Սարդարապատի հերոսամարտի մասնակից կանայք…
1918 թվականի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնցից կախված էր հայ ժողովրդի ճակատագիրը, տղամարդկանց կողքին կռվում էին տասնյակ կանայք: Այդ իրադարձություններից գրեթե մեկ դար անց նրանց մասին տեղեկությունները գրեթե չեն պահպանվել: Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ «Սարդարապատ» ժողովրդագրական պետական թանգարանը NEWS.am -ի փոխանցմամբ ներկայացնում է մայիսյան իրադարձություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած մի քանի հայ կանանց՝ մեզ հասած կենսագրությունները:
Նշխե Քամալյան
Ծնվել է Բաշ-Ապարանում: 1918թ. մայիսի 21-29-ը զինվորական հագուստ հագած, զենքը ձեռքին, իր համագյուղացի Գյարան Մովսիսյանի հետ, որպես աշխարհազորային, մարտնչել է Բաշ-Ապարանի ռազմաճակատում: 1932թ. մտել է կոլտնտեսություն,աշխատել է որպես կալվոր, պահակ` կոլտնտեսության վառելանյութի պահեստում` մինչև թոշակի անցնելը: Երբեք ամուսնացած չի եղել: Մահացել է 1970-ին:
Նուբար Գրիգորյան
Ծնվել էր 1883թ. Վանի Արճեշ քաղաքում։ Վանի կոտորածների ժամանակ նրա աչքի առաջ սպանել էին հորը եւ 4 եղբայրներին։ Պահպանվել է նրա առաջին ամուսնու ողբերգական ճակատագրի մասին պատմությունը: Զինված թուրքերը հայ տղամարդկանց հավաքում, լցնում են մարագն ու այրում: Նուբարը, երբ մութն ընկնում է, գնում եւ այրված դիակների տակից հանում է ամուսնուն: Հագցնում է կանացի շորեր եւ տանում տուն: Թուրքերը տեղեկանալով` գալիս տանից հանում են ամուսնուն ու շեմքի վրա գլուխը կտրում: Նուբարին հաջողվում է հորեղբոր փոքր տղային հետը վերցնելով` հասնել Ղարս: Ղարսում ամուսնանում է սոգյութլեցի Եկմալյան Շաբոյի հետ, որը Կարսում զինվորական ծառայության մեջ է լինում։ Նրանք գալիս են Սոգյութլու։ 1918թ. մայիսի 16-ին Սոգյութլու է մտնում Ալլա փաշայի գլխավորությամբ թուրքական ջոկատը։ Ըստ ականատեսների, Նուբարը տղամարդկանց հետ հավասար կռվում էր թուքերի դեմ: Կռվի ամենաթեժ տեղում նա, ճարպկորեն տեղից տեղ թռչելով, դիպուկ կրակով իրար հետեւից գետնին էր տապալում առաջ շարժվող թուրքերին: Սոգյութլուի հերոսական ինքնապաշտպանությանը մասնակցեցին նաեւ Ղուրշուդյան Ջեյրանը /Ջեյրոն/, Սարգսյան Թարգյուլին, Ենգոյի Վարսիկը, Հովեյի Նոյեմը, Մալխասի Շուշիկը, Խերքոն., Զառոն, Թառոն, Մուրադի Նոյեմը, Կտեյ Մարոն։
Էլլեն Բյուզանդ
Ծնվել է Գյումրիում, ապրել Կարսում: Սովորել է Թիֆլիսի նշանավոր հովնանյան օրիորդաց վարժարանում: 1916թ. ընդունվելէ Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է ՀՅԴ կուսակցության անդամ: 1918թ. գալիս է Հայաստան և մասնակցում Սարդարապատի ճակատամարտին: Աշխատել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի գրասենյակում` որպես գործավար: Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել է: Փետրվարյան հեղափոխությունից հետո նրան ազատում են եւ ուղարկում Կամարլինի ճակատ, որտեղ նա մնում է մինչեւ 1921-ի ապրիլը: Ամուսնանում է ապագա բժիշկ, ուսանող-կամավոր Հովհաննես Քյութքյանի հ ետ: 1921-ին Էլլենն ամուսնու հետ Հայաստանից մեկնում է Իրան: Նրանք 2 որդի են ունենում: 1929-ին ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա եւ 30 տարի ապրում Ալֆորվիլ քաղաքում: Զբաղվել է հասարակական-կուսակցական և գրական գործունեությամբ: Եղել է Ֆրանսիայի Հայ օգնության միության ղեկավար: Կյանքի վերջին տարիները շատ ծանր էին. կորցրել է ամուսնուն և 2 տղաներին: Հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես` քրոջ և փեսայի մոտ, և ապրել նրանց հետ մինչև կյանքի վերջը (1970 թ.): Նա այն հայ կին գրողն էր, որը գրականության մեջ հայ կնոջը դարձրեց գլխավոր հերոս: Նրա գործերից են «Նոր կին» վեպը, «Կարսը և ախպեր Արշոն» վեպը, «Ուխտագնացություն դեպի Վենետիկ», «Վահագնի» վեպերը, «Պահակ» մանկական պատմվածքները: 1981թ. Լոս Անջելեսում հրատարակվել է «Զրույց Կարսի մասին» պոեմը, իսկ «Սարի բոբչե» պոեմն ուղղված էր հայ ժողովրդի հերոս որդիներին` ֆիդայիներին և գյուղացիներին:
Թամարա Բեհբութովա
Ծնվել է Թիֆլիսում: Ապրել է Մոսկվայի Պլյուշչիխա փողոցի հսկայական տան առաջին հարկում` զբաղեցնելով մի ընդարձակ բնակարան` ձեռագրերի, գրքերի, ամսագրերի, թերթերի կապուկների մի ամբողջ թանգարան: 1912թ. Թամարան ծնողների հետ մեկնում է Ֆրանսիա` Փարիզում բժշկություն սովորելու: Պատերազմը սկսվելուց հետո նրա հայրը՝ գնդապետ Օսիպ Բեհբութովը, մեկնում է ճակատ: Նրան է հետեւում նաեւ կինը: Մի օր էլ տուն է գալիս գթության քրոջ համազգեստ հագած Թամարան` զարմացնելով իր Մարիա տատին: Երիտասարդ Բեհբութովան ծեր իշխանուհուն ասում է. «Եթե իմ նախապապը` Բաշ-Կադիկլարի, Քյուռուկ-Դարայի, Ախալցխայի հերոսը, օսմանների սարսափը` հետևակի գեներալ Վասիլի Օսիպովիչ Բեհբութովը, կենդանի լիներ կօրհներ իմ վճիռը…Դեռ չի եղել մի արդարացի պատերազմ, որին Բեհբութովների կանայք և տղամարդիկ մասնակցած չլինեն»: Կովկաս թերթի էջերում տպագրվում է երիտասարդ իշխանուհու լուսանկարը. «Հին փառքը նորին է սիրում… իշխանուհի Թամարա Օսիպովնա Բեհբութովան գնում է թուրքերի դեմ պատերազմ, ուր արդեն կռվում են նրա հայրը, մայրը և հորեղբոր 4 տղաները… Բարի՛ ճանապարհ, իշխանուհի՛»: Ամբողջ պատերազմի ընթացքում նա 3 անգամ եղավ տանը, և նրա կրծքին փայլում էին հերթական պարգևները: Նա Գեորգիևյան 3 մեդալ վաստակեց, որոնք շնորհվում էին մարտերում անմիջական մասնակցության համար: 1917թ. սկզբին Բաղեշ և Վան քաղաքների միջև՝ նահանջող ռուսական բանակի թիկունքում, քուրդ ավազակները հարձակվեցին Բեհբութով ամուսինների կառքի վրա, և Թամարան որբացավ: Հենց այս օրերին Թամարան հիվանդացավ բծավոր տիֆով: Պողոս Բեկ-Փիրումյանը Թամարայի հոր մոտիկ ծանոթն էր, որի հետևակային գնդում ծառայում էր Թամարան: Վերջինիս գնդապետն ուղարկում է Երևան բուժվելու:
1918թ.Թամարա Բեհբութովան մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին` գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետևակային գնդի կազմում: 5-րդ հայկական հրաձգային գունդն ուրախությամբ ընդունեց իր գթության քրոջը: 5 օր ու գիշեր Թամարան իր ներկայությամբ ոգեշնչում էր մարտիկներին: Սարդարապատի հերոսամարտի 6-րդ օրը, երբ թուրքերն ամբողջ ճակատով նահանջում էին, պատահական գնդակը վիրավորում է Թամարային: Հունիսի կեսերին Բեհբութովային տեղափոխում են Թիֆլիս: Վերքը վտանգավոր չէր, և նա ապաքինվում է: 1918թ. հոկտեմբերից Բեհբութովան ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը: Դեկտեմբերի 2-ին նրան կալանավորում են և գցում Մետեխի բանտ:
1919թ. փետրվարին Վրաստանի մենշևիկները նրան բաց են թողնում բերդից «անկախ վրացական պետության» սահմանը թողնելու պայմանով: Նրան աքսորում են Բաքու: Այստեղ էլ մուսաֆաթականները կալանավորում են նրան, նստեցնում շոգենավ, իսկ նրան ուղեկցող ժանդարմը ծաղրանքով խորհուրդ է տալիս. «Խանու՛մ, կմեկնես Ռուսաստան և հեղափոխություն կանես»: Աստրախանի նավահանգստում նրան կրկին ձերբակալում են, այս անգամ՝ բոլշևիկները: Նրան փրկում է մանկության ընկեր Արտավազդ Կարաօգանովը, որի հայրը Կարսի հրետանու հրամանատարն էր եղել: 1919թ. մարտի 12-ից Օսիպովնան դառնում է 11-րդ բանակի հատուկ բաժնի աշխատակից: Նրան տալիս են համազգեստ և ատրճանակ: Նա հրաժարվում է այդ համազգեստից և ծառայում քաղաքացիական շրջազգեստով: Աստրախանում նա շատ բարեկամներ է ձեռք բերում:
Մեկ տարի անց 11-րդ բանակը պատրաստվում էր հարավ արշավել: Նա համաձայնեց մասնակցել արշավին, ուրախացավ, որ շուտով կվերադառնա տուն` Թիֆլիս, Երևան, Կարս: Նա դեռ չէր որոշել, թե Անդրկովկասում որտեղ կապրի սովետական կարգերի հաստատումից հետո: 1920թ. 11-րդ բանակը մոտենում է Բաքվին, ապրիլի 28-ին` մտնում քաղաք: Այստեղ էլ նա հանդիպում է այն ժանդարմական սպային (կարմիր հրամանատարի նոր համազգեստով, հրամանատարական կրծքագոտիներով), որը նրան խորհուրդ էր տվել, թե խանո՛ւմ, կգնաս Ռուսաստան և հեղափոխություն կանես»… Նույն թվի աշնանը Թամարան առաջադրանք ստացավ անլեգալ անցնել Թիֆլիս: 1921թ. մարտին նա արդեն Թիֆլիսում էր և ծառայում էր բանակի հատուկ բաժնում: 1922թ. օգոստոսին նրան ուղարկում են Երևան:
Հատկապես նրան զայրացնում է տեղական կառավարության վերաբերմունքը Սարդարապատի երեկվա հերոսների նկատմամբ, որոնց հալածում էին ինչպես հանցագործների, բռնում և բանտ էին նստեցնում, աքսորում հյուսիս: Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է լինում օրը ցերեկով: Հանդիպելով Գևորգ Աթարբեկյանին` նա շպրտում է իր չեկիստի վկայականը և դուրս վազում: Հետո նա ընդունվում է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտ, ավարտելուց հետո` մնում ասպիրանտուրայում: Ստեփան Շահումյանի անվան կուլտուրայի տանը նրան մոտենում է իրենց ընտանիքի հին բարեկամներից մեկի որդին` Հարզաս Արեշյանը, որն ավարտել էր զինվորական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը: Վերջինս խնդրում է նրան ֆրանսերենից թարգմանել մի փոքրիկ գրքույկ: Ահա այսպես է Թամարան ծանոթանում իր ապագա ամուսնու հետ: Նրանք ամուսնանում են Թիֆլիսում:
Թամարայի ամուսնուն աշխատանքի են նշանակում Թեհրանում` որպես ռազմական կցորդի օգնական: Թամարա Օսիպովնան դեսպանությունում բժշկուհի էր: Շուտով Թամարան որդի է ունենում, որին կոչում են պապի անունով` Վասիլի: 1931թ. ամուսինը վերադառնում է Թեհրանից և նոր աշխատանքի է անցնում Պաշտպանության ժողկոմում: Այդ ժամանակ կուսակցության մեջ սկսվում է հերթական զտումը: Թամարային առաջարկում են կենսագրության մեջ շտկել 2 կարևոր պահ. «Չի սազում, իբր թե, կուսակցության անդամին հպարտանալ Սարդարապատի ճակատամարտում մասնակցություն ունենալով, ճակատամարտ, որը ամրապնդել է դաշնակների իշխանությունը, չի սազում իբր թե, պարծենալ իր իշխանական ծագմամբ, սրան տեսեք «կապույտ արյու՜ն է»…
Թամարա Օսիպովնան զայրալի նամակով դիմեց կուսակցության Կենտկոմին: Մի՞թե Սարդարապատի պատերի տակ կռվելով թուրք մարդասպանների, բռնացողների դեմ նա ամրապնդել է դաշնակների իշխանությունը, մի՞թե նա ժողովրդի համար չի կռվել: Կուսակցության զտումը նա անցավ: Ամուսնուն նորից ուղարկում են արտասահման: Եվ նա գնում է մենակ: Նրան այլևս վիճակված չէր վերադառնալ: Այս ժամանակահատվածում ծնվում է նրանց աղջիկը, որին հայրն այդպես էլ չտեսավ: Ըստ լուրերի, Հարզաս Արեշևին ետ էին կանչել Մոսկվա, ձերբակալել էին հենց կայարանում: Միայն ամիսներ հետո հայտնի դարձավ, որ գնդակահարել էին որպես «սովետական իշխանությունը տապալելու նպատակով ստեղծված պրոֆաշիստական խմբի մասնակից»: Միաժամանակ անհետանում է նաև հին չեկիստ Արտավազդ Կարաօգանովը, որի հետ Թամարա Օսիպովնան շարունակում էր իր բարեկամությունը:
1937թ. մայիսյան մի գիշեր Թամարային ձերբակալում են` խաբեությամբ տնից հանելով: «Տականքնե՛ր, թու՛յլ տվեք երեխաներին հրաժեշտ տամ» ,-ասում է Թամարան: Սակայն նրան պատասխանում են. «Քո վիժվածքների հետ ոչինչ էլ չի լինի… Ձեզ բոլորիդ էլ սպասում է Վալենտինա Միխայլովնան…»: Թամարան ցնցվեց. «Վալենտինա Միխայլովնան» նրանց լեզվով նշանակում էր բարձրագույն պատժաչափ: Նրան փակում են ՆԺԳԿ-ի ներքին բանտում` Լուբլյանկայում: Հետո նրան տեղափոխում են Բուտիրյան բանտի 6-րդ խուցը: Խցում նա հիշում է քննիչ լեյտենանտ Շիրինկինի խոսքերը. «Ստորագրի՛ր, գարշելի՛ էակ, կստիպեմ, կփտեցնեմ… երեխաներիդ էլ»… Քննիչը նրան տեղափոխում է նույն բանտի Պուգաչևյան աշտարակի մենախուցը: 312 օր ու գիշեր նա անցկացնում է մենության մեջ հաշվելով օրերը, որից հետո կորցնում է օրերի հաշիվը:
Թամարա Բեհբութովան իր կյանքի 10 տարիներն անցկացնում է Կարագանդայի բանտում` կանանց ճամբարում:
Միայն 1947թ. նրան հանկարծ ազատ են արձակում: Հետագայում նա տեղեկանում է, որ իրեն ազատողը եղել էր անվնաս մնացած փոքրաթիվ չեկիստներից մեկը: Ազատության մեջ Թամարան ստացավ երկու հարված միանգամից. որդին դեռ 1937թ. «հրաժարվել էր ժողովրդի թշնամի ծնողներից»` վերցնելով Նեիզվեստնի ազգանունը: Նա ընդունվել էր Բաումանյան բարձրագույն ուսումնարանը: Երբ սկսվել էր պատերազմը, կամավոր մեկնել էր, դարձել ավագ լեյտենանտ և հերոսի մահով զոհվել Կարպատներում: Թամարան աղջկան այդպես էլ չի գտնում: Ասում էին, թե նրան տեսել են Աստրախանի հատուկ մանկական ճամբարում: Թամարան մնաց Մոսկվայում: Նրան մասնագիտությամբ աշխատանքի չէին վերցնում: Նրան օգնում են հին ծանոթները, տեղավորում են բակապան աշխատելու:
Թամարան փորձում է վերականգնվել կուսակցության շարքերում: Գրում է կուսակցության Կենտկոմ: Լռություն: Գրում է մարշալ Վորոշիլովին, որին գիտեր անձամբ: Որպես պատասխան՝ նրան են այցելում երկու զինված չեկիստների: Ինչպես առաջին անգամ, այս անգամ ևս նրան չեն դատում, բայց տալիս են ևս 10 տարի պատժաժամկետ` աքսորելով Վորկուտա: Այստեղ էլ նրա ուղեկիցը դառնում է քաղաքացիական պատերազմի լեգենդար հերոս Գրիգոր Խախանյանի այրին` Էմմա Պարունակյանը: 1954թ. հոկտեմբերի 4-ին Թամարա Օսիպովնան ազատվում է և վերադառնում Մոսկվա: Կես տարի անց նրան արժանացնում են անհատական թոշակի և կարմիր կազմով տոմսի՝ նրա ամբողջ կյանքի գնահատականը: 1978թ. աշնանը Թամարա Օսիպովնան այցելում է Սարդարապատի հուշահամալիր: Երբ նրան խնդրել են պատմել Սարդարապատի մարտերի մասին, նա ասել է. «Բայց այ թե ինչն է ավելի ծանր. ախր այն ամենը ինչի մասին պետք է ասեմ ես նորից պետք է ապրեմ, և դրանից սիրտս նորից ցավում է»…
Աղբյուրը՝ News.am
Դիտումների քանակը` 5130