Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն
Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ծնողները նախապատվությունը տալիս են տղա երեխաներին, ինչի արդյունքում հազարավոր աղջիկներ պարզապես չեն ծնվում. չեն ծնվում մի պարզ պատճառով՝ որովհետեւ աղջիկ են: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի հետ համատեղ հետազոտություն են իրականացրել՝ փորձելով հասկանալ, թե ինչով է պայմանավորված Կովկասում տղա երեխաների «պաշտամունքը»:
Երեւանի պետական համալսարանում ներկայացվեցին հետազոտության արդյունքները եւ առաջարկվեցին հնարավոր լուծումներ Հայաստանի համար: Հետազոտությունն իրականացվել է մայրաքաղաքում, եւս մեկ քաղաքային եւ երկու գյուղական համայնքներում:
Նախ նշվեց, որ Հայաստանում «չծնված աղջիկների» առկայությունը երկրում գենդերային անհավասարության ախտանշանն է: Բացի առկա կարծրատիպերից, երկրի տնտեսական խնդիրները եւս ազդում են սեռով պայմանավորված աբորտների թվաքանակի վրա. որքան շատ են սոցիալական խնդիրները, այնքան նվազում է երեխաների թիվը: Իսկ ընդամենը մեկ երեխա ունենալու դեպքում ծնողների մեծամասնությունը նախապատվություն է տալիս տղա երեխային:
Սակայն իրավիճակն ավելի է սրվում, երբ ընտանիքը որոշում է երկու երեխա ունենալ, իսկ առաջնեկը աղջիկ է լինում: Այս դեպքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվն աճում է:
Ինչո՞վ է պայմանավորված տղա երեխաների նախապատվությունը
«Չծնված աղջիկներ Հարավային Կովկասում» հետազոտությունը տալիս է այս հարցի պատասխանները.
- Տարեց ծնողների խնամք (ֆինանսական օգնություն, համակեցություն)
- Տղաները ամենօրյա խնդիրների ավելի արդյունավետ լուծումներ են գտնում, քան աղջիկները
- Աղջիկները հաճախ ընկալվում են որպես հոգսերի աղբյուր (դժվար է հետեւել նրանց կյանքին, մեծացնելն ավելի ծախսատար է, իսկ ապագան մտահոգիչ)
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ ամուսնանալուց հետո աղջիկն այլ ընտանիքի է պատկանում. «…քեզ ավելի լարված ես զգում քո դստեր տանը, միշտ վախենում ես, որ նրա ամուսինը քեզ կասի, որ չափից շատ ես ուտում»,- ասել է Ախուրյանում բնակվող մի տարեց կին:
Սակայն ընտանեկան գծի պահպանումը երբեմն նույնիսկ ավելի կարեւոր հանգամանք է համարվում, քան որդուց նյութական օգնությունը: Իրավիճակն այնքան ծայրահեղական է, որ միայն աղջիկ ունեցող ծնողները կարող է համայնքի կողմից պիտակավորվել որպես «անզավակ»:
Տղա երեխային նախապատվություն տալը մեծապես պայմանավորված է լինում ամուսնու ցանկությամբ, կանայք պարզապես հնազանդվում են: Որոշիչ կարող է լինել նաեւ սկեսրոջ կարծիքը, որն էլ պայմանավորված է շրջապատի կարծիքով՝ «իսկական տղամարդն է տղա ունենում»…
Ի՞նչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար
Հետազոտությունն անդրադարձ է անում խնդրի լուծման այն տարբերակներին, որոնք կիրառվել են Հնդկաստանում, Չինաստանում եւ Հարավային Կորեայում, որտեղ եւս առկա է սելեկտիվ աբորտների խնդիրը:
Նախածննդյան փուլում սեռի բացահայտման հնարավորությունն արգելելը չի կարող արդյունավետ լինել: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում եւս քննարկվում էր երեխայի սեռի բացահայտման արգելքը օրենքով կարգավորելու հարցը: Փորձագետները վստահ են, որ այս դեպքում ազդեցությունն աննշան է կլինի: Իսկ հղիության արհեստական ընդհատումները օրենքով արգելելը առավել անընդունելի է, քանի որ դա կարող է ստիպել կանանց դիմելու ոչ բժշկական եղանակով հղիության ընդհատումների, որը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:
Հնդկաստանում, օրինակ, աղջիկ երեխա ունենալու եւ մեծացնելու համար ֆինանսական աջակցություն են տրամադրում, սակայն այս եղանակը եւս նշանակալի արդյունք չի տվել:
Առավել նպատակահարմար է խնդրի հանրայնացումը՝ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ՝ մարդկանց ձգտումների եւ վարքագծի վրա ազդելու նպատակով:
Այնինչ, Հայաստանում մարդիկ թերահավատորեն են մոտենում սեռով պայմանավորված աբորտների եւ գենդերային անհավասարության կապին: Քչերն են մտահոգություն հնչեցնում սեռական անհամաչափության մասին, շատերը նույնիսկ դրական են վերաբերում այդ երեւույթին՝ տղամարդուն համարելով հողի եւ ընտանիքի պաշտպանը, հատկապես երբ բազմաթիվ չափահաս տղամարդիկ լքում են երկիրը:
Մեզանում հասարակությանն առավել մտահոգում է աբորտներն առհասարակ, քան երեխայի սեռի ընտրությունը ծնողների կողմից: Սակայն Համաշխարհային բանկի մասնագետները շեշտում են, որ անթույլատրելի է արգելել աբորտն օրենքով, ինչը եւս մեկ անգամ կսահմանափակի կանանց՝ մարդու իրավունքներն ու ազատությունները:
Փորձագետները խորհուրդ են տալիս Հայաստանին խթանել գենդերային հավասարությունը եւ բարձրացնել կանանց հնարավորությունները՝ ճնշումներին դիմակայելու գծով: Ինչպես նաեւ խթանել կանանց տնտեսական իրավունքները, գույքի եւ պետական կառույցների հասանելիությունը, պաշտպանությունը ամուսնալուծության կամ բռնության դեպքում ե վերարտադրողական կրթության ապահովումը բոլորի համար:
«Կանայք բռնության են ենթարկվում ամուսինների եւ սկեսուրների կողմից: Բռնության վերացման դեպքում սեռի ընտրությամբ պայմանավորված աբորտների թիվը կկրճատվեր»,- նշել է հետազոտությանը մասնակցած երեւանցի մի տղամարդ:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Դիտումների քանակը` 4945