Lրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն արձագանքել է «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դեմ բողոքի

 

Lրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դեմ բողոքի, որը ներկայացվել էր 2022 թ․ սեպտեմբերի 9-ին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կողմից:  

 

 

Հիշեցնենք,որ «Կույր աշխարհ»-ը սերիալը (սցենարի հեղինակ`Դիանա Գրիգորյան) ծաղրի ու վրդովմունքի մեծ ալիք  է առաջացրել հանրության շրջանում: Հատկապես բուռն քննարկման առիթ էր դարձել նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։  Սերիալի հերոսուհին կույս չլինելու մասին սիրեցյալին պատմում է հենց հարսանիքի գիշերը, որին հաջորդում են բռնաբարության և բռնություն պարունակող տեսարաններ:

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն էր տարածել «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով սերիալում  ցուցադրվող բռնությունը.

 

 

«Արմենիա» հեռուստաընկերությունը օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը…

 

 

Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների:  Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերում դեռևս կան պահպանված վնասակար ավանդույթներ, որոնք մեծ տարբերություններ են դնում կանանց և տղամարդկանց միջև և հանգեցնում խտրականության, ապա նաև՝ բռնության։ Սակայն այդ արատավոր երևույթների նմանօրինակ ներկայացումը հեռուստասերիալների միջոցով անընդունելի է և հղի վտանգներով», – ասված է կոալիցիայի հայտարարության մեջ:

 

 

 

 Հանրությունն ու փորձագետները միասնական կարծիք էին հայտնում, որ  այս ամենին իրավական գնահատական պետք է տրվի, ու այն պետք է վերահսկվի պետական մակարդակով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:

 

 

Սակայն Հանձնաժողովի նախագահ  Տիգրան Հակոբյանը՝  Shabat.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով հանձնաժողովից սպասվող քայլերը ,  նշեց, որ  « նման հարցերը հանձնաժողովի  կարգավորումների մեջ չեն մտնում, դրանք  ուրիշ գործիքներով պետք է կարգավորվեն, երկարատև գործընթաց է, որի մեջ ամբողջ հասարակությունը պետք է մասնակցի»:

 

 

Սերիալի դեմ բողոքին արձագանքեց  լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը, որի կողմից տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

 

«ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ուսումնասիրել է բողոքի էությունն ու ներկայացված դրվագները և ընդունում է իրավապաշտպանի մտահոգությունները։ Դիտորդ մարմինն իր հերթին հաստատում է տասնամյակներ շարունակ ցուցադրվող հայկական հեռուստասերիալների ակնհայտ ցածրորակությունը, որը մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների անբավարարության արդյունք է։

 

 

Դիտորդ մարմինը հարկ է համարում նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, որպես հեռարձակող ԶԼՄ, անտեսել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հոդված 57-ի 12-րդ կետը, որով սահմանված են «․․․ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները»։ Իրավասու մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, «Կույր աշխարհ» հեռուստասերիալի հեռարձակման փաստով «Արմենիա» հեռուստաընկերությանն արդեն տուգանել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

 

 

Դիտորդ մարմինը նույնպես խիստ մտահոգիչ է համարում «Կույր աշխարհ» հեռուստասերիալում պատկերված հերոսների գործողությունները, մոտիվացիան, խոսելաոճը։ Դրանք հեռուստադիտողի մեջ առավելապես ամրագրվում են որպես «ընդունված» վարքագծային մոդելներ և երբեմն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան ֆիլմի սցենարում առկա դրական ուղերձները։ Ըստ ԴՄ կանոնադրության՝ Դիտորդ մարմինը քննում և արձանագրում է միայն լրագրողական էթիկայի խախտումները և իրավասու չէ գնահատել գեղարվեստական ստեղծագործության որակը, օգտագործված արտահայտչամիջոցների, ռեժիսորական լուծումների և դերասանական խաղի էթիկան։

 

 

Այդուհանդերձ, հաշվի առնելով որ տվյալ սերիալը հեռարձակվում է հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթ ստացած լրատվամիջոցով, «Արմենիա» հեռուստաընկերության ուշադրությունն ենք հրավիրում մասնագիտական էթիկայի այն սկզբունքի վրա, ըստ որի՝ անհրաժեշտ է նրբանկատություն դրսևորել երեխաների մասին կամ նրանց մասնակցությամբ դրվագներ նկարահանելիս, հատկապես երբ դրանցում կան բռնության ու անհանդուրժողականության տեսարաններ։ Պետք է նաև բացառել սեռական խտրականության, կանանց նկատմամբ նախապաշարված վերաբերմունքի դրսևորումները։ Սրանք պարտադիր պահանջներ են ցանկացած ստեղծագործական աշխատանքի համար և ներառված են մասնագիտական էթիկայի կանոնագրերում, այդ թվում Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում։

 

 

Դիտորդ մարմինն ընդգծում է, որ խոսքը չի վերաբերում բռնության, դաժան վերաբերմունքի պատկերներից և այլ զգայուն թեմաներից ու տեսարաններից առհասարակ հրաժարվելուն։ Պարզապես, դրանք պետք է մատուցվեն գեղարվեստական կանոններով և հնարքներով, այնպիսի հմտությամբ, որ բռնությունը մեխանիկորեն էկրան բերելու կարիք չլինի։

 

 

 

Ցավոք, դա առայժմ շատ հազվադեպ է հաջողվում հայաստանյան սերիալների ինդուստրիային ընդհանրապես։ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հեռարձակող լրատվամիջոցներին կոչ է անում զերծ մնալ ամեն գնով բարձր դիտողականություն ապահովելու գայթակղությունից, առաջնորդվել բացառապես հանրային շահերով և գեղարվեստական բարձր չափանիշներով»։

 

 

***

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2019 թվականին, կոալիցիայի կողմից տարածված մեկ այլ հայտարարության արդյունքում , որը վերաբերում էր «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալին,   որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել էր   «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Սակայն կարծես  թե սա բավարար միջոց չէր՝ կանխելու ակնհայտ բռնության ցուցադրությունն ու քարոզը…

 

 

 

 

Դիտումների քանակը` 617

Գլխավոր էջ