«Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց
Իրականում «Սայտոտեկ» (Cytotec) դեղամիջոցը նախատեսված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար , սակայն կանայք այն հաճախ օգտագործում են հղիությունն ընդհատելու նպատակով։ Այդ դեղամիջոցը արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով:
Մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:
Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հաստատմամբ եղել են դեպքեր , երբ «Սայտոտեկ»-ի սխալ օգտագործման կամ չափը գերազանցելու հետևանքով կանայք հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում, ու չկա այդպիսի մի օր, որ այս կամ այն հիվանդանոցում այդ դեղամիջոցի հետ կապված բարդություններով դեպք չգրանցվի:
ՀՀ Առողջապաության նախարարության տվյալներով «Սայտոտեկ»-ի ներկրումն ու կիրառումը Հայաստանում աճել է ավելի քան 10 անգամ` մեկ տարվա կտրվածքով հասնելով 2500 տուփից 26.655 տուփի: Ու թեեւ պաշտոնական տվյալներով վերջին տարիներին հիվանդանոցներում կատարած աբորտների թիվը նվազում է, «Սայտոտեկի» վաճառքի ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ դա կատարվում է տնային աբորտների աճի հաշվին: :Աճում է նաեւ «Սայտոտեկի» կիրառումից տուժած կանանց թիվը՝ արնահոսություններ, բորբոքային պրոցեսներ, հետագա չբերություն: Խնդրի մասին առաջիններից մեկը ահազանդեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, որի աջակցությամբ կատարված հետազոտությունները բացահայտեցին , որ «Սայտոտեկը» Հայաստանում լայն տարածում ունի որպես տնային պայմաններում վիժում առաջացնելու միջոց՝ դրա հետ կապված բոլոր լուրջ հետեւանքներով:
Նշված համգամանքները հաշվի առնելով ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում ընդունեց՝ 2014 թվականի օգոստոսի 1-ից արգելել Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղամիջոցի վաճառքն առանց դեղատոմսի:
Դիտեք նաեւ CivilNet-ի ռեպորտաժը թեմայի առնչությամբ:
Կարդացեք մեր կայքում.
“Կանայք պետք է ավելի գրագետ մոտենան իրենց առողջությանը”
“Հայ կինը անբարյացակամ է իր առողջության նկատմամբ”…
Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում
Դիտումների քանակը` 11898