«Ոչինչ չի կարող խանգարել ինձ գնալ իմ տուն՝ Արցախ»․ Սարինե Հայրիյան
2019 թվականի նոյեմբերին արցախյան շուկա մուտք գործեց Sarin’s անունով նոր ապրանքանիշ։ Արցախյան բարբառն ու կոլորիտը ներկայացնող կտորե պայուսակները կարճ ժամանակում սիրված ու պահանջված դարձան նաև Արցախի սահմաններից դուրս՝ հասնելով մինչև Միացյալ Նահանգներ։
Sarin’s-ի հիմնադիր, արցախցի Սարինե Հայրիյանը WomenNet.am-ի հետ զրույցում պատմել է բիզնեսի հիմնման, զարգացման ու ապագայի պլանների, ինչպես նաև Սղնախում թողած մանկության, պատերազմից հետոյի նպատակների ու անանձնական երազանքի մասին։
Sarin’s․ կտորե պայուսակներ, որ «խոսում» են Արցախի բարբառով
Մասնագիտությամբ բանասեր եմ։ Զբաղվածությունս միշտ եղել է հումանիտար ոլորտում։ Երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող։ Երբևէ ֆինանսական ոլորտի հետ առնչություն չեմ ունեցել, բայց չէի ուզում միշտ լինել վարձու աշխատող։ Ուզում էի անկախ լինել, ունենալ եկամտի սեփական աղբյուր։ Sarin’s-ն իմ առաջին բիզնես փորձը եղավ։ 2019 թ․-ին, երբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարեց «Կին ձեռներեցներ» ծրագրի հերթական փուլի մեկնարկը, որոշեցի փորձել ուժերս՝ առանց հաղթելու ակնկալիքի։
Նպատակ ունեի կտորե պայուսակների միջոցով ճանաչելի դարձնել Արցախի բարբառը, Արցախի հանդեպ հետաքրքրություն առաջացնել ՀՀ սահմաններից դուրս։ Երկրորդ նպատակս կտորե պայուսակների միջոցով Արցախում էկոլոգիական մշակույթի ձևավորմանը նպաստելն էր։ Փոքր տարածք է, ինչ-որ չափով կտրված աշխարհի զարգացումներից, մարդիկ դժվար են հասկանում, թե պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելն ու դրանք դեն նետելը որքան վնաս է հասցնում բնությանը։ Երբ կտորե պայուսակով էի խանութ մտնում, գնումներ անում, շատերը զարմանում էին։ Մտածեցի՝ եթե պայուսակները խոսեն Արցախի բարբառով ու ներկայացնեն հարազատ պատկերներ, դա կնպաստի նրան, որ մարդիկ ձեռք բերեն ու սկսեն օգտագործել կտորե պայուսակներ։
Շուրջ 70 կանայք էին դիմել ծրագրին։ 15 հոգով անցանք հաջորդ՝ կրթական փուլ։ Հմուտ դասընթացավարներ եկան Արցախ ու չորս ամսում մեզ սովորեցին՝ ինչպես գրագետ բիզնես վարել։ Այդ ընթացքում գաղափարս բյուրեղացավ, դարձավ բիզնես պլան, որն էլ ներկայացրի ժյուրիին։ Զբաղեցրի երրորդ տեղն ու ստացա դրաշնորհ՝ 800.000 դրամ։ Գնեցի պլանշետ, որ նկարիչ քույրս կարողանա պայուսակների դիզայնն անել, մնացած գումարով էլ կտոր պատվիրեցի։
Երբ սկսեցի աշխատել դարձվածքների վրա, միջիս բանասերն արթնացավ։ Թեև մասնագիտությամբ աշխատելու առիթ չեմ ունեցել բայց բիզնեսում այն ինձ շատ է օգնում։ Բազմահատոր բարբառային բառարան կա, որից պարբերաբար օգտվում եմ, գտնում հետաքրքիր արտահայտություններ, դարձվածքներ, շատ բաներ էլ՝ բացահայտում։ Ամբողջն իմանալ չես կարող, բացի այդ՝ ժամանակի ընթացքում սկսում ես բարբառն ավելի քիչ գործածել, հատկապես քաղաքային միջավայրում։
«Պատերազմն ինձ բերեց Հայաստան»
Արցախցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին իմ կտորե պայուսակները։ Բարբառային արտահայտությունները, կոլորիտային պատկերները շատ սիրեցին։ Սկզբում պայուսակները բավականին լավ էին սպառվում, հիմա էլ կան պահանջված մոդելներ, բայց շուկան փոքր է, միայն Արցախում իրացնել չէինք կարող։
Ես չեկա Հայաստան։ Պատերազմն ինձ բերեց։ Հոկտեմբերի սկզբին աղջկաս տեղափոխեցի Երևան, ամուսինս չթողեց, որ հետ գնամ, ասաց՝ վտանգավոր է, միևնույն է՝ ոչնչով չես կարող օգնել, նստելու ես ապաստարանում։ Կցվեցի տարբեր կամավորական խմբերի։ Օգնում էինք՝ ինչով կարող էինք, հավաքագրում՝ ինչ կարող էինք, ուղարկում Արցախ։
Հոկտեմբերի վերջին որոշեցի թարմացնել պայուսակների ֆեյսբուքյան էջը։ Զգում էի, որ Արցախի թեման զգայուն է, ակտուալ, ինչն էլ որոշիչ գործոն եղավ։ Կարծես նոր փուլ սկսվեց, նույնիսկ կարող եմ ասել՝ մեկնարկը տրվեց։ Մարդիկ գնում էին պայուսակները ոչ միայն դրանք ունենալու, այլև այդ գումարով ինձ՝ որպես արցախցի աջակցելու համար։ Էջում բարեգործական ակցիա էլ արեցինք՝ պայուսակների վաճառքից ստացված գումարի 50 տոկոսն ուղղեցինք դիրքերի համար անհրաժեշտ իրերի գնմանը։
Որ գան ու տեսնեն այն, ինչ մնացել է մեր Արցախից
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վաճառքի ծավալներն ավելացան․մարդիկ ամանորյա նվերներ էին գնում։ Պայուսակներից բացի ունեինք նաև փոքրիկ պարկեր , որոնք լցրել էինք արցախյան չրերով, ընդեղենով ու թեյերով։
Հաճախորդներից մեկի միջոցով պայուսակները հասան նաև Միացյալ Նահանգներ։ Գնորդները մեծամասամբ հայեր էին, ինչը բնական է․թեման սպեցիֆիկ է, հուզում ու հետաքրքրում է մեզ։ Ի վերջո հենց Արցախի հետ կապվածությունն է դրդում մարդկանց գնել պայուսակները։
Առաքումից հետո հաճախորդները կիսվել էին իրենց տպավորություններով։ Բարբառն ու իլյուստրացիաները շատ էին հավանել։
Նրանց համար, ովքեր երբեք չեն եղել Արցախում, պայուսակը փոքրիկ նվեր է, նաև խթան, որ գան ու տեսնեն այն, ինչ մնացել է մեր Արցախից։
Ամենասիրված պայուսակը՝ «Կըռըզնոտ խասյաթդ կտրվե»
Մի պայուսակ ունենք խուճուճիկների մասին՝ «Կըռըզնոտ խասյաթդ կտրվե»։ Կռզնոտ խուճուճ է նշանակում, իսկ արտահայտությունը, որ բարդ, բծախնդիր բնավորություն ունես։ Այս պայուսակը շատ-շատ են սիրում, հատկապես՝ խուճուճ մազերով աղջիկները։ Մեր ամենասիրված մոդելն է։
Կինն ու բիզնեսը կամ հաղթահարելով վախերը
Ինը երեխա ենք՝ 6 աղջիկ, 3 տղա, ես մեծն եմ, ինձանից հետո երկու եղբայրներս են։ Մեր տարիքային տարբերությունը մեծ չէ, բայց ծնողներս երբեք չեն ասել՝ դու աղջիկ ես, քեզ սա չի կարելի, սրանով պետք է զբաղվես։ Հավասար վերաբերմունք է եղել։ Ազատ եմ մեծացել, ինքս եմ ընտրել՝ ուժերս որ ոլորտում եմ ուզում փորձել։
Երբ դու վարձու աշխատող ես, անում ես մի բան, դրա համար վճարվում, այլ բան է, երբ դա քո բիզնեսն է։ Այդ դեպքում և անում ես, և քեզ վճարում, ուստի պարտավոր ես այնպես աշխատել, որ կարողանաս քեզ լավ վարձատրել։
Երբևէ ֆինանսական ոլորտում չէի աշխատել, մտածում էի՝ ինչպես ներկայացնել ապրանքը շուկայում, ինչ գնով, ինչպես վաճառքի ուղիներ փնտրել և այլն։ Կարծում եմ՝ մտավախություններ ունեն բիզնես սկսող բոլոր մարդիկ։ Դրանք ինձ չեն խանգարել առաջ գնալ․ ՀԲԸՄ-ը մեր կողքին է եղել, աջակցել ամեն հարցում։
Բիզնեսի հիմնադրումից հետո պարբերաբար հաշվետվություններ ենք ներկայացնում վաճառքի ծավալների մասին։ Եթե վաճառքի ցուցանիշները լավ չեն, մասնագետները փորձում են հասկանալ՝ որն է խնդիրը, ինչով կարող են մեզ աջակցել։ Ուղղորդում են, կազմակերպում մարքեթինգի, հարկային գրագիտության և այլ դասընթացներ, ինչն իհարկե շատ է օգնում հաղթահարել վախերը։
Ծննդավայր Սղնախն ու հայրիկի նվիրած դաշնամուրը
Դուք ի՞նչ կթողնեիք Ձեր ծննդավայրում, այնտեղ, որտեղ ծնված, մեծացած լինեիք և ապրեիք ամենաքիչը 20 տարի։ Մեր տունը, մեր նկարազարդած պատերը, մեր բոլոր հիշողությունները․․․ մանկությունս եմ թողել այնտեղ, որ ինձ համար անչափ թանկ է, և այն ամենն, ինչ ժառանգել էինք մեր նախնիներից։ Ամոթի զգացում ունեմ հիմա, թե՝ ինչու՞ չկարողացանք պահել այն, ինչ մեզ փոխանցվել էր։
Սղնախում մեր պապական տունն էր, որի հիմքի վրա էլ հայրս մեր տունն էր կառուցել։ Երբ ուսանող դարձանք, հերթով տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Մայրիկիս համար դժվար էր անընդհատ գյուղից քաղաք գալը․երեխաների մի մասը դպրոցական էր, մյուս մասն՝ ուսանող։ Հորս աշխատանքն էլ Ստեփանակերտում էր, տուն էր գալիս շաբաթվա վերջին։ Այդպես 10 տարի առաջ ընտանիքով տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Սղնախի հետ կապը, սակայն, չկտրվեց։
Քույրս, ով Դիլիջանի միջազգային դպրոցն է ավարտել, ուզում է գինեգործ դառնալ։ Նպատակ ունեինք՝ խաղողի այգի հիմնել և Սղնախի մեր տունը հոսթել դարձնել․մեր գյուղի ամենասիրուն տունն էր՝ վարդագույն։ Հույս ունեմ՝ եթե ոչ ես, գոնե երեխաներս կամ թոռներս այդ գաղափարը կիրագործեն։ Հավատացած եմ՝ այսպես չի մնալու։
Առաջին պատերազմի տարիներին հորեղբայրս Քիրսի ջոկատի հրամանատարն էր։ Երբ ջոկատի տղաները 1-2 օրով գալիս էին հանգստանալու, նստում էին վառարանի կողքին, ու հայրս նրանց համար դաշնամուր էր նվագում։
Մենք միակ ընտանիքն էինք, ում տանը դաշնամուր կար։ Գյուղերում ընդունված չէ։ Հայրս լայն աշխարհայացք ունեցող մարդ է, Լենինգրադում է կրթություն ստացել, շատ է ճամփորդել։ Ուզում էր, որ մենք մեծ աշխարհից կտրված չմեծանանք։ Պատկերացրեք՝ 90-ականներին շաբաթը 3 անգամ ինձ մեքենայով տանում էր Ստեփանակերտ՝ դաշնամուրի, և այդպես 7 տարի։ Հատուկ ինձ համար էր գնել այդ դաշնամուրը։
Պատերազմից հետո եղբայրս փորփրում էր ադրբեջանցիների էջերը, մեր բնակավայրերից արված կադրեր գտնում, մի անգամ էլ Սղնախից մի տեսանյութ գտավ։ Մտել էին մեր տուն ու նվագում էին իմ դաշնամուրի վրա։
«Հասուն տարիքում գիտակցաբար ես սիրում այն, ինչ ունես»
Ու չես կարողանում թողնել։ Եթե պիտի գնանք ու մեր պոտենցիալը ներդնենք օտար երկրի զարգացման գործում, կարող ենք նույնն այստեղ անել։ Հազար անգամ ավելի դժվար է, բայց ավելի բավարարված ես քեզ զգում․ այստեղ դու արժեք ես, այնտեղ՝ շարքային մեկը։
«Ոչինչ չի կարող խանգարել ինձ գնալ իմ տուն՝ Արցախ»
Արցախն իմ տունն է, միշտ բաց սրտով ու մեծ ցանկությամբ եմ գնում այնտեղ։ 34 տարեկան եմ, ամբողջ կյանքս այնտեղ եմ ապրել։ Ինչպե՞ս կարող ես վախենալ գնալ քո տուն՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվել տանդ հետ։
Պարբերաբար լինում եմ Արցախում։ Վերջերս եմ վերադարձել։ Ամեն անգամ ճամփա ընկնելիս մտածում եմ՝ բախտի բան է՝ նորմալ տեղ կհասնե՞ս, թե՞ չէ։ Հույս դնել անցակետերի վրա, որոնք կիլոմետրերով հեռու են իրարից, իհարկե անլուրջ է։
Չեմ ժխտում, որ վախի մթնոլորտ կա Ստեփանակերտում։ Եթե առաջ ամենաանվտանգ տեղն էր, ու օրվա ցանկացած ժամի կարող էիր հանգիստ քայլել, երեխայիդ բաց թողնել խաղալու, հիմա խոսում եմ մարդկանց հետ, ասում են՝ երեխայի ձեռքից բռնած ենք տանում-բերում դպրոց ու մանկապարտեզ։
Այս ամենն ինձ չի խանգարում գնալ Արցախ։ Իմ տունն այնտեղ է, ծնողներս, եղբայրներս ու քույրերս այնտեղ են։ Ես ու քույրս ենք այստեղ․ Շուշիում էր ամուսնացած, կորցրել են ամեն ինչ։
«Պատերազմի դժոխային օրերին էլ, հետո էլ աշխատելով ենք փրկվել»
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հետաքրքրությունը մեծացավ պայուսակների հանդեպ, դրսից էլ պատվերներ կային։ Իհարկե դա ինձ մոտիվացնում էր, բայց քիչ չէին նաև դժվարությունները, օրինակ՝ նման հոգեվիճակում տոնավաճառների մասնակցելը։
ՀԲԸՄ-ը մոլերից մեկում մեզ համար տաղավար էր վարձակալել, պետք է ներկայացնեինք մեր աշխատանքները։ Աժիոտաժ էր՝ բարձր երաժշտություն, ինչ-որ խանութի բացում, տոնական տրամադրություն, բայց չէի կարողանում կտրվել իրականությունից։ Անընդհատ հեռախոսի մեջ էի, տեսանյութեր էի նայում՝ գերիների, զոհվածների ծնողների։
Պայթեցի, լաց եղա, թողեցի պայուսակները տաղավարում ու դուրս եկա։ Զանգեցի կազմակերպիչներին, ասացի՝ չեմ կարող մնալ, անհնար է տեսնել այդ երկու զուգահեռ իրականությունները․մեկում հողին են հանձնում իրենց 18 տարեկան տղաներին, իսկ մյուսում նույն ժողովրդի մեկ այլ հատված ինչ-որ տոնական պատրաստություն է տեսնում։ Գժվելու բան էր ինձ համար։ Երբեք չեմ մոռանա՝ ինչ դժոխային զգացումներ եմ ունեցել այդ օրը։
Շատ դժվար ընթացք էր, բայց եթե փակվեի տանը, որոշեի չմասնակցել, իմ վիճակն ավելի վատ կլիներ։ Էլի արցախցի աղջիկներ ունեինք խմբում, ովքեր այդ օրերին զբաղվում էին ինչ-որ բանով, բերում ու ներկայացնում։ Այդ ժամանակ էլ, պատերազմի դժոխային օրերին էլ աշխատելով ենք փրկվել։
«Անկախ ամեն ինչից՝ ծնվել ենք ապրելու և ստեղծելու համար»
Մտածող մարդու համար շատ դժվար է հաշվի նստել այն ամենի հետ, ինչ մեզ հետ տեղի ունեցավ։ Աշխատանքն է ինձ օգնում, որ մինչև վերջ չխրվեմ հետպատերազմական սթրեսի մեջ։ Իհարկե պահեր լինում են, բայց ամեն կերպ փորձում եմ ինձ դուրս հանել այդտեղից:
Անկախ ամեն ինչից՝ ծնվել ենք ապրելու և ստեղծելու համար։ Դժվար է միանգամից դուրս գալ սթրեսից, բայց չես էլ կարող ամբողջ կյանքդ ապրել դրա մեջ։ Պետք է ստեղծես, առաջ նայես, հակառակ դեպքում՝ կդադարես ապրել։
Մայրիկս արցախյան առաջին պատերազմի ընթացքում 3 երեխա է լույս աշխարհ բերել։ Երբ հետ եմ նայում, մտածում եմ՝ ինչպես է նման ռիսկի գնացել․ պատերազմն ընթացքի մեջ էր, ամուսինը՝ խրամատներում։ Երևի իմ մեջ էլ ուժեղ լինելը ծնված օրից կա։
Այս պարտությունը մեզ պետք է ստիպի մի քանի անգամ ավելի շատ աշխատել, մոտիվացիայի ավելի շատ աղբյուրներ գտնել ու ավելի շատ ստեղծել։ Պատերազմը միայն ռազմաճակատում չենք տանուլ տվել, այլ բոլոր ոլորտներում՝ կրթության, տնտեսության, գաղափարախոսության մեջ։ Պետք է միայն ու միայն աշխատել։ Ուրիշ ոչինչ։
«Միակ իսկական երազանքս խաղաղությունն է»
Չգիտեմ՝ պատերազմից հետո երազանքներ մնացել են, թե ոչ։ Երևի միակ իսկական երազանքը, որ կար ու մնացել է, այն է, որ ոչ միայն իմ, այլև աշխարհի բոլոր երեխաները խաղաղության մեջ ապրեն։
Երբ ընտանեկան ավանդույթի համաձայն շաբաթ-կիրակի մի սեղանի շուրջ էինք հավաքվում, հայրս միշտ առաջինը խաղաղության կենացն էր խմում։ Հիմա էլ է այդպես։ Ասում էր՝ խաղաղություն լինի, մնացածը կլինի։ Վիճում էի նրա հետ, ասում՝ խաղաղություն է, բայց կան տարատեսակ խնդիրներ։
Հիմա եմ հասկանում, որ խաղաղությունն իրոք բացարձակ արժեք է․միայն դա ունենալով կարող ես լիարժեք կյանք կառուցել։ Եթե այն չկա, ամեն բան անիմաստ է, ոչինչ չի ստացվի։ Ներսիդ խաղաղությունն էլ է կարևոր։ Հնարավոր է՝ կռիվ ունենաս ներսումդ, ներդաշնակ չլինես։
Ուրիշ երազանք չունեմ, մնացածը նպատակներ են՝ կայանալ որպես բիզնեսմեն, ճամփորդել, երեխայիս լավ կրթություն տալ, ապրել գիտակից հասարակության մեջ, որքան հնարավոր է՝ նպաստել դրա ստեղծմանը։
Հիմա արտերկրում պայուսակների իրացման ճանապարհներ եմ փնտրում։ Կան տարբեր առցանց հարթակներ, որոնց փորձում եմ ինտեգրվել։ Տեսնենք՝ ինչ կստացվի։
ՀԲԸՄ հետ աշխատում ենք նաև կորպորատիվ նվեր-տուփերի ստեղծման ուղղությամբ։ Առաջիկայում կունենանք Sarin’s-ի առաջին շապիկները։ Շուշիի ռեալական ուսումնարանի թեմատիկայով են լինելու։ Դիզայնը գրեթե պատրաստ է։
«Մի անանձնական երազանք էլ ունեմ»
Պայուսակների վրա որոշել եմ օգտագործել մշտական հեշթեգ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իմ ողջ գիտակցական կյանքում երբեք Արցախը Հայաստանից առանձին չեմ ընկալել։
Այն ցեցը, որ գցում են մեր մեջ, ու մենք խայծը կուլ ենք տալիս ․․․․ մի օր հասկանանք, որ մենք մեկ ենք, մի օրգանիզմի տարբեր մասեր ենք, և ունենանք մեր մեջ այդ միասնական հայրենիքի զգացողությունը։
Թող իմ անանձնական երազանքը լինի Արցախն իր ամբողջականությամբ՝ Հադրութով, Շուշիով, Դաշտային Ղարաբաղով։ Դադարել եմ հավատալ, որ մոտ ապագայում դա հնարավոր է, բայց կանեմ ամեն ինչ նպաստելու համար երազանքիս իրականացմանը։
Զրույցը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ Սարինե Հայրիյանի անձնական արխիվից
Դիտումների քանակը` 1350