«Շենացնել երկիրը գյուղի կանանց ստեղծարար ձեռքերով»/ տեսանյութ
Կայացավ «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությունը
Այս տարի Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած գյուղատնտես կանայք նշեցին Մարտի 8-ը ավանդական դարձած «Գյուղմթերքի կին-հերոս-2015» ազգային մրցանակաբաշխության շրջանակներում:
Կանանց միջազգային օրվա նախօրեին կայացած միջոցառման հիմնական թեման էր՝ պարենային անվտանգությանը: Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի անվտանգությունն ու մատչելիությունը: ՄԱԿ-ի վերջին հետազատությունների համաձայն մինչև 2030 թվականը պարենամթերքի արտադրությունը պետք է աճի 50 տոկոսով, որպեսզի բավարարի սննդամթերքի աճող պահանջարկը, ուստի հարկավոր է նվազագույնի հասցնել արտահանման սահմանափակումները, որպեսզի առավելագույնս նվազեցվի պարենամթերքի գների աճի բացասական էֆեկտը, ինչն իր հերթին կմեղմի աղքատության աճի տեմպերը: Այս իրավիճակը չի շրջանցի նաև Հայաստանը, ուստի միայն գյուղոլորտի ռեսուրսների համախմբման, գյուղմթերքի արտադրության խթանման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անցանկալի երևույթներից:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն այս տարի իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ:
– Մենք կարևորում ենք պարենային արտադրության մեջ կանանց ներգրավվածությունը, ուստի նրանց աջակցելու և շահագրգռելու համար կազմակերպում ենք նմանատիպ ցուցադրություններ և մրցույթներ: Այս միջոցառմանը մասնակցող կանայք ոչ միայն արտադրողներ են, նրանք իրենց աշխատանքով նպաստում են իրենց իսկ համայնքների բարօրությանը, ավելին՝ նրանցից շատերը նաեւ ընդգրկված են համայնքային կառավարմանը: Համոզված ենք, որ գյուղի կանանց ներուժի շնորհիվ հանրապետության բնակչությանը հնարավոր է ապահովել էկոլոգիապես առողջ և անվտանգ սննդամթերքով», – ասաց Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Միջոցառման ընթացքում կանանց դերը գյուղոլորտում գնահատեցին և կարևորեցին նաև ՀՀ գուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարկերը:
Մարտի 8-ի առթիվ լավագույն մաղթանքներով շնորհավորելով կանանց, նրանք հույս հայտնեցին, որ երկիրը հիրավի կարող է շենանալ ստեղծարար կնոջ ձեռքերի շնորհիվ, քանզի ցանկացած արտադրության արդյունավետությունն ապահովված է նաև կանանց շնորհիվ: «Գյուղմթերք արտադրող կանանց հարկավոր է մշտապես խրախուսել»,- ասաց Ռ.Մակարյանը:
«Գյուղմթերքի կին հերոս-2015»-ի մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես վաճառք, որտեղ կանայք ներկայացրել էին իրենց ձեռքով պատրաստած ալանին, փախլավան, հալվան, տապակած ավելուկն ու անմահական չրեղենը: Ի դեպ, առաջին անգամ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել նաև սիրիահայ կանայք: Մրցույթի ամփոփոխման արդյունքում մրցանակների և պատվոգրերի արժանացան մարզերի և համայնքների թվով 12 կին արտադրողներ, ում իրենց գեղեցիկ պարով շնորհավորեցին «Երիտասարդություն և ստեղծագործություն» պարային համույթի աղջիկները:
«Գյուղմթերքի կին-հերոս» ազգային մրցանակաբաշխությունը հերթական անգամ հնարավորություն տվեց մասսայականացնել գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտում գործունեություն ծավալած և դժվարություններ հաղթահարած կանանց հաջողության օրինակները, խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել և կատարում են իրենց ընտանիքների եւ համայնքների զարգացման ուղղությամբ:
Մրցանակաբաշխության ընթացքում լավագույն գյուղմթերքներ արտադրող 11 կին հերոսները արժանացան մրցանակների և պատվոգրերի.
– Գայանե Ղազարյան, Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք
– Ռիմա Հովագիմյան, Արմավիրի մարզ, Արագած համայնք
– Անիկ Խաչատրյան, Արարատի մարզ, Բարձրաշեն համայք
– Աղավնիկ Դանիելյան, Գեղարքունիքի մարզ, Գետիկ համայնք
– Ռոզաննա Թոթոլյան, Լոռի մարզ, Վանաձոր քաղաք
– Ժանետա Ներսեսյան, Վայոց Ձորի մարզ, Ազատեկ համայնք
– Քրիստինե Սաֆարյան, Տավուշի մարզ, Հովք համայնք
– Սիլվարդ Չոբանյան, Տավուշի մարզ, Արծվաբերդ համայնք
– Վարոժիկ Թումանյան, Սյունիքի մարզ, Ճակատեն համայնք
– Աննա Դավթյան,Սյունիքի մարզ, Անգեղակոթ համայնք
– Նարինե Փալանդուզյան, Տավուշի մարզ, Նավուր համայնք:
Անուշ Ներսիսյան
Տեսանյութը՝ Արմինե Գեւորգյանի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք եւ պարենային անվտանգությունը
Դիտումների քանակը` 4425