագայում կօգտագործվեն միայն տեսաձայնագրությունները, այսինքն դա կօգնի, որպեսզի երեխան մի քանի անգամ հարկադրված չվերապրի իր հետ կատարված դեպքը»,-ասում է Թումասյանը:
Սակայն միևնույն ժամանակ ոչինչ չի արվում սեռական բռնության ենթարկված չափահաս անձանց համար այս գործընթացը ավելի դյուրին դարձնելու համար. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ չափահաս կանայք դիմել են ոստիկանություն իրենց հետ կատարված սեռական բռնության մասին հայտնելու նպատակով, սակայն ստիպված լինելով բազմաթիվ անգամ կրկնելու միևնույն տրավմատիկ փորձը, իրենց հետ կատարվածը պատմելու տարբեր աշխատակիցների՝ հետ են վերցրել իրենց դիմումը: Շատերի համար սա շատ ցավալի փորձ է և իրենք ուղղակի հոգեբանական առումով չեն դիմանում այս ճնշմանը»,-ասում է Աղաբեկյանը:
Նշենք, որ քննակումը կազմակերպել էին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության հետ համատեղ:
Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:
Դիտումների քանակը` 3228