«Նազանքով ու քնքշանքով օգտագործեք ամբիոնը». սեքսիզմը խորհրդարանում
Անցնող շաբաթը նշանավորվեց խորհրդարանի հնաբնակների` ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի և «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի բանավեճով, որն աչքի ընկավ սեքսիստական բնույթի հորդորներով…
Խնդիրը սկիզբ էր առել այն բանից հետո, երբ հերթական քննարկման ժամանակ Խոսրով Հարությունյանը իր տեղից դիտողություն էր արել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, իսկ վերջինիս գործընկեր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, թե «Ծառուկյան» դաշինքին որևէ մեկը չի կարող սպառնալ ու կոչ արել Հարությունյանին ու առհասարակ ՀՀԿ-ականներին տեղից չխոսել ու չսպառնալ: «Հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչերին, նստած տեղներից, սպառնալիքներ չներկայացնել: Մեզ դժվար է մի քիչ սպառնալը: Կարծում եմ՝ սա պիտի որ վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք», – հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը:
Երկու օր անց Խոսրով Հարությունյանն իր հերթին անդրադարձավ խնդրին.
«Մի քանի օր առաջ իմ հասցեին հնչեց մի այնպիսի արտահայտություն, տիկին Զոհրաբյան, թույլ տվեք արտահայտվել՝ թաղային հեղինակությանը բնորոշ ոճով ու բառամթերքով, որը, անկասկած, ցանկացած պարագայում անպատասխան չէի թողի։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ իմ դաստիարակությունը թույլ չի տալիս հաշվի չառնել, որ դուք կին եք, հետևաբար` փորձեք կնոջը վայել նազանքով, քնքշությամբ այս ամբիոնն օգտագործել», – դիմելով Նաիրա Զոհրաբյանին այդ նույն ամբիոնից հորդորեց Հարությունյանը։
Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ական պատգամավորը քննարկումը վերածել է անձնական հաշիվներ մաքրելու միջոցի.
«Անկեղծ ասած չէի սպասում, որ նախագծի քննարկումը պարոն Հարությունյանը պետք է վերածի անձնական հաշիվներ մաքրելու: Նորից եմ կրկնում՝ «Ծառուկյան» դաշինքին որեւէ մեկը չի կարող սպառնալ` ո’չ երեկ, ո’չ այսօր և ո’չ էլ վաղը: Եթե ես դահլիճում հնչած դիտողություններին արձագանքել եմ եւ դա որպես անձնական վիրավորանք է արձանագրվել, ապա անձնական վիրավորանքի իմ եւ ձեր մոտեցումները խիստ իրարամերժ են»,- նշեց նա:
Ուշագրավն այստեղ այն չէ, որ Խոսրով Հարությունյանը, փաստացի, ավելի լուրջ հակափաստարկ իր ընդդիմախոսին չունի ներկայացնելու, քան մատնացույց անելու վերջինիս շրջազգեստ կրելը: Շեշտադրելով պատգամավորի կին լինելը նա, ըստ էության, չի դիտարկում դիմացինին որպես հավասար գործընկեր և փորձում է նրա հանդեպ թվացյալ ներողամտություն դրսևորել ՝ առաջնորդվելով «դե կին է, իսկ մայրիկս ինձ փոքր ժամանակ սովորեցրել է աղջիկներին չնեղացնել» սկզբունքով…
Նշենք, որ քաղաքական դաշտում կին ընդդիմախոսներին չեզոքացնելու ամենատարածված միջոցը նրանց կին լինելու մասին հիշեցնելն է: Դրանով հաճախ հաջողվում է ոչ միայն լրացնել հակափաստարկների պակասը՝ այլ հարթություն տեղափոխելով քաղաքական վեճը: Սեքսիզմի նման դրսևորման նպատակը մեկն է ՝ սահմանել կանանց համար քաղաքական դաշտում «թույլատրելի» վարքագծի կանոնները ու դրանով իսկ զսպել նրանց ակտիվությունը:
Ի դեպ , այս միջադեպը ԱԺ ամբիոնը «ոտնձգություններից» պաշտպանելու միակ դեպքը չէ: Թարմ օրինակներից է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ընդդիմադիրներին ուղղված հորդորը՝ ԱԺ ամբիոնը «քաղաքական նպատակներով չօգտագործելու» մասին: Խոսրով Հարությունյանը, փաստացի, այդ նույն տրամաբանության շարունակողը դարձավ` գերխնդիր դնելով կին քաղաքական գործիչների առջև՝ նազանքով ու քնքշանքով օգտագործել ամբիոնը…
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3036