Հեռուստասերիալի հետքերով` Հնդկաստանից՝ Հայաստան

Հնդկական մշակույթում սովորաբար ընդունված է ասել՝ երբ կինն ամուսնանում է, նա ամուսնանում է ամուսնու և նրա ընտանիքի հետ միաժամանակ: Նորահարսի հարաբերություններն ընտանիքի այլ անդամների, հատկապես սկեսրոջ հետ դառնում են բեկումնային և «գոյատևման» համար կարևոր: Երկու տասնամյակ առաջ էկրաններին հայտնված հնդկական սերիալները հիմնականում կենտրոնանում էին հենց հարսսկեսուր հարաբերությունների վրա: Հնդկական սերիալների առանձնահատկություններին է անդրադառնում  լեզվի, հաղորդակցության և գենդերային հիմնախնդիրների  հետազոտող Անի Կոջոյանը Media.am –ում տպագրված իր հոդվածում:

 

Հատկապես հետաքրքիր են հեղինակի դիտարկումները հնդկական սերիալների միջոցով հայ հեռուստադիտողին առաջարկվող կնոջ կերպարի մասին…

 

«…Լինելով քիչ ծախսատար և հետևաբար նաև մատչելի արտադրանք, ինչպես նաև կրելով ռոմանսի և մարդկային հարաբերությունների (կին-տղամարդ, կին-ամուսին, կին-սկեսուր, կին-հասարակություն), սպասումների և ապրումների ընդհանրության տարրեր՝ հնդկական սերիալները գրավում են այլ երկրների սպառողական շուկան, այդ թվում՝ հայկական:   

 

2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած մեկը մյուսի հետևից հայկական եթերում հայտնվեցին հնդկական արտադրության հինգ հեռուստասերիալ: Այս պահին հնդկական հեռուստասերիալներն իրենց դիտողականության վարկանիշով առավել առաջ են, քան հայկական արտադրության որևէ հեռուստասերիալ: Ըստ Admosphere Armenia ընկերության հեռուստաեթերի մոնիտորինգի տվյալների՝ ամենավարկանիշայինը «Մերժվածը» հեռուստասերիալն է, որին հաջորդում են «Թռիչքն» ու «Ի՞նչ կոչել այս սերը»: 

 

Նշված սերիալների սյուժեներն այնքան խճճված են և բազմաշերտ, որ եթե անգամ դրանք կրում են որոշակի սոցիալական ուղերձ, օրինակ, սելեկտիվ աբորտի խնդիր, բարձր և ցածր դասի ներկայացուցիչների շփում, անչափահասների և երեխաների ամուսնության խնդիր, անհատական գերլարված հարաբերությունների ներկայցման պարագայում այդ ուղերձը կորում է, դառնում աննկատ և անհասկանալի:

 

Օրինակ՝ «Մերժվածը» ներկայացնում է երկու տարբեր դասի ներկայացուցիչների ճակատագրեր, երկու տարբեր խավերի միջև հնարավոր սեր և պայքար, ինչպես նաև բարու-չարի դերաբաշխում: Բայց սյուժեն այնքան խրթին է, որ 1549 սերիաների արանքում հաճախ մոռանում ես, թե՛ ուղերձի, թե՛ «մերժվածի» մասին. Վիրը սիրում է Իչային, Իչան սիրում է Վիրին, բայց Վիրին սիրում է նաև Իչայի ընկերուհի Տապուն, որը խաբեությամբ ամուսնանում է Վիրի հետ: Այդ ընթացքում Իչան ամուսնանում է Վիրի եղբոր՝ Վանշի հետ, որը թմրանյութ է օգտագործում, որին անձնազոհաբար փորձում է օգնել Իչան, բայց որը որոշ ժամանակ անց մահանում է: Չնայած իր հանդեպ անարդար վերաբերմունքին Իչան շարունակում է սիրել բոլորին՝ հանգուցյալ ամուսնուն, նախկին սիրեցյալ Վիրին, Վիրի կնոջը՝ իր ընկերուհի Տապուին, և առհասարակ Տապուի և իր նախկին ամուսնու ողջ ընտանիքին:  

 

Նման համընդանուր և համամարդկային զգացմունքների վրա խաղացող և այդ ապրումներով համեմված պատմությունները դառնում են բարձր դիտողականության համար հիմք: Ավելին, խոցելի կարող է դառնալ հեռուստադիտողի այն խումբը, որը նախ իր և հեռուստասերիալի միջև գտնում-տեսնում է որոշակի համընդհանրություններ և ապրումակցում է սերիալային կերպարին:

 

Երկրորդ խումբն ինքնին «ձայնազուրկ» է. իրական կյանքում իր ձայնը լսելի դարձնելու փոխարեն որդեգրում է պասիվ վարքագիծ: Նրա ձայնը կարող է կուլ գնալ հեռուստասերիալի դրամատիկ էկրանավորմանը: Իսկ այդ ամենի արանքում առկա միջանցիկ բռնությունները, սպառնալիքներն ու հոգեբանական մանիպուլյացիաները սկսվում են դիտարկվել որպես նորմ՝ արդեն իսկ նրա իրական կյանքում… 

 

Դիտողը հեռուստասերիալում տեսնում է իր նմանին (թեև էկրանից այն կողմ), կիսում սերիալի կերպարների մտորումներն ու տառապանքը, ցանկություններն ու սպասումները: Ավելին, նա միշտ գլխավոր կերպարի մասին իմանում է ավելին, քան մյուս կերպարները՝ դրանով իրեն ավելի մոտ համարելով տվյալ կերպարին: Բռնության և սպառնալիքի տեսարանների արանքում հեռուստադիտողը հասցնում է երազել այն մի կտոր սիրո ու գուրգուրանքի մասին, որին արժանանում է սերիալային կերպարն ամեն անգամ բռնության և ստորացման ենթարկվելուց հետո…

 

Չնայած մի շարք սոցիալական խնդիրների մակերեսային արծարծմանը, հայկական եթերում հայտնված հնդկական հեռուստասերիալները շարունակում են հիմնված լինել հայրիշխանական կարծրատիպերի վրա: Դրանք թեև չեն պարտադրում, բայց հուշում են և ցուցադրում, թե որն է «իսկական և ճիշտ» կամ ընդունված կնոջ վարքագիծը, և ինչպիսին պետք է լինի կանացիությունը, ընտանեկան կյանքն ու հարաբերությունները:  

 

Սերիալներում պատկերված չամուսնացած աղջիկները նստում և սպասում են իրենց բախտին, իսկ նրանք, ովքեր արդեն ամուսնացած են կամ այրի, հլու-հնազանդ խնամում են ընտանիքի բոլոր անդամներին: Իսկ այն կին կերպարները, որոնք ֆիզիկապես գրավիչ են և ակտիվ, հիմնակում պատժվում են իրենց «անբարո» ցանկությունների և վարքի համար: 

 

Հեռուստասերիալներում դրական կանանց կերպարները բացառապես «ձայնազուրկ» տնային տնտեսուհիներ են և իրենց երջանկությունը գտնում և պահպանում են  տան տիրույթում: Անգամ ամենաճնշող իրավիճակներում, երբ ամուսինը թմրանյութ օգտագործող է, հարբեցող կամ բռնության է ենթարկում կնոջը, խրախուսվում է, որ կինը շարունակի լռել, հոգ տանել, հանդուրժել և ավելին՝ երջանիկ մնալ տան պատերի ներսում:

 

Մտահոգիչը հատկապես այդքան մեծ թվով սերիալների միաժամանակյա ցուցադրությունն է: Փրայմ թայմում ցուցադրված դրանց մեծ հոսքը, գումարած հայկական սերիալների ոչ պակաս առատությունը, հեռուստադիտողին պահում է կտրված իրական տեղական մի շարք կարևոր սոցիալական խնդիրներից: Մնում է մտորել և հարցնել՝ պատահականությու՞ն, թե՞ որոշակի քաղաքականություն:

 

Անի Կոջոյան,

լեզվի, հաղորդակցության և

գենդերային ուսումնասիրությունների հետազոտող

 

 

Հոդվածն ամբողջությամբ Media.am կայքում

 

 

Կարդացեք   հայկական սերիալներում բռնության մասին.

 

«Ամենամտահոգիչն այն է, որ սերիալների հեղինակները դրական կերպարներին են օժտում բռնարարի հատկանիշներով»

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ

 

Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո

 

«Կնոջ կերպարը հայ մամուլում»

 

Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

 

«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո

 

Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

 

Դիտումների քանակը` 5057

Գլխավոր էջ